Հաշմանդամ երեխաներին դպրոց տանելուց ծնողներին ետ է պահում նաև ծաղրը նրանց նկատմամբ
16-ամյա Աղավնին մտավոր զարգացվածության խնդիրներ ունի, նա հաշմանդամ է և տեղաշարժման հետ կապված խնդիրներ եւս ունի: Աղավնին դպրոց չի հաճախել: Նրա հետ հատուկ դպրոցից ուսուցչուհի է պարապել տանը, սակայն երեխան դեռ տառերը լիարժեք չի սովորել:
Արդեն չորս տարի է` Աղավնին այցելում է World Vision միջազգային կազմակերպության «Մանկական զարգացման կենտրոն», որտեղ շփվում է իր հասակակիցների հետ ու արդեն բազմաթիվ ընկերներ ունի: Աղավնիի մայրը` տիկին Հռիփսիմեն, հավաստիացնում է, որ ինքն Աղավնիին հատուկ դպրոց չի տարել, որպեսզի այնտեղ մյուս երեխաները նրան չծաղրեն: «Եթե ես երեխայիս դպրոց տալուց լինեի, կնախընտրեի այնպիսի դպրոց, որտեղ հոգեբան աշխատեր ամբողջ դպրոցի հետ, որպեսզի կարողանային ընդունել այս երեխաներին: Շատ եմ հանդիպել դեպքերի, երբ նորմալ երեխաները խուսափում են նման երեխաների հետ շփումից: Բայց առաջին հերթին պետք է ծնողի հետ համապատասխան աշխատանք տարվի, ու նա պետք է գիտակցի, որ իր երեխան կարող է շփվել այն երեխաների հետ, որոնք իրեն նման չեն: Եթե ծնողի միջամտությունը չլինի, երեխաներն ավելի հեշտ են իրար հետ շփվում, ու չի լինում այդ հեռավորությունը, թե նա սայլակով է ու պետք չէ նրա հետ խաղալ»,- ասում է տիկին Հռիփսիմեն: Նրա խոսքերով` հենց այս խնդիրն է ծնողին ետ պահում իր կարիքավոր երեխաներին հանրակրթական դպրոցներ տանելուց: «Երբ երեխան փոքր-ինչ ետ է մնում հասակակիցներից, դասարանում դառնում է ծաղրի առարկա»: Մանկական զարգացման կենտրոնում Աղավնին թատերական խմբակի է հաճախել, որը, սակայն, փակվել է: Տիկին Հռիփսիմեի խոսքերով` նման թատերական խմբակներ կան, սակայն երեխային տանելու հնարավորություն ինքը չունի. տեղափոխման խնդիրը կա: «Տեղաշարժվելու պատճառով նա շատ բաներից է զրկվում: Գուցե պետությունը պետք է ապահովի, որ կարողանամ նրան տանից դուրս հանել` անվճար տաքսիներ տրամադրեն այդ պարապմունքի օրերին, կամ ինչ-որ կերպ օգնեն այս երեխաներին: Աղավնին խաղացել է մանկական ներկայացումներում, երեխաները խմբովի գրում էին սցենարը, իրենք էին բեմը ձևավորում, ամեն ինչ իրենք էին անում ու մտահոգվում էին ամեն ինչի համար: Այստեղից երեխաները սկսեցին միմյանց նկատմամբ հոգատար լինել»,- ասում է նա:
Ի դեպ, կենտրոնում ծնողները նույնպես ներգրավված են տարբեր խմբակներում` ստեղծագործում են: Տիկին Հռիփսիմեն իր ձեռքի աշխատանքներն արդեն սկսել է վաճառքի հանել: Դա, թեկուզ փոքր, բայց որոշակի եկամուտ է բերում ընտանիքին: «Այդ մի քանի ժամում երեխաները մեզանից են կտրվում, մենք` իրենցից: Դա շատ լավ է, քանի որ ամբողջ ընթացքում միասին ենք լինում: Երբ ընտանիքում նման խնդիր ունեցող երեխա կա, անկախ քեզանից` դառնում ես կիսատ մարդ և ոչնչում չես կարողանում լիարժեք ներգրավվել»: World Vision միջազգային կազմակերպության «Մանկական զարգացման կենտրոն»-ի հոգեբան Ալինա Մանուկյանի խոսքերով` հաճախ ծնողի համար կարևորվում է մի բան, երեխայի համար` լրիվ այլ: «Ծնողի կողմից կարող է կարևորվել այն, որ երեխան 15 տարեկանում դեռ չգիտի տառերը, ու ծնողի համար դա կարծես գերխնդիր է դառնում: Մինչդեռ երեխայի համար կրթական համակարգից դուրս մնալը շատ բացասական ազդեցություն ունի, քանի որ հասակակիցների հետ հաղորդակցումից է զրկվում: Երեխաներ կան, որոնց մենք հանդիպել ենք արդեն 16 տարեկանում: Նա մինչ այդ չի հաճախել ոչ մի կենտրոն և հաղորդակցման հմտությունների զարգացման մակարդակով նույնիսկ երեք տարեկանին հավասար հմտություններ չունի»,- ասում է նա` պատմելով, որ յոթ տարեկան երեխայի հետ են հանդիպել, ով մեկ տարի կորցրել էր և անհրաժեշտ էր վերականգնել այն, մինչդեռ մայրն իր երեխայի համար կարևորում էր հետագայում ինստիտուտ ընդունվելը: «Շրջանից եկավ ծնողը դաունիզմի ախտորոշմամբ երեխայի հետ, ով 16 տարեկան էր և երբևէ ոչ մի տեղ չէր հաճախել, մտավոր հետամնաց էր: Ծնողն ասում էր, թե իր երեխայի միակ խնդիրն այն է, որ նա չի խոսում, բայց հոյակապ աշխատում է հողամասում: Այսպիսով, խնդիրը կախված է նրանից, թե որքանով է ծնողի խնդիրը տարբերվում երեխայի խնդրից»: Ալինան հիմնականում այն երեխաների հետ է աշխատում, որոնց հոգեկան և մտավոր զարգացման մակարդակը չի համապատասխանում տարիքին, ինչը թույլ չի տվել, որ երեխան իր հասակակիցների հետ դպրոց հաճախի: «Հիմա մենք բախվում ենք այն երեխաների հետ, ովքեր դպրոցահասակ են եղել այն ընթացքում, երբ ներառական դպրոց կամ ինքնակրթություն հասկացությունները ներմուծված չեն եղել, և հատուկ դպրոցներն են զբաղվել այդպիսի երեխաների կրթությամբ: Կա նաև տնային ուսուցում հասկացությունը, որն ինչ-որ չափով երեխայի կրթական խնդիրը լուծում է, բայց երեխայի համար չափազանց կարևոր` հաղորդակցության, ինքնահաստատման խնդիրը չի լուծում»,- ասում է նա` նշելով, որ կենտրոնի նպատակն է այդ երեխաներին նախապատրաստել հաճախել կրթական հաստատություն: Անչափ կարևոր է նաև կարիքավոր երեխայի հարմարումը նոր միջավայրին: Վերջինների նկատմամբ հաճախ միջավայրն ավելի բացասական է տրամադրված: Հոգեբանի հավաստմամբ` եթե երեխան մտավոր զարգացման մակարդակով տարբերվում է իր հասակակիցներից, դա չի նշանակում, որ նա չի զգում վերաբերմունքի տարբերությունը: «Մեր կենտրոնում անգամ երբեմն բախվում ենք խնդիրների, երբ ծնողը չի ուզում , որ իր երեխան տեսնի հիվանդ երեխայի, շփվի նրա հետ: Շատ հաճախ դա երեխա-երեխա փոխհարաբերության մեջ հեշտ լուծելի խնդիր է: Բայց երբ ծնողն իր վախերն ու մտահոգությունը փոխանցում է սեփական երեխային, նա ևս սկսում է խուսափել հատուկ կարիքով իր հասակակցից: Ու հաճախ երեխաների մեջ խմբավորումներ են ստեղծվում, որոնք ամեն ինչ անում են այս երեխային վնասելու համար: Դա, իհարկե, մեր հասարակության գիտակցության խնդիրն է, որովհետև մենք կարող ենք անընդհատ փորձել պայքարել այդ խնդրի դեմ: Դրա պատճառն ուղղակի մարդկանց վախն է, երբ մեծահասակն այդ խնդրից վախենում է և պատրաստ չի պատասխանելու իր երեխայի այն հարցին, թե ինչո՞ւ այս աղջիկը չի քայլում, կամ այն տղան ինչո՞ւ է վատ խոսում: Ինքը չգիտի այդ հարցերի պատասխանը, ու որպեսզի այդ խնդրի առաջ չկանգնի, լավագույն տարբերակն է, որ երեխան չշփվի նման երեխաների հետ»: Այս պատճառով կենտրոնում կարևորում են դպրոցի ճիշտ ընտրությունը: «Հաճախ ծնողները խուսափում են ներառական դպրոցներից` կարծելով, որ դա պիտակ է: Բայց ծնողի հետ էլ ենք աշխատում, որպեսզի գիտակցեն, որ այնտեղ երեխաների համար հատուկ հարմարեցված պայմաններ կան, ու նրա հետ աշխատում են ոչ թե ընդհանուր, այլ անհատական ծրագրով: Սխալ դպրոցի ընտրության դեպքում մեր ողջ աշխատանքը ջուրն է ընկնում, ու մենք վնասում ենք երեխային»,- ասում է Ալինան` նշելով, որ երեխայի համար հաղորդակցումը, դրական վերաբերմունքն իր անձի նկատմամբ, անկախ նրա մտավոր կարողություններից, միշտ առաջնայինն է:
16-ամյա Վահրամը դաունիզմի ախտորոշում ունի: Նրա մայրը` տիկին Ժակլինը, պատմում է, որ իրենք Թեհրանից են տեղափոխվել Հայաստան: Այնտեղ տղան հատուկ կենտրոն է հաճախել: Երևան տեղափոխվելով` մի քանի հատուկ դպրոցներում սովորել է, սակայն, ի վերջո, մայրը նրան դպրոցից հանել է` տնային ուսուցչուհի վարձելով: Մանկական զարգացման կենտրոն Վահրամը հաճախում է արդեն մեկ տարի: Երեխայի դպրոց չհաճախելու փաստը տիկին Ժակլինը բացատրում է նրանով, որ այստեղի դպրոցներում նման երեխաներին պատշաճ ուշադրության չեն արժանացնում: Նա հավաստիացնում է, որ եթե Երևանում լիներ հատուկ կարիքավոր երեխաների համար նախատեսված հատուկ կենտրոն, ինչպիսին, օրինակ, Մանկական զարգացման կենտրոնն է, ինքը տղային կտաներ: Տիկին Ալինայի որդին`16-ամյա Նարեկը, նույնպես դաունիզիմի ախտորոշում ունի: Նա երկու տարի հանրակրթական դպրոց է գնացել: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ երեխային ոչ մի դպրոց չեն ընդունել, քանի որ քաղաքացիություն չի ունեցել: «Ութ տարի այնտեղ մնացինք, ու նա տանը միայն ինձ հետ էր շփվում, ես էի աշխատում նրա հետ: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, Ավանի օժանդակ դպրոցը գնաց, բայց երեխան չհարմարվեց այդ դպրոցում, քանի որ իսկապես այդ հատուկ ուշադրությունը չկա մեր դպրոցներում: Այս կենտրոն տղաս արդեն երեք ամիս է`մեծ սիրով հաճախում է, նույնիսկ ափսոսում է, որ շաբաթական մեկ օր է պարապմունքը»,- ասում է նա: Մոր պատմելով` երկու տարի հանրակրթական դպրոց այցելելով` Նարեկը կարողացել է նորմալ շփվել իր հասակակիցների հետ, չնայած չի կարողացել նրանց հավասար սովորել: «Երկու տարում նա այդպես էլ չկարողացավ տառերը սովորել, բայց շփման առումով պրոբլեմներ չուներ, երեխաների հետ ազատ խաղում, խոսում էր: Իսկ ութ տարվա ընթացքում, երբ մնաց տանը, նրա մոտ շփման մեջ դժվարություններ ձևավորվեցին, փակվեց իր մեջ, շփումը միայն ընտանիքի անդամների հետ էր»: Տիկին Ալինան նույնպես ցանկանում է, որպեսզի այնպիսի կենտրոն ստեղծվի, որտեղ կկարողանան հաճախել իր տղայի նման երեխաները: «Այնպիսի կենտրոն, որը կարողանա զարգացնել նման երեխաներին, ինչպիսին, օրինակ, World Vision-ն է, լինի մի կենտրոն, որտեղ այս երեխաները կարողանան գոնե սոցիալիզացվել, չեմ ասում` դառնան գիտնականներ: Կարողանան այս կյանքում մեզանից հետո իրենց տեղը գտնել, մենք հիմա իրենց կողքին ենք, օգնում ենք, բայց միշտ չէ, որ նրանց կողքին ենք լինելու»,- ասում է նա: World Vision կազմակերպության երեխաների պաշտպանություան հարցերով մասնագետ Տիգրան Ճորոխյանը հավաստիացնում է, որ իրենց կազմակերպության աշխատանքներն ի սկզբանե ուղղված են եղել առավել խոցելի երեխաների կրթության իրավունքի իրացմանը, որոնք գրեթե մշտապես անելանելի վիճակում են: «Շատ մեծ է Հայաստանում հաշմանդամ երեխաների խնդիրը, քանի որ նրանց մեծ մասը հիմնականում չի հաճախում դպրոց: Եվ World Vision-ն իր թիրախը դարձրեց թե' սոցիալապես անապահով, թե' հաշմանդամ երեխաներին: Եթե վերցնենք երկու ոլորտներն էլ, ասեմ, որ աշխատանքները տարվում են ոչ միայն հանրակրթական դպրոցների հետ, այլև հատուկ հաստատությունների հետ ենք աշխատում: Այստեղ գտնվում էին ոչ առանց ընթացակարգերի ընդգրկված երեխաներ, այսինքն` եթե դպրոցը նախատեսված է միայն հաշմանդամի համար, այդ դպրոց են հաճախում նաև սոցիալական կարիք ունեցող երեխաները, որոնք հաշմանդամ չեն,և դա արդեն չափազանց մեծ վնաս է հասցնում երկու խմբի երեխաներին էլ: Առաջին հերթին աշխատող ուսուցիչները, դայակները, դաստիարակները համապատասխան հմտություններ չունեն` վարվելու երկու տիպի երեխաների հետ էլ, և նրանց միջև կոնֆլիկտ է առաջանում, ու արդյունքում երկու տիպի երեխաներին էլ վնաս է հասցվում: Դեռ չհաշված այն փաստը, որ ցանկացած տիպի երեխայի հաստատությունում տեղավորելը մեծ ազդեցություն է ունենում երեխայի վրա` որպես անհատականություն: Մեր նպատակն էր նախ առանձնացնել այդ երկու տիպի երեխաներին: Նաև ցանցային աշխատանքի միջոցով փորձեցինք գրեթե բոլոր համայնքներում հավաքել բոլոր համապատասխան կազմակերպություններին, որպեսզի քննարկենք հրատապ խնդիրները և դրանց լուծումներն առաջարկենք: Ներկայումս գործում է երեխաների պաշտպանության ցանց, որտեղ ներառված են 15-ից ավելի կազմակերպություններ»: Մայրաքաղաքո՞ւմ են կրթությունից դուրս մնացած երեխաներ ավելի շատ հանդիպում, թե՞ մարզերում: Տ. Ճորոխյանի խոսքերով`պարզապես խնդիրներն են տարբեր. Երևանում երեխաները հիմնականում կրթությունից դուրս են մնում կենցաղային պայմաններից կամ հաշմանդամությունից ելնելով, իսկ մարզերում շատ ավելի գերակշռում է աշխատելու հետևանքով կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը: «Օրինակ` Գյումրիում թե' հաշմանդամների թիվը, թե' խոցելի ընտանիքների, բնակարան չունեցողների թիվն է մեծ, և բնական է, որ այնտեղ կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը շատ ավելին է: Բայց իրավիճակն այնպիսին չէ, որ մենք խոսենք անհավասարաչափ զարգացման մասին»,- ասում է նա` հավելելով, որ իրենց սոցիալական աշխատողները հայտնաբերում են խոցելի ընտանիքներին, այնուհետև գնահատվում են նրանց կարիքները: «Մենք սկսում ենք աշխատել ընտանիքների հետ արդեն այն դեպքում, երբ ունենք ախտորոշված խնդիրներ և հստակ առաջարկներ մասնագետների կողմից»,- ասում է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել