Մեծամորի ԱԷԿ-ի կյանքը կարելի է երկարացնել
Արդեն հայտնի են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար պետական գնումների գործակալության (ՊԳԳ) հայտարարած մրցույթի հաղթողը: Դա Worley Parsons միջազգային կոնսորցիումն է:
Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մավսիսյանի`«Ազատություն» ռ/կ-ին վերջերս տված հարցազրույցի` հաջորդ տարվա վերջին կամ 2011թ. սկզբին հնարավոր է սկսել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության աշխատանքները:
Իսկ նոր ԱԷԿ-ի կառուցմանը զուգահեռ, պարզվում է`հնարավոր է շարունակել Մեծամորի ատոմակայանի շահագործումը ոչ թե մինչև 2016 թվականը, ինչպես նախատեսվում է, այլ` ավելի երկար, ընդհուպ մինչև 2026 թվականը: Սա ատոմային էներգետիկայի սլովակ մասնագետների կարծիքն է, և` առաջարկը` հայ էներգետիկներին:
Գործող ԱԷԿ-ի կյանքը երկարացնելու, անվտանգ շահագործելու և մոդեռնիզացնելու առաջարկով օրերս Էներգետիկայի նախարարը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի միջնորդությամբ հյուրընկալեց Սլովակիայի PPA CONTROLL ընկերության և Սլովակ-ուկրաինական համատեղ ձեռնարկության ղեկավարությանը:
Վերջիններս ներկայացնելով Սլովակիայի 1200 մեգավատ հզորությամբ ԱԷԿ-ի կառուցման, ինչպես նաև` Ուկրաինայի չորս ատոմակայանների մոդեռնիզացման իրենց բազմամյա փորձը, առաջարկեցին նույնը ներդնել նաև Հայաստանի միջուկային էներգաբլոկի երկարաժամկետ շահագործման գործում:
Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի ներկայացուցիչ Աշոտ Գրիրորյանի փոխանցմամբ`նախարարը հավանության է արժանցրել սլովակ գործընկերների առաջարկը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ամսվա ընթացքում ներկայացնել Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ առաջարկությունների փաթեթը:
Հայաստանյան եռօրյա այցի ընթացքում սլովակները հասցրել էին արձանագրել, որ Մեծամորի ԱԷԿ-ը բավականին մատչելի էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը չի կարելի ակնկալել կառուցվելիք ատոմակայանից: PPA CONTROLL-ի գլխավոր տնօրեն Իվան Նովակը չթաքցրեց զարմանքն ու ասաց, որ հնարավորինս պետք է հետաձգել գործող ԱԷԿ-ի փակումը, ինչի համար իրենք պատրաստ են ներդնել իրենց փորձն ու գիտելիքները, եթե Հայաստանի ղեկավարությունն ընդունի առաջարկությունների իրենց ծրագիրը:
Նկատենք, որ նմանատիպ առաջարկությամբ Էներգետիկայի նախարարությանն է դիմել նաև ռուսական մի ընկերություն:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել