HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Ռաֆայելյան. «Երբ ձեռքս եմ առնում վրձինը կամ մատիտը, հոգիս անցնում է կտավին»

Վանաձորցի նկարիչ-խեցեգործ Արսեն Ռաֆայելյանի գործերով համաքաղաքացիները հնարավորություն ունեն հիանալու ոչ միայն նրա արվեստանոցում, այլեւ քաղաքում տպագրվող ու տարածվող գրպանի օրացույցների միջոցով: Վանաձորի «ՍԻՄ» տպագրատունն արդեն երրորդ տարին է` սեփական նախաձեռնությամբ համաքաղաքացիներին է ներկայացնում հայտնի մարդկանց աշխատանքները: «Այս տարի էլ որոշեցինք տպագրել Ռաֆայելյանի գործերը»,- ասում է նախաձեռնության հեղինակ, «ՍԻՄ» տպագրատան տնօրեն Հայկազ Սիմիկյանը: Նախաձեռնության նպատակը, մի կողմից, հանրությանը տաղանդավոր վանաձորցիներին ներկայացնելն է, մյուս կողմից` սեփական լրատվամիջոցը գովազդելը: Նկարիչ-քանդակագործ Ռաֆայելյանի գործերի օրացուցային տարբերակի վրա մակագրված է Սիմիկյանի թերթի անունը՝ «Վանաձորյան խճանկար»: Օրացույցներն անվճար տարածվում են ինչպես «Վանաձորյան խճանկարի» ընթերցողների, այնպես էլ թերթի խմբագրության այցելուների շրջանում: «Այս տարի ընտրեցինք Ռաֆայելյանին, որովհետեւ ինձ դուր են գալիս նրա գործերը»,- Ռաֆայելյանի աշխատանքների յուրատեսակ ցուցադրության պատճառն է մատնանշում «ՍԻՄ» տպագրատան տնօրենը: Սիմիկյանի նախաձեռնությունը նկարչին հաճելիորեն զարմացրել է: «Չգիտեի: Հետո իմացա, որ բարեկամներիցս մեկն է նկարներիս էլեկտրոնային տարբերակները նրանց տվել՝ ինձ այդ կերպ անակնկալ մատուցելով»,-ասում է նկարիչ-քանդակագործը: 49-ամյա նկարիչը նույնպես անակնկալ է նախապատրաստում իր արվեստասերների համար: Հաջորդ տարի նա պատրաստվում է անհատական ցուցահանդեսի. իր ծննդյան 50-ամյակի առիթով կներկայանա նոր գործերով: Ցուցահանդեսի մոտ 100 ուրվագծերն արդեն արված են, որոնցից կծնվեն  մարդու եւ բնության փոխհարաբերությունների մասին պատմող ստեղծագործություններ: Նկարիչը դեռ չի որոշել, թե որտեղ կկազմակերպի այն` Վանաձորում, թե  մայրաքաղաքում: Ռաֆայելյանը ղեկավարում է Վանաձորի գեղարվեստի դպրոցը, շուրջ 500 աշխատանքների հեղինակ է՝ գեղանկարչությունից մինչեւ գրաֆիկա եւ խեցեգործություն: Նրա արվեստը հանրությանն ավելի ճանաչելի դարձավ, երբ երկու տարի առաջ մասնակցեց Հայոց բանակի կազմավորման ու Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ անցկացված հանրապետական ցուցահանդեսին: Հայաստանի տարբեր նկարիչների աշխատանքների կողքին վանաձորցի նկարչի «Հաղթանակի օր. Վերադարձ» ստեղծագործությունը երկրորդ մրցանակին արժանացավ: Ռաֆայելյանի գործերը տեղ են գտել ոչ միայն Հայաստանի արվեստասերների հավաքածուներում, այլեւ՝ եվրոպական տարբեր երկրների: Իր բնակարաններից մեկը նա դարձրել է արվեստանոց, ուր միշտ զբոսաշրջիկներ են այցելում ու հաճախ գնում իրենց հավանած գործերը: Նկարիչ-խեցեգործը խուսափում է իր աշխատանքները վաճառելուց` «չեմ կարողանում բաժանվել գործերիցս»: Վաճառքի հիմնական պատճառը գումար վաստակելն է՝ «երբ պահը գալիս է, որ պիտի ստիպված վաճառեմ, վաճառում եմ»: Արվեստանոցում արդեն տեղ էլ չկա, տանը՝ նույնպես: Ստեղծագործելն իր համար ոչ թե վաստակելու միջոց է, այլ գերագույն հաճույք՝ «երբ ձեռքս եմ առնում վրձինը կամ մատիտը, հոգիս, կարծես թե, անցնում է կտավին»: Սիրած գործով՝ նկարչությամբ եւ կավից տարբեր կերպարներ կերտելով զբաղվում է աշխատանքից հետո՝ գիշերը: Այդ ժամանակ էլ ուրվագծվում են նրա հոգու կերպարները: Արսենը չի սիրում նկարել նույնատիպ նկարներ: «Կյանքն այնքան բազմազան է. ինչպես կարելի է միայն դեմք կամ ծառ նկարել»,- ասում է նա: Ռաֆայելյանն ուսում է ստացել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (ներկայումս` Գեղարվեստի ակադեմիայ)` մասնագիտանալով կիրառական արվեստի ոլորտում: Այդ է պատճառը, որ նրա նկարների կողքին հատուկ տեղ են զբաղեցնում կավից կերտած պատկերները: Նկարիչը սիրով է հիշում ուսուցիչներին, ովքեր Հայաստանի վաստակավոր նկարիչներ ու քանդակագործներ են: Կես-կատակ, կես-լուրջ պատմում է, թե գործնականում մասնագիտացել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում` բանակում ծառայելիս: «Հաճախ էի լինում Սանկտ-Պետերբուրգում, ուր այնքան հնարավորություններ ունեի՝ Էրմիտաժ, թանգարաններ՝ ճաշակ էի զարգացնում»: Կերպարվեստի նկատմամբ հատուկ վերաբերմունքը գեներով չի ժառանգել, բայց նկատում է, որ հայրը երաժիշտ է՝ ժամանակին Վանաձորի հայտնի երաժիշտներից է եղել ու ազատ ժամերին զբաղվել նկարչությամբ: Առաջին անգամ մատների արանքում մատիտը հայտնվել է մանկապարտեզում, երբ մի քանի նկարներից ստեղծելով դրանց խառնուրդը՝ «սինթեզելով» մի ամբողջություն՝ գրավել է դաստիարակների ուշադրությունը: Դա էլ առիթ դարձավ, որ հենց մանկապարտեզում կազմակերպվի նրա անհատական ցուցահանդեսը: Մանկապարտեզից հետո արդեն դպրոցի բարձր դասարաններում կայացավ նրա աշխատանքների երկրորդ անհատական ցուցահանդեսը: Նկարիչ-քանդակագործը հիշում է իր դիպլոմային աշխատանքը, որը համարում է իր առաջին պրոֆեսիոնալ գործը: Կավի միջոցով պատկերել էր Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» եւ նվիրել Իջեւան քաղաքի մանկապարտեզներից մեկին: Նրա վերջին աշխատանքներից է, այսպես կոչված, մի գծով գծանկարը՝ մոր եւ երեխայի պատկերով: «Ընդամենը մի գիծ քաշելով,- ասում է նկարիչը եւ ոգեւորությամբ ներկայացնում իր վերջին գործը,- նկարիչն իր տարերքի մեջ նկարում է սիրած աղջկան, իսկ նա ծաղրում է նկարչի սերը: Աղջիկը շրջապատված է վարդի փշերով, որոնք խոցում են նկարչին՝ խորհրդանշելով սիրո պատճառած ցավը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter