Դատախազությունում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգը չի հիմնավորվել
Հայ Ազգային կոնգրեսը մայիսի 31-ին հաղորդագրություն է տարածել, թե ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն եւ զանգահարել է ոստիկանություն։ Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը եւ անցկացրել հարցաքննություն:
«Տարածված տեղեկատվությունը լիարժեք չէ. նման ահազանգ, իրոք, ոստիկանությունում ստացվել է, սակայն չի հիմնավորվել, որեւէ փաստ ոստիկանությանը չի տրամադրվել եւ խախտում որպես այդպիսիք չի գրանցվել:
Մասնավորապես՝ 2009 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքում գտնվող Առեւտրի քոլեջի մոտ հավաքված մարդիկ հնարավոր է ընտրակաշառք են բաժանում:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի աշխատակիցները, որոնք այցելել են Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առեւտրի քոլեջ, որտեղ տեղակայված է թիվ 1/33 ընտրատեղամասը, որտեղ ընտրակաշառք բաժանելու փաստ չի հայտնաբերվել:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ավագանու ընտրությունների թեկնածու Հրաչյա Աղաբեկյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2009 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 20:30-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զանգահարել են անհայտ քաղաքացիներ, որոնք չեն ներկայացել եւ հայտնել են վերը նշվածի մասին: Միաժամանակ նշել է, որ նշված փաստը իր կողմից չի ստուգվել եւ ինքը ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել քաղաքացիների ահազանգերի հիման վրա: Կատարվում է հետաքննություն»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել