HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Աչաջրում հարկերի հավաքագրումը նվազել է` նախընտրական տարի է

01_06_achajurԱյս տարի Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում ընտրական տարի է` դեկտեմբերի 25-ին կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Փորձը ցույց է տալիս, որ ընտրական տարում համայնքապետերը դժվարանում են հարկերը հավաքագրել, համագյուղացիների համար «վատամարդ» դառնալ: Դա են ցույց տալիս նաեւ վերջին տարիներին գյուղի հարկերի հավաքագրման ցուցանիշները` 2007 թ. սեփական եկամուտները հավաքագրել են 90.5 %-ով, անցյալ տարի` 76 %-ով:

Այս տարվա 5 ամիսների կատարողականը նախատեսվածի 60 %-ն է կազմում: Այնպես որ, հարկերի հավաքագրումն առանձնապես լավատեսություն չի ներշնչում: Աչաջուրը սահմանամերձի կարգավիճակ ունի, որովհետեւ 4 կմ սահմանակցում է Ադրբեջանի հետ: Գեղատեսիլ բնության գրկում գտնվող այս մեծ շենը 905 հա վարելահող, 165 հա այգիներ (հիմնականում` խաղողի) եւ 621 հա արոտավայր ունի: Սակայն համայնքի բյուջեն փոքր է` մոտ 52 մլն 861 հազար դրամ, որի առյուծի բաժինը` 39 մլն 708 հազար դրամը, պետական բյուջեից տրվող լրավճարն է: Սեփական եկամուտների զգալի մասը` 8 մլն դրամ, կազմում է հողի հարկը: Համայնքապետարանի հաշվապահ Հարություն Քարտաշյանից տեղեկանում եմ, որ դեռեւս 1999 թ.-ից հողի հարկի ավելի քան 20 մլն դրամ ապառք կա: Դրա գանձումն իրատեսական չհամարելով` այն չեն ներառել ընթացիկ տարվա բյուջեում: «Իջեւան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Գասպարյանի վկայությամբ` Աչաջրի տարածքում ոռոգվում է 500 հա խաղողի այգի եւ վարելահող: Դրանից 200 հա-ը ոռոգվում է ինքնահոս եղանակով` «Իջեւան» ՀԷԿ-ի ջրանցքի եւ Խաշթառակի ջրանցքի միջոցով: Այս տարի գյուղի ոռոգելի հողերը կավելանան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամով «Աչաջուր-1» պոմպակայանի վերակառուցման եւ Աչաջուր-Սեւքարի պոմպակայան հատվածի ներքին ցանցի վերանորոգման շնորհիվ: Գառնիկ Գասպարյանը հավաստում է, որ անցյալ տարի մատակարարված ջրի գումարները Աչաջրի բնակիչներն ամբողջությամբ վճարել են: Այդ դեպքում ինչու՞ գյուղացիները չեն մուծում իրենց մշակած հողի հարկը: Ուրեմն` համայնքապետարանի հարկային վարչարարության բարելավման խնդիր կա: Համայնքի բյուջեի ծախսի զգալի մասը` գրեթե 30 մլն դրամ, նախատեսված է համայնքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների` ընդհանուր թվով 30 աշխատողների աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների համար: Եվս 10 մլն դրամ նախատեսված է 63 սան ունեցող մանկապարտեզի աշխատողների աշխատավարձի եւ հաստատության այլ կարիքների համար: Բյուջեի ծախսերի 9-րդ հոդվածով 600 հազար դրամի դիմաց գրված է` «գրասենյակային նյութեր եւ հագուստ»: Տարակուսում եմ` ի՞նչ հագուստ: Համայնքապետն ասում է, թե այն մանկապարտեզի երեխաների համար է, հետո հավելում է, թե «Վորլդ Վիժն» կազմակերպությունից մանկապարտեզի երեխաների ու գյուղի անապահովների համար անվճար հագուստ են բերել, որ այդ գումարը հագուստը ներկրելու տրանսպորտային ծախսն է: Բյուջեի ծախսային մասում նաեւ գործուղումներ կան` 300 հազար դրամի չափով: Իսկ ահա «համակարգչային ծառայությունների» համար շատ համեստ գումար է նախատեսված` ընդամենը 21 հազար 600 դրամ, մինչդեռ համայնքապետարանում 3 համակարգիչ է առկա: Համայնքապետարանի հաշվապահ Հարություն Քարտաշյանը պարզաբանում է, որ երեւանյան մի կազմակերպության հետ պայմանավորվածություն ունեն համակարգիչների անվճար նորոգում իրականացնելու համար, դրա համար քիչ գումար են պլանավորել: Մինչդեռ 5 հազար բնակիչ սպասարկող համայնքապետարանը պատճենահանման սարք չունի: Աչաջուրը հայտնի է բնակիչների կրթական բարձր մակարդակով, գյուղից սերված բազմաթիվ անձինք պաշտոններ են զբաղեցնում մարզում եւ Երեւանում: Գյուղում շատ ընտանիքներ ինտերնետ կապ ունեն, ինչը համայնքապետարանում բացակայում է: Ինչու՞: «Մեր համակարգիչները ցանցով միացած են իրար: Դրանցում արժեքավոր տեղեկատվություն կա` հողի հարկի եւ գույքահարկի բազան, տարածքային կառավարման նախարարությունից ստացված համայնքային կառավարմանը վերաբերող տեղեկատվությունը եւ այլն: Ինտերնետից վիրուս ընկնելու դեպքում այդ ամբողջ տեղեկատվությունը կկորչի»,- բացատրում է հաշվապահը: Ստացվում է, որ գայլից վախենալով` գառ չպիտի պահել, իսկ ինտերնետը ոչ միայն վիրուսներ է պարունակում, այլեւ` հակավիրուսային ծրագրեր: Աչաջրի խորհրդանիշը հռչակավոր Մակարավանքն է, որ գյուղից հեռու է 7 կմ: Անցյալ տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց, 3 կմ ասֆալտապատում կատարվեց: Այս տարի պետբյուջեից 124 մլն է տրամադրվել նույն ճանապարհի 1.6 կմ հատվածի հիմնանորոգման, ասֆալտապատման նպատակով: Սակայն դրանից հետո էլ, մինչ հռչակավոր կոթող հասնելը, շուրջ 3 կմ կմնա առանց հիմնանորոգման: Համայնքապետարանն այս ծրագրում իր ներդրումն ունի, կիսախողովակներով գյուղի ներսում նորոգվող ճանապարհի ջրահեռացումն է իրականացնում: Աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ են գալիս նշանավոր այս հուշարձան, եւ լավ կլիներ, որ համայնքի բյուջեում փոքրիկ գումար նախատեսվեր վանքի պատմության մասին հայերեն եւ ռուսերեն ցուցանակների կողքին լատինատառ ցուցանակ պատրաստելու եւ տեղադրելու համար: Աչաջրի «աքիլլեսյան գարշապարը» սողանքն է: Գյուղի նախկին համայնքապետ Տաթեւ Գասպարյանի անունը կապվում է 1998 թ. աչաջրեցիներին բյուջեից հատկացված փոխհատուցման գումարների յուրացման հետ: Գյուղում 245 տուն գտնվում է սողանքային գոտում: Հողաշինարար Զաբելա Շաբանյանի խոսքերով` «Գետի յալ» թաղամասում վթարային 68 առանձնատներից 12-ը վթարայնության 4-5 կարգ ունի, իսկ 30-ը` 3-4: Այս տարի պետբյուջեից 7 մլն 200 հազար դրամ աջակցություն է ստացել միայն Հրանտ Աթաբեկյանը, ում տունը սողանքից փլվել է: Համայնքի սուղ բյուջեն թույլ չի տալիս սողանքից տուժած որեւէ գյուղացու օգնել: 2005 թ. դեկտեմբերից պաշտոնավարող, 2007 թ.-ից անկուսակցական (նախկին դաշնակցական) Պավլիկ Ղալթախչյանը թվարկում է իր պաշտոնավարման շրջանում գյուղի ձեռքբերումները` գյուղի գազիֆիկացում, 3 գերեզմանատների պատերի նորոգում, համայնքապետարանի վարչական շենքի, հուշաղբյուրի եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի վերանորոգում, թաղերում խաղատեղ-հանգստավայրերի կառուցում եւ այլն: Սակայն գեղեցիկ, բարեկարգ առանձնատներով գյուղ այցելողներն առաջին հերթին «տպավորվում են» համայնքի քանդված ճանապարհներից: Ամեն տարի համայնքի բյուջեով (այս տարի եւս) գումարներ են հատկացվում խճապատման համար, սակայն գարնանային եւ աշնանային անձրեւները սրբում են դրանք: Համայնքապետարանը սեփական ռեսուրսների սղության պատճառով հարկադրված ապավինում է դրսի օգնություններին: Մանկապարտեզի շենքի վերանորոգման համար ծագումով աչաջրեցի, Երեւանի ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Սուրիկ Աղբալյանն է 1 մլն դրամ հայթայթել նախադպրոցական այս հիմնարկի գազիֆիկացման համար, իսկ ջեռուցման համար պահանջված 3 մլն դրամը նվիրաբերել է «ՎիվաՍելը»: Գյուղացիներն էլ ապավինում են դրսի աջակցությանը: Մեր այցելության ժամանակ համայնքապետարանի շենքում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում գյուղացիների խմբի համար ուսուցում էր ընթանում: Նրանք ակնկալում են ամերիկյան փողերից էժան վարկ ստանալ: «Վարկի գումարով ջերմոց եմ դնելու, որ բանջարեղենը շուկա հանեմ»,- ծրագրում է երկու ուսանողի մայր, աչաջրեցի Մարջիկ Գեղամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter