HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական տվյալներով՝ Լոռիում կրթությունից դուրս մնացած 28 երեխա կա

01_06-vanadzor-1Աշոտ եւ Արմեն Ալիխանյաններն առաջին դասարան գնացել են Թեղուտ գյուղում, բայց ծնողների ամուսնալուծվելուց հետո եղբայրները հայտնվեցին Վանաձորում եւ սկսեցին հաճախել տարբեր դպրոցներ: Աշոտը` 15, Արմենը 11 տարեկան է: Երեխաների մայրը՝ Մանիկը, պատմում է, որ Աշոտի մոտ մտավոր հետամնացություն է դրսեւորվել, ինչի պատճառով նրան տարել է ոչ թե սովորական կրթօջախ, այլ՝ Վանաձորի գիշերօթիկ դպրոց:

Առաջին դասարանից հետո մեկ տարի երեխան դպրոց չի հաճախել: «Սեր չունի սովորելու հետ, շատ չար երեխա ա»,-ասում է մայրը՝ 34 տարեկան Մանիկը: Պատճառն, ըստ մոր, ոչ միայն ուսման հանդեպ անտարբերությունն էր, այլեւ երեխայի հակումը դեպի գողությունը: «Ձեռնաքաշություն ունի»,-մայրն ու տատը պատմում են Աշոտի գողությունների մասին: «Ինձանից էլ, մորս տանից էլ է փող գողացել»,- պատմում է Աշոտի տատը` Սեդա Մալաթյանը: 01_06-ashotԱրդյունքում Աշոտը, ով փոխադրվելու է 9-րդ դասարան, 4 տարի դպրոց չի հաճախել: Մարզային իշխանությունները նրան անգամ Երեւան են տարել՝ Երեւանի թիվ 1 հատուկ կրթահամալիր, բայց դա էլ չի օգնել: Մայրն ասում է, թե Երեւանի դպրոցում էլ երեխան չփոխվեց՝ էլի չար է ու չենթարկվող: Երեւանում չցանկանալով մնալ՝ Աշոտը վերադառնում է Վանաձոր: Այս անգամ նրան տեղափոխում են Վանաձորի խնամքի կենտրոն, բայց կրկին ապարդյուն՝ տղան, ինչպես մայրն ու տատն են ասում, 15 օր մնաց այնտեղ՝ դպրոց գնալու մասին չի ուզում լսել: Մի կողմից անտարբերությունը ուսման նկատմամբ, մյուս կողմից էլ ընտանիքում տիրող մթնոլորտը երեխայի նման վարքագծի պատճառ են դարձել: 7 տարի առաջ մայրն ամուսնալուծվել է, ու երեխաները մեծանում են մոր հայրական տանը՝ առանց հոր դաստիարակության: «Խմող էր»,-ամուսնուն բնութագրում է Մանիկը: Նա այժմ որդիներին միայնակ է պահում՝ «սրա-նրա տունը մաքրում եմ, որ մի 1000 դրամ տան, շոր-կոշիկ չեմ կարում առնեմ»: Նպաստ էլ չի ստանում, երեխաներն ապրում են պապի 15.000 դրամ աշխատավարձով: Մեր այցելության պահին Աշոտը տնից քիչ հեռու ձուկ էր բռնում: «Դպրոց չեմ գնում, բայց ուզում եմ գնալ»,-ասում է տղան ու պատմում, որ չի գնում խնամքի կենտրոն, որովհետեւ համադասարանցիների հետ հաճախ է վեճի բռնվում: «Դզող-փչողի գործ եմ սովորում»,- հարեւանների տղաներն են սովորեցնում: Ասում է, թե ընկեր չունի. չի կարողանում հաղորդակցվել նրանց հետ, նրա միակ ընկերը եղբայրն է: «Կուզեմ դպրոց գնամ: Որ իրանք կռիվ չանեն, ես չեմ անի»,-ասում է Աշոտը: Մանիկն ասում է, որ Աշոտը գրել-կարդալ չգիտի: Մյուս որդին՝ Արմենը, գրել-կարդալ գիտի: «Ամենաշատը մաթեմն եմ սիրում»,- ասում է 11 տարեկան Արմենը: Նա եւս առաջին դասարան է հաճախել գիշերօթիկ դպրոցում, բայց ոչ թե մտավոր հետամնացության պատճառով, այլ, ինչպես մայրն է ասում, որպեսզի եղբոր հետ նույն դպրոցում սովորեին: Եղբոր՝ պարբարեբար դպրոցներ փոփոխելու պատճառով Արմենը եւս հաճախակի է բացակայել դասերից: Այս տարի Արմենը փոխադրվում է 7-րդ դասարան՝ Լոռու մարզպետարանում որոշել են նրան հատուկ դպրոցից տեղափոխել խնամքի կենտրոն՝ Արմենը մտավոր խնդիրներ չունի: ՀՀ Ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանին Ալիխանյան եղբայրները լավ հայտնի են: Վարոսյանն ասում է, որ Աշոտը մի քանի անգամ գողություններ է արել ու այժմ նրա նկատմամբ քրեական գործ կա՝ կրկին գողության մեղադրանքով, այն առայժմ նախաքննության փուլում է: Լոռու մարզում դպրոց չի հաճախում 28 երեխա: Նրանց մեծ մասը գյուղական բնակավայրերից են: Մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանն ասում է, որ գյուղական բնակավայրերում այս խնդիրը հիմնականում կապված է գյուղատնտեսական աշխատանքներին երեխաների մասնակցությամբ: «Քաղաքներում պատճառը ընտանիքի անկայուն վիճակն է, գյուղերում՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը»,- ասում է Նարեկ Սարգսյանը: Քաղաքներում դպրոց չհաճախող երեխաների մեծ մասը ծնողազուրկ են ու իրավախախտ: Նարեկ Սարգսյանն ասում է, որ թե՛ իրենց, թե՛ ոստիկանության ուժերով պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների ու նրանց ընտանիքների հետ աշխատանք տանելով՝ փորձում են նրանց աջակցել ու ետ բերել դպրոց: Նրա տվյալներով` վերջերս երեք երեխայի կարողացել են կրկին դպրոց ուղարկել, աջակցել են նաեւ նյութապես: «Նշանակում ենք հասարակական դաստիարակ, հիմնականում միայնակ մոր, դատապարտված, ծնողազուրկ երեխաների համար»,- ասում է նա: Սարգսյանն օրինակ է բերում Վանաձորի դպրոցներից մեկում ոստիկանությանը կից բացված վերականգնողական կենտրոնը, որտեղ իրավախախտ ու դպրոց չհաճախող երեխաների հետ աշխատելով՝ մասնագետները փորձում են նրանց վերադարձնել իրենց հասակակիցների միջավայր: Վանաձորում գործող «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպությունը եւս հոգեբանական ու վերականգնողական աշխատանքեր է տանում նման երեխաների դաստիարակության ուղղությամբ: «Շրջապատ են ընկնում այն երեխաները, որոնց տանը հսկողություն չկա»,-նկատում է Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա` առաջիկայում պատրաստվում են ոստիկանության հետ համատեղ պարտադիր ուսուցումից դուրս մնացած ու իրավախախտ երեխաների տվյալներն ամփոփելով՝ ձեւավորել անհատական համակարգ՝ ամեն մի երեխայի խնդրի լուծման համար անհատական մեխանիզմների ու մոտեցումների մշակմամբ: «Առանց սովորելու կլինի՞, առանց դպրոց ո՞նց կլինի,- զարմանում է Ալիխանյանների մայրը՝ Մանիկը,- Աշոտը գոնե մի արհեստ սովորի, իրան պահի, բայց դպրոց չի էլ ուզում գնա: Մեկ գնացել ա, մեկ չէ, ոնց որ խաղուպար, ու հիասթափվել ա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter