Լավատեսությամբ սպասենք
Գյումրու Անտառավան թաղամասի բնակիչ Սուսաննա Սարգսյանը երեք երեխաների հետ ապրում է երկու սենյակ ունեցող փայտաշեն տնակում: «Ամուսնալուծվելուց հետո էստեղ ենք, բայց նախքան էդ էլ՝ 88-ից հետո երբ ամուսնացանք, էլի տնակային պայմաններ էին։ Անօթևանների ցուցակում ենք, բայց հույս էլ չունինք։
Երեք անչափահաս երեխաներով 7-րդ կետ ենք քաղաքապետարանի հերթացուցակի մեջ, բայց, չէ, հույս էլ չունիմ։ Ծրագրով ԲԳՎ-ի ուզեցա մասնակցեի, բայց չհասցրի նախ փաստաթղթերը հավաքեի, հետո էլ՝ ժամկետը շատ սեղմ էր։ Մեզնից առաջ, մինչև հասնի 7-րդ կետ, հլը պատկերացրեք` քանի՞ ընտանիք կա։ 1000 տուն պիտի սարքեն, չիդեմ՝ կոնկրետ ինչքան։ Շինարարություն սկսվել է, բայց մեզի էս տարի` չէ, էկող տարի արդյո՞ք կհասնի»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց 45-ամյա տիկին Սուսաննան։ Նա մասնագիտությամբ ինժեներ է: Ավարտել է Պոլիտեխնիկական և Մանկավարժական ինստիտուտները: Տիկին Սուսաննայի աշխատավարձը 45 հզ. դրամ է: «Դե, աշխատավարձս համեմատած ցածր է կատարված աշխատանքի դիմաց։ Հետո էլ, տրանսպորտ փոխելով կհասնիմ մինչև աշխատավայր։ Ահագին ծախսեր կերթան` մոտ 10-12 հզ. դրամ մինակ տրանսպորտին ամսական»,- ասաց տիկին Սուսաննան։ Ընտանիքը ստանում է նաև 28 հզ. դրամ նպաստ: Տիկին Սուսաննայի խոսքերով, վերջին մի քանի տարում, երբ ինքն աշխատում է, ընտանիքի վիճակը համեմատաբար լավացել է: Նա միայն մտավախություն ունի, որ երբ եկող տարի մեծ որդին` Սարգիսը, դառնա չափահաս, ընտանիքին կզրկեն նպաստից: Տիկին Սուսաննայի երեք երեխան էլ տնակում է ծնվել: Եվ 17-ամյա Սարգիսը, և 15-ամյա Արշակը ժամանակ առ ժամանակ աշխատում են և օգնում մորը: «Իրանք իրանցով, ինքնուրույն, որ «պիտի էրթամ աշխատիմ»։ Ես դեմ էի, ճիշտն ըսած։ Նախ դպրոցը։ Բայց դասերից հետո են գնացել։ Գործ գտել են, պայմանավորվել են էդ գործատուների հետ, օր դասերից հետո աշխատին»,- ասաց տիկին Սուսաննան:
Արշակը աշխատել է 13 տարեկանից: «Աշխատել եմ շինանյութի խանութը։ Բանվորություն ենք էրե։ Համարյա 9 ամիս աշխատել եմ, որ ծնողիս առաջինը օգնեմ. իրա դժվարություններին թիկունք եմ կայնե, էլի։ Համ էլ որ կավարտեմ, բան կենեմ, քիչ մը ինձի հմար, որ Վերջին զանգի էդ ամեն ինչը ինքը չէր կրնա հասցներ»,- ասաց Արշակը։ Նա նաև աշխատել է բենզինի լցակայանում և, իր խոսքերով, աշխատավարձը բավական է եղել: «Բայց էդ բենզալցակայանում օր աշխատա, խաբեցին, փողերս կիսատ տվեցին։ Էդ բենզալցակայանը քիչ եմ աշխատել։ Շատ ծանր էր, էլի։ Գիշերները չէինք քնում»,- ասաց Արշակը` հավելելով, որ 10 հզ. դրամ պետք է ստանար, որն այդպես էլ իրեն չեն վճարել։ Այժմ նա աշխատանք է փնտրում շինարարության ոլորտում, որպեսզի քննությունը հանձնելուց և դպրոցն ավարտելուց անմիջապես հետո գործի անցնի:
Արշակի ավագ եղբայրը` Սարգիսը, անվճար սովորում է Առաջին արհեստագործական ուսումնարանի երկրորդ կուրսում: Ապագա խոհարար է: Ամառային արձակուրդներին աշխատել է ավտոլվացման կետում` լվացած մեկ ավտոմեքենայի դիմաց վարձատրվելով մոտ 200-300 դրամ: «Եթե անհրաժեշտ է, կարող եք իրանց առաջադիմության էդ թերթիկները լրիվ նայել, որ իրանք լավ են սովորել։ Կուզեին, որ բարձրագույն կրթություն էլ ունենային։ Ես ինքս ունիմ։ Ինքը զինվորական կուզեր։ Օր, ըսնեք, կզրուցենք իրար հետ, կըսե. «Բանակից հետո մնամ Վազգեն Սարգսյան ընդունվելու համար»։ Բայց դե ես չիդեմ՝ հմի պայմանները ինչ են արել։ Էն ժամանակ կար էդպես հնարավորություն, օր կպահեին, չէ՞, ըսենք որպես սպայական կազմ, հետո, հեռակա կարգով է, չիդեմ։ Բայց հմի, էդ պայմանները ես չիդեմ՝ հեռակա կարգով կա՞, չկա՞ Վազգեն Սարգսյան»,- Սարգսի մասին պատմեց տիկին Սուսաննան։ Սրան Սարգիսը հակադարձեց, որ չի կարողանա ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Փոքր վախտս կուզեի ընդունվել։ Հմի էլ որ սկսի չսորվելը, էլ դժվար ընդեղ կարանամ ընդունվեմ»։ Մյուս տարի Սարգիսը բանակ է գնալու:
Ընտանիքի փոքրը 6-րդ դասարանցի 11-ամյս Արևիկն է: Դպրոցում աղջկա ամենասիրած առարկան հայոց լեզուն է: Ճգնաժամը ազդել է Սարգսյանների ընտանիքի վրա: Նախ, Գյումրիում ուղեվարձը 50-ից 70 դրամ է դարձել: Թանկացել են նաև ալյուրը, ձեթը և յուղը: «Հացը թխում եմ։ Ինձի համար թխելը ավելի ձեռնտու է։ Ճիշտն ըսած, էդ խանութի հացերը 3 հատ առնիս, մե հոգին էլ 3-ը կուտե։ Ըսենք, ֆինանսապես ձեռնտու չէ։ Թե չէ, հա, ճգնաժամը ազդել է։ Տված 45 հզ. դրամով ես հազիվ, նպաստն էլ հետը, կոմունալ ծախսերը կվճարեմ»,- ասաց տիկին Սուսաննան։ Տնակը գազ չունի, և ընտանիքը վճարում է միայն էլ. էներգիայի համար` ամսական մոտ 5 հզ. դրամ: Ձմռանը տունը վառարանով է տաքացվում: Փայտը գնում են նաև Սարգսի և Արշակի վաստակած փողով: «Նախ, աշխատել են, իրանք էլ։ Փետն էլ առնում ենք իրանց էդ հավաքած գումարով։ Մենակ, ըսենք, իմ աշխատավարձով, նպաստով, հանարավոր չէր։ 3-4 խորանարդ մետր մեզ վառելիք կերթա խնայողաբար վառելուց։ Մենք, ըսենք, առավոտները տունը չենք։ Դասից կուգան, կվառեն։ Հետո կմարեն, տունը տաք կմնա։ Հետո էլ ժամը 6-ին կվառեն, որ գործից ես տուն եմ գալի՝ էդ պահին, մինչև գիշեր՝ 11, 12-ը»,- ասաց տիկին Սուսաննան։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ վառելիք գնելու համար 10 հզ. դրամ է տվել Սարգսյաններին` որպես տնակում ապրող և «Փարոսի» համակարգում ընդգրկված ընտանիքի: Այս տարի ձմեռը Գյումրիում «տեղեկան չափանիշներով» շատ մեղմ է եղել: Նաև համեմատաբար քիչ է անձրևել: «Էստեղ չէ, բայց ներսի սենյակը կկաթա։ Ծածկը ընդհանուր է։ Էրեխեքը կհելնին, ըսենք, էդ ծակ տեղերը կլցեն, փակեն, բայց էլի տեղն էրել է, արդեն կքաշե»,- ասաց տիկին Սուսաննան։ Նա իշխանություններին որևէ առիթով չի դիմել: «Չեմ էլ ուզե դիմել, որտև չեն էլ օգնել։ Մինակ խոստումներ: Նախ չեմ դիմել, հետո անիմաստ էլ է։ Բնակարանային խնդիրն է, օր, ըսենք, կուզենայի, որ դոմիկից դուրս էլնենք։ Հմի` դիմեմ քաղաքապետարան, առանձին ինձ տուն չեն տա։ Աշխատանք էլ, Փառք Աստծու, ունեմ»,- ասաց նա։ Տիկին Սուսաննան նաև սկզբունքորեն պարտք չի վերցնում: «Կաշխատիմ պարտքեր չունենամ։ Չէ, չէ, չէ։ Ինչ օր կրցանք։ Ինչ օր էդ օրը։ Պարտք չեմ վերցներ ոչ մի անգամ»։ Նրա ամենամեծ ցանկությունը բնակարան ստանալն է: Սակայն տիկին Սուսաննան հույս չունի, որ երկրաշարժի հետևանքով կորցրած 3-սենյականոց բնակարանի փոխարեն իրենց ընտանիքին կտան երկու բնակարան` 1 և 2-սենյականոց, իսկ նախկին ամուսնու հետ ապրել նա չի ցանկանում: Նա նաև թերահավատորեն է վերաբերվում վարկային ծրագրերի միջոցով բնակարան ձեռք բերելուն: «Ես չիդեմ էլ՝ հետո ինչ կեղնի ճակատագիրը. եթե վարկավորվի, վերցնեմ, վարկը ո՞վ պտի փակե։ Տունը ձեռից կառնին, էրեխեքն էլ դուրս կմնան։ Չիդեմ, իմ մտածելով՝ էդ ծրագիր չի աշխատի էդ ձևով»։ Այնուամենայնիվ, Սուսաննա Սարգսյանը ասաց, որ լավատես է: «Լավատեսությամբ սպասենք: Ի վերջո, պտի տան։ Կամ էլ թե չէ հույսս իմ էրեխեքիս վրա կդնեմ։ Պետությունից, խոսքի, ըսենք, ակնկալիքներ ներկա պահին էլ չունիմ, առաջիկա 2-3 տարում էլ, օր, ըսենք, առաջի հերթին բնակարան ապահովե»,- ասաց նա։ Երբ նրանց տնակում էինք, հարևանի տնակից «Շանթ» հեռուստաընկերության լուրերի թողարկման ձայնը լսվեց: Տիկին Սուսաննան ասաց, որ հարևանին չի բողոքում աղմուկի առթիվ, քանի որ, օրինակ, երեք երեխա էլ ինքն ունի, և աղմուկը բնական է: Նրանց և հարևանի տնակի պատն ընդհանուր է: «Փաստորեն ձեր և հարևանի միջև գաղտնիք չկա» դիտարկմանը տիկին Սուսաննան պատասխանեց. «Արդար, թափանցիկ կապրինք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել