HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մի ախպերը գնում է, մյուսն է գալիս

«Մարդիկ ընտանեկան բժիշկ են պահում, ես էլ դարձել եմ Չոպուրյանների ընտանեկան դատախազը,- դատական վիճաբանության փուլում վրդովմունքը չկարողացավ զսպել մեղադրող դատախազ Ա. Գրիգորյանը:- Մի ախպերը գնում է, մյուսն է գալիս: Ու ցավն այն է, որ բենզինն իրենց երակները լցնող երկու եղբորն էլ բացարձակ չի մտահոգում սեփական զավակների ճակատագիրը»:

2011թ. մայիսի 10-ին դռնբաց դատական նիստում, նախագահությամբ դատավոր Էդվարդ Մանուկյանի, քննվել էր գործն, ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Չոպուրյանի' ծնված 1957թ. Գյումրի քաղաքում, միջնակարգ կրթությամբ, այրի, ունի չափահաս 2 զավակ, խնամքին ոչ ոք, ֆիզիկապես առողջ, չի աշխատել, նախկինում դատված, դատվածությունը չմարված, չհանված, բնակվել է ք.Գյումրի,Կամոյի փողոց,տուն 50 հասցեում:

Հ. Չոփուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով: Մեղադրող Ա. Գրիգորյանի միջնորդությունը՝ Հ. Չոպուրյանին դատապարտել 1 տարի 6 ամիս ժամանակով՝ բռնագանձելով տուգանք 40 հազար դրամի չափով, դատարանը բավարարել էր մասնակիորեն' պատժաժամկետ նշանակելով 1 տարի ժամկետով' հօգուտ պետբյուջեի բռնագանձվող տուգանքի չափը սահմանելով 30 հազար դրամ:

Այժմ ամբաստանյալի նստարանին Հովհաննես Չոպուրյանին փոխարինելու էր եկել եղբայրը' Սամվել Չոպուրյանը՝ ծնված 1959թ., միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, ունի 2 երեխա, խնամքին ոչ ոք, նախկինում դատված, դատվածությունը չմարված:

Սամվել Չոպուրյանին առաջադրվել էր մեղադրանք՝ քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել էր պաշտպանի ծառայություններից, սակայն դատարանում փաստաբան ունենալու ցանկություն հայտնեց ՝ պատճառաբանելով, որ ինքը լավ չի հասկանում իրավաբանական տերմինները, և միջնորդեց այդ նպատակով ժամանակ տալ իրեն:

Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանը բացատրեց, որ դրա համար ամբաստանյալը պիտի պայմանագիր կնքի փաստաբանի հետ և վճարի վերջինիս ծառայությունների դիմաց: «Ախպորս ո՞ւր ա փող օր պաշտպան վարձե»,- դահլիճից միջամտեց ամբաստանյալի քույրը: «Իսկ բենզինի փող ունե՞ր»,- հարցրեց դատավորը: «Ըդիկ ի՞նչ գումար է որ. 100 դրամ կուտար էլի էդ դեղերին»,- իր լավատեղյակ լինելը չթաքցրեց ամբաստանյալի քույրը:

Պաշտպան ունենալու միջնորդությունը դատավորն ամեն դեպքում բավարարեց՝ նիստը հետաձգելով 3 օրով: Սակայն օգոստոսի 16-ի նիստին ամբաստանյալը կրկին առանց փաստաբանի էր: Սամվել Չոպուրյանը հայտարարեց, որ փաստաբան վարձելու գումար չունի և ցանկանում է, որ դատավարությունն ընթանա առանց պաշտպանի, քանի որ ինքն անկեղծորեն զղջում է կատարվածի համար:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց: Դատարանում տված ցուցմունքում ամբաստանյալը նշեց, որ ինքը վատառողջ է, 2010թ. մայիսի 17-ից հաշվառված է Գյումրու նարկոլոգիական դիսպանսերում, «Ափիոնատիպ նյութերի էպիզոդիկ օգտագործում» ախտորոշմամբ:

2011թ. մայիսի 3-ին իրենց տան բակում գտնվող կիսաքանդ շինությունում ապօրինի, առանց իրացնելու նպատակի, պահելու և գործածելու համար, տնայնագործական եղանակով շրջանառությունը չսահմանափակված «Կոդետերպ» դեղատեսակից և այլ նյութերի խառնուրդներից առանձնացրել ու պատրաստել է «Կոդեին» տեսակի թմրամիջոց և պահել:

Նույն օրը ՈԳԲ 2-րդ բաժանմունքի աշխատակիցների կատարած խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է իր պատրաստած խոշոր չափի՝ 0,4538 գրամ «Կոդեին» տեսակի թմրամիջոցը:

Դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց նաև դատաբժշկական փորձաքննությունների թիվ 233 և 234 եզրակացությունները, համաձայն որոնց՝ Սամվել Չոփուրյանի մոտ հայտնաբերված ախտաբանական փոփոխությունները' ձախ արմնկային փոսի, զույգ նախաբազուկների, աջ աճուկային շրջանի սպիացած վերքերի և երակների կոշտացման ձևերով, հետևանք են կատարված բազմաթիվ ներերակային ներարկումների:

Համաձայն դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ Սամվել Չոփուրյանից վերցված մեզի փորձանմուշի մեջ հայտնաբերվել են ափիոնի խմբին պատկանող թմրամիջոցի թմրալկոլոիդներ: Համաձայն դատանարկոլոգիական փորձաքննության եզրակացության՝ Սամվել Չոփուրյանը տառապում է «Ափիոնային թմրամոլություն» ախտորոշմամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Դատարանը վճռեց Սամվել Չոփուրյանին հանցավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, նրա նկատմամբ կիրառել հարկադիր բուժում թմրամոլությունից:

«Եղել է դեպք, որ թմրամոլին համաներմամբ ազատ եմ արձակել, հաջորդ օրը նույն դահլիճում ձերբակալման սանկցիան եմ տվել նույն մարդուն: Դե, պատկերացրեք, թե ինչ է կատարվում»,- նշեց դատավոր Հարություն Մովսեսյանը:

Այս առումով բավական խոսուն է հենց նույն դատավորի մեկ շաբաթյա աշխատանքային գրաֆիկը' «բենզինիստների» 4 գործ, որից 3-ի նկատմամբ արդեն վճիռ է կայացվել: Օգոստոսի 12-ին երկամսյա կալանքի դատապարտվեցին Հրաչյա Հակոբյանը և Արմեն Ասրիկյանը:

Հրաչյա Հակոբյանը և Արմեն Ասրիկյանը 2011թ. հունիսի 11-ին, հանցավոր համաձայնության գալով, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «ՄԱԳՆՈՆ» ՍՊԸ-ի դիմացի եռահարկ կիսակառույց շինության նկուղային հարկում ապօրինի՝ ոչ իրացման նպատակով, տնայնագործական եղանակով շրջանառությունը չսահմանափակված «Պիրալգին» դեղատեսակից և այլ նյութերի խառնուրդներից առանձնացրել, պատրաստել են «Կոդեին» տեսակի թմրամիջոց և պահել:

Նույն օրը ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել և առգրավել են Հրաչյա Հակոբյանի և Արմեն Ասրիկյանի ապօրինի պատրաստած զգալի չափի 0.023 գրամ «Կոդեին» տեսակի թմրամիջոցը: Վերջիններիս առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 1-ին մասով:

Մինչև դատաքննությունը ամբաստանյալներ Հրաչյա Հակոբյանը և Արմեն Ասրիկյանը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցելով պաշտպանի հետ՝ գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում:

Ամբաստանյալներից Հրաչյա Հակոբյանը՝ ծնված 1983 թ. Գյումրիում, ամուրի, խնամքին ոչ ոք, աշխատում է «Ռոսգոստրախ Արմենիա» ՓԲԸ-ում' որպես ապահովագրական գործակալ: Բարձրագույն կրթությամբ 28-ամյա երիտասարդը, որ նախկինում դատված չէր եղել, ֆիզիկապես վատառողջ էր:

Դատական նիստի ընթացքում թվարկվեց ամբաստանյալի հիվանդությունների ցանկը' խրոնիկական վիրուսային «C» հեպատիտ կերակրափողի, երակների վարիկոզ լայնացում 1-ին ատիճանի, խրոնիկական էռոզիվ գաստրիտ, բուլբիտ և անգիստրոֆոներոզ, արյան շրջանառության և ֆունկցիայի չափավոր խանգարումով հիվանդություններ:

Մյուս ամբաստանյալը' Արմեն Ասրիկյանը, ծնված 1975 թ. Գյումրիում, ամուսնացած, խնամքին թոշակառու, հաշմանդամ ծնողները, ոչ մի տեղ չէր աշխատում, ֆիզիկապես առողջ էր, նախկինում չդատված:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում նախաքննական մարմնի դրած ապացույցները, հաստատված համարեց վերջիններիս մեղքը: Ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանին հանցավոր ճանաչելով ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ դատարանը նրան դատապարտեց կալանքի՝ 2 ամիս ժամկետով:

Արմեն Ասրիկյանին հանցավոր ճանաչելով ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ դատարանը վերջինիս ևս դատապարտեց կալանքի՝ 2 ամիս ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter