HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ցվետանա Պասկալևա. Կարելի է հասկանալ, թե ինչու ադրբեջանցի զինվորները մոտիվացիա չունեն

paskaleva_300509Հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իշխանությունները Արցախի հարցում իրեն ի վնաս որևէ բան անեն, իշխանություններն իրենք էլ այդ հարցում չեն համարձակվի հայ ժողովրդին վնասող քայլերի գնալ. դա կլինի վտարում սեփական ժողովրդի կողմից: Այսպիսի կարծիք հայտնեց բուլղարացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ Ցվետանա Պասկալևան: Մայիսի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ռեժիսորի հետ կայացած հանդիպման ժամանակ ցուցադրվեց նրա նկարահանած, Արցախյան պատերազմի մասին պատմող 7 վավերագրական ֆիլմից 2-ը: «Թանկագին իմ ողջեր և մեռածներ» ֆիլմն անդրադառնում է ադրբեջանական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության տեղահանմանը և բնաջնջմանը: ««Ղարաբաղյան վերքեր» ֆիլմում ես բոլորին բացատրում եմ, թե ինչու և ինչ գնով ղարաբաղյան բանակը ստիպված էր առաջ գնալ և վերցնել այն շրջանները, որոնց մասին մենք այսօր խոսում ենք որպես հաղթանակի»,- ասաց ռեժիսորը: Պատերազմը սկսվելու ժամանակ Ցվետանա Պասկալևան թողել է Մոսկվայում իր ասպիրանտական թեզը և եկել Արցախ: 1995թ.-ի մայիսի 9-ին` Արցախում առաջին մեծ շքերթի ժամանակ, նրան շնորհվել է գնդապետի աստիճան: Արդեն 18 տարի ռեժիսորն ապրում է Հայաստանում: from-filmՖիլմերի ավարտից հետո Ցվետանա Պասկալևան ասաց, որ Արցախյան հարցի լուծում ինքը համարում է Արցախի անկախությունը: Պատասխանելով ներկաների հարցերին` նա ընդգծեց այն հսկայական ռազմավարական նշանակությունը, որը հայ ժողովրդի համար ունեն Լաչինի միջանցը և Քարվաճառը: «Չեմ կարծում, որ առանց Քարվաճառի` Ղարաբաղը ռեալ գոյություն կունենա»,- ասաց Ցվետանա Պասկալևան: Ըստ նրա` հիմա իրավիճակն ավելի լավ է, քան 1991 թ.-ին: «Հիմա կա այն, ինչը պետք է պահել: Իսկ այն ժամանակ մենք փախչում էինք, մենք տալիս էինք: Պետք է պահել: Պահեք այս բոլոր հողերը»,- դիմելով ներկա ուսանողներին` ասաց ռեժիսորը: «Ավելի քան համոզված եմ, որ ադրբեջանցիներն առաջ չեն շարժվի, որովհետև, ինչքան էլ ժամանակ անցնի, նրանք երբեք չեն սովորի կռվել, և չեն կարող կռվել: Ես հանդիպել և խոսել եմ նրանց գերի ընկած զինվորների հետ: Նրանց կարելի է հասկանալ. նրանք չեն զգում, թե ինչի համար են կռվում: Չէ՞ որ դա նրանց հողը չէ: Նրանց պարզապես ճակատ են ուղարկել: Նրանք մոտիվացիա չունեն»,- ասաց Ցվետանա Պասկալևան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter