
Համաներումը որքանո՞վ կմեղմի անհանդուրժողականության մթնոլորտը հասարակության մեջ, եթե արամատականները հայտարարում են, թե մեկ է` սրանց, այսինքն` իշխանություններին, «համաներումն էլ չի փրկի»:
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կարծիքով. «Մեր հասարակությունը նրանով է հետաքրքիր, որ ամենատարբեր մոտեցումներ ունի ցանկացած հարցի վերաբերյալ: Այն, որ մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց տեսակետները, ցույց է տալիս, որ, այո, ժողովրդավարությունը Հայաստանում հաստատակամ քայլերով առաջ է ընթանում: Այնքան հաստատակամ, որ անգամ իսկ հանդուրժվում են նման անհեթեթ պնդումներ, որոնք, վերջին հաշվով, իրենց մեջ որոշակի փիլիսոփայություն են պարունակում` մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ: Հետաքրքիր է` ո՞ւմ անունից են հանդես գալիս այդ մարդիկ, արդյոք հարցրե՞լ են կալանավայրերում հայտնված անձանց, նրանց հարազատների, ընկերների, բարեկամների կարծիքը, թե՞ փորձում են սեփական քաղաքական խնդիրները լուծել ուրիշին կրակը գցելու հաշվին, ուրիշին ներքաշելով նեղ, ճղճիմ նկրտումների իրականացման հորձանուտ»:
Համաներումը պետք է լայն իմաստով ընկալել
Ոմանք այս համաներումը պայմանավորում են բացառապես «Մարտի 1-ի» գործով դատապարտված ու քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց ազատ արձակելու պարտադրանքով: Արդյոք այդպե՞ս է: Պատասխանելով «Հայոց աշխարհի» այս հարցին` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը երեկ նշել է. «Այդ տարրն էլ կա, բայց դա չէ կարևորը: Համաներումը, կարծում եմ` ուղղված չէ միայն «Մարտի 1-ի» գործով կալանավայրերում գտնվող մարդկանց ազատ արձակմանը: Համաներումը ես շատ ավելի լայն իմաստով եմ հասկանում: Իհարկե, համաներումը կարող է տարածվել նաև «Մարտի մեկի» գործի վրա. ինչ չափով և ինչ շրջանակներում` այս հարցերին իրավական լուծումներ տալու համար կան համապատասխան մարմիններ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել