Համատեղ հայտարարություն փաստահավաք խմբի գործունեության փաստացի կասեցման մասին
Մարտի 1-ի իրադարծությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության նպատակով 2008 թ. նոյեմբերին ձեւավորվեց Փաստահավաք խումբ: Չնայած իշխանության մարմինների հարուցած բազմաթիվ խոչնդոտների, Փաստահավաք խումբը շուրջ 6 ամիս արդյունավետ աշխատեց եւ 2009 թ. ապրիլին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրեց իր աշխատանքի առաջին ամփոփ արդյունքներից մեկը՝ ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը: Զեկույցից ակնհայտ է, որ սպան զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչով մերժվեց այն վարկածը, որ ի սկզբանե պնդում էին իշխանությունները: Եզրափակման փուլում են գտնվում մյուս սպանությունների հանգամանքների մասին զեկույցները:
Դրանից անմիջապես հետո՝ մայիսի 4-ից անակնկալ արձակուրդ գնաց /ինչը նախատեսված չէ կարգադրությամբ/ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ավելին՝ նրա եւ Փաստահավաք խմբում կոլաիցիայի երկու ներկայացուցիչների կողմից որոշում ընդունվեց խմբի աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, ինչը նույնպես նախատեսված չէ կարգադրությամբ: Դրանից հետո ընդդիմության երկու ներկայացուցիչներին պարզապես թույլ չտրվեց մտնել Փաստահավաք խմբին տրամադրված աշխատավայրը: Այդ օրվանից սկսած մինչեւ հիմա Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը վերականգնված չէ: Թեեւ ընդդիմության ներկայացուցիչները ամեն օր պարտաճանաչորեն ներկայանում են աշխատանքի, խմբի մյուս անդամների ոչնչով չհիմնավորված բացակայությունների, ինչպես նաեւ՝ Վահե Ստեփանյանի եւ Ռոբերտ Ավագյանի՝ կարգադրությամբ չնախատեսված ինքնահրաժարականների պատճառով խումբը չի կարողանում վեսկսել իր աշխատանքը:
Այսպիսով արձանագրում ենք, որ.
1. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից կազմալուծվել է Փաստահավաք խմբի գործունեությունը,
2. Փաստահավաք խմբի աշխատանքների միտումնավոր կազմալուծման պատճառը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների եւ սպանությունների հանգամանքերի իրական պատկերի բացահայտումն է, քանի որ հրապարակված առաջին արդյունքները արմատապես հակասում են իշխանության՝ ի սկզբանե տարածած վարկածներին:
3. Մարտի 1-ի իրադարձությունների եւ այդ օրը զոհված քաղաքացիների մահվան հանգամանքները պարզելուն ուղղված Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման ողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանական կոալիցիայի վրա:
4. Մարտի 1-ին զոհված քաղաքացիների մահվան հանգամանքների փաստերի ամբողջական բացահայտման նախաշեմին Փաստահավաք խմբի աշխատանքների նմանօրինակ կոպիտ կասեցումը ցույց է տալիս, որ իշխանությունները շահագրգռված չեն ճշմարտության բացահայտման մեջ եւ դիմում են ամեն միջոցի իրականությունը պարտակելու համար:
Պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքները անհապաղ վերականգնելու ուղղությամբ: Այլապես ըննդդիմությունը ստիպված է լինելու փնտրել մարտի 1-ի իրադարձությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման եւ հրապարակայնացման այլ ուղիներ:
Հայ Ազգային Կոնգրես «Ժառանգություն» կուսակցություն
30 մայիսի 2009թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել