«Նովեկ Գրուպը» ներդրումներ կանի առողջապահության ոլորտում
Ռուսական «Աֆինա Պալլադա» հոլդինգի «Նովեկ Գրուպ» ընկերությունը պատրաստ է գերժամանակակից կլինիկական ծառայությունների մատուցման բնագավառում Երևանում ներդրումներ կատարել: Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Ժիրայր Էպոյանը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
«Նովեկ Գրուպ» ընկերությունը ցանկություն է հայտնել համատեղ ձեռնարկություններ ստեղծել «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հիվանդանոցային համալիրի հետ:
Առաջարկվող ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկա 5 տարում կիրականացվեն մասնաշենքերի հիմնանորոգման, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի ներդրման, նոր բաժանմունքների ստեղծման, տեխնիկական վերազինման և մի շարք այլ աշխատանքներ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Նովեկ Գրուպ» ընկերությունն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որում հստակեցված կլինեն ներդրումային ծրագրի բաղադրիչները՝ իրականացման հստակ ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանն այսօր նպաստավոր մեծ դաշտ է ապահովում ներդրումների համար և ցանկացած կառուցողական առաջարկի դեպքում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել