HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ամալյա Կոստանյան. Միջազգային կառույցների գնահատականները` մայիսի 31-ի ընտրություններին, քաղաքական են և անընդունելի

kostanyan-saqunc_10609«Մենք նախատեսել էինք այսօր ձեզ ներկայացնել Երևանի ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգի և քվեարկության օրվա դիտարկման տվյալները: Բայց այն, ինչ կատարվեց երեկ, թույլ չի տալիս ինձ այսօր սովորական ձևաչափով ներկայացնել քարոզարշավի մեր տվյալները, քանի որ այն, ինչ կատարվեց քարոզարշավի ժամանակ, այսօր շատ անլուրջ և ոչ այնքան անօրինական է թվում, քան այն, ինչին մենք ականատես եղանք երեկ: Արդեն նախօրոք էլ երևում էր, որ այս քարոզարշավը սովորական չէ և բավականին ցածր ծախսեր էր ներկայացնում: Այսօր կարելի է ասել, որ քարոզարշավի վրա փող ծախսել պետք չէր պարզապես, որովհետև օգտագործվելու էր այն, ինչ օգտագործվեց երեկ 8-րդ ընտրատարածքում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մայիսի 31-ի ընտրությունները և դրանց նախորդած քարոզարշավը դիտարկած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Նրա նշեց, որ իրենք դիտարկել են ընտրությունները միայն 8-րդ ընտրատարածքի 33 ընտրատեղամասերում, և հավելեց, որ ոչ բոլոր 33 ընտրատեղամասում են իրենց դիտորդները «բեսպրեդել» արձանագրել, այլ եղել են նաև «փոքր և միջին կարգի խախտումներ»: Ըստ Ամալյա Կոստանյանի` Հայաստանում այսպիսի «ապօրինի» ընտրություններ դեռևս չեն եղել, համենայն դեպս` 8-րդ ընտրատարածքի շրջանակներում: «Այն, ինչին մենք երեկ ականատես եղանք, ես մի բառով միայն կարող եմ ներկայացնել. դա ցնցում էր, մենք ցնցված ենք: Դա է պատճառը, որ այսօր ես չեմ բերել ոչ մի մամուլի հաղորդագրություն, որովհետև ոչ մի ֆորմալ, սովորական, ստանդարտ ձև չի արտահայտի այն, ինչ մենք տեսել ենք»,- ասաց Ամալյա Կոստանյանը: Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն  իրենց արձանագրած խախտումները ժամանակային առումով երեք փուլի բաժանեց: Ըստ նրա` առավոտյան մինչև ժամը 12-ը գրանցվել են համեմատաբար «փոքր խախտումներ»` բաց քվեարկություն, կնոջ անձնագրով քվեարկություն, երկու վստահված անձ մեկ կուսակցության անունից, երկու ընտրողին` չորս ծրար, գազելներով մարդկանց տեղափոխում, դիտորդների տեղաշարժի և գործունեության արգելում, լրագրողների դեմ բռնի գործողություններ, անձնագրային, ցուցակային մանր խախտումներ, լցոնում: Երկրորդ փուլում, որը սկսվում է ժամը 12-ից, արձանագրվել են կուտակումներ, ուղղորդումներ, լցոնումներ, ահաբեկումներ, այլ մարդկանց փոխարեն քվեարկություններ, «կարուսել»: «Ժամը 8-ից հետո, երբ հանձնաժողովի անդամները իրար հետ բարիշում էին, թե քանի տոկոս որ կուսակցությանը պետք է տալ, կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները միմյանց ասում էին. «Բայց մենք չէինք բարիշել էս տոկոսների համար»: Չեն էլ ամաչել նույնիսկ դիտորդների կամ այլ մարդկանց ներկայությունից»,- ասաց Ամալյա Կոստանյանը: «Մեր կարծիքով, առնվազն 8-րդ ընտրատարածքում անվավեր պետք է համարվեն ընտրությունները: Մեր տեղեկություններով, սա ամենավատ ընտրատարածքն է եղել»,- ասաց Ամալյա Կոստանյանը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով դիտարկել է ընտրությունները Մալաթիայի 25-րդ ընտրատեղամասում, ասաց, որ իրեն ևս փորձել են կաշառել: «Ընտրական հանձնաժողովները ստեղծված էին ընտրությունները կեղծելու համար և մեր արձանագրած խախտումները անուշադրության մատնելու և ընդհանրապես դրանց որևիցե ընթացք չտալու համար: Հանձնաժողովի նախագահը` ինքը, ընտրողների գրանցման մատյաններում ժամը 8-ից հետո կատարում է գրառում ընտրողների դիմաց: Վստահված անձինք, դիտորդները, հանձնաժողովի անդամները ամբողջ մի թիմ էին և աշխատում էին միայն մեկ ուղղությամբ` ինչպես ընտրողների բերման ենթարկեն և ընտարկեղծիքների միջոցով ընտրությունը անցկացնեն»,- ասաց Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով, մի քանի քաղաքացի, ովքեր գալով ընտրության` տեսել են, որ իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է, վախեցել են բողոքելուց և իրենից հարցրել են, թե արդյո՞ք բողոքելու դեպքում, ինքը կապահովի քաղաքացիների անվտանգությունը: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ քիչ առաջ եվրոպացի դիտորդները մայիսի 31-ին կայացած ընտրությունները գնահատել են որպես միջազգային չափանիշներին համապատասխանող` Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի կոնգրեսի ներկայացուցիչները կամ «կաշառվել են», կամ էլ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ չեն կարողանում իրենց դիրքորոշումը պահպանել` ընտրական իրավունքի և մարդու այլ իրավունքների հարցում, «նույն տրաֆարետով պատճենահանում են նաև Հայաստանի վրա»: «Բայց ամոթ իրենց»,- ասաց Արթուր Սաքունցը: Անդրադառնալով նույն խնդրին` Ամալյա Կոստանյանը նշեց, որ եվրոպացի դիտորդների այդ գնահատականը քաղաքականություն է: «Սա միջազգային կառույցների այն մոտեցումն է, որ ես անընդունելի եմ համարում, քանի որ իրենք լեգիտիմացնում են ապօրինությունը և իրավախախտումները և խրախուսում են նման վարքագիծը: Բնական է, որ իրենց աչքի առաջ լցոնում չի եղել, բայց եթե նույնիսկ տեսնեին էլ, դա արդեն քաղաքականություն է, երևի նույն դրական հաշվետվությունը կլիներ: Երևի արտասահմանին շատ ձեռնտու է ունենալ այսպիսի իշխանություն, որովհետև ճնշման ավելի շատ հնարավորություն է: Եվ սա է ցավը, որ այն մարդիկ, որոնք իշխանության ղեկին են, չեն հասկանում, որ դրանով խոցելի են մեր երկիրը դարձնում»,- ասաց Ամալյա Կոստանյանը: Լուսանկարը` «Ա1+»-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter