HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հունիսի 1-ը ոչ բոլոր երեխաների համար է տոն

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում նույնպես այդ օրը նշվում է: Այս տարի հայտարարված է երեխաների իրավունքների պաշտպանության տասնօրյակ, եւ հունիսի 1-10-ը կազմակերպվելու են երեխաներին նվիրված տարբեր միջոցառումներ:

Սակայն, տոնական տրամադրություն ունեն ոչ բոլոր երեխաները: Մեր կողքին ապրում են երեխաներ, որոնք օբյեկտիվ պատճառներով իրենց հասարակության լիարժեք անդամ չեն զգում: Իրավական տեսանկյունից պետությունը հնարավորինն արել է, որպեսզի օրենքներում ամրագրվեն երեխաների իրավունքները, սակայն գործնականում հաճախակի ոտնահարվում են դեռահասների տարրական իրավունքները: Եվ կառավարությունն այդ ամենին պատշաճ ուշադրություն չի դարձնում: 01_06-saroԻգնաթեւոսյան Սարոն ապրում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Նա 12 տարեկան է, ի ծնե` հաշմանդամ: Սարոն ծնված օրից չի քայլել, նրա ձեռքերը թույլ են, իսկ ոտքերն ընդհանրապես չի զգում: Մայրը` Լուսինեն, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ տղան ամբողջ գիշեր անհանգիստ է եւ չի կարողանում հանգիստ քնել: «Անընդհատ ձայն է տալիս` մամ, ոտքս դզի, ինձ թեքի կողքի, մեջքիգ»,- ասում է Լուսինեն: Սարոն մշտապես գամված է հաշմանդամության սայլակին եւ ստանում է ամսական ընդամենը 11 հազար դրամ թոշակ. պետությունն այդքանով համարել է հարցը լուծված: Մինչդեռ այդ գումարը Սարոյի սննդի համար ծախսվելու դեպքում հազիվ 15 օր բավականացնի: 12 տարեկան երեխան արդեն հոգեբանական խնդիր ունի` նա իր արատի պատճառով ամաչում է շփվել հասակակիցների հետ: Տիկին Լուսինեի ասելով, երբ Սարոյին սայլակով փողոց են տանում, ու երեխաները մոտենում են նրան, տղան ընկճվում է եւ մորն ասում, որ իրեն տուն տանի: Նա մեզ հետ էլ մեծ դժվարությամբ համաձայնվեց զրուցել: Սարոն պատմեց, որ շատ է սիրում սովորել եւ քանի որ ի վիճակի չէ դպրոց գնալ, ուսուցչուհին տնային պայմաններում է իր հետ պարապում: «Նոր եմ տառերը սովորում, բայց շատ եմ սիրում սովորել, կուզենայի դպրոց գնալ: Ռուսերեն լեզուն եմ շատ սիրում, ուզում եմ դա էլ պարապել»,- ասաց Սարոն: 01_06-mherՆրա եղբայրը` 6 տարեկան Մհերը, նույնպես հաշմանդամ է, բայց կարողանում է ինքնուրույն քայլել եւ սայլակից շատ քիչ է օգտվում: Մհերը սովորում էր գյուղի հանրակրթական դպրոցի առաջին դասարանում, սակայն դպրոցի երեխաներն ու համադասարանցիները ծաղրել են նրան ու այդ օրվանից հրաժարվել է դպրոց գնալ: Նրան հարցրինք` արդյոք չի ուզու՞մ դպրոց հաճախել, շփվել իր ընկերների հետ ու կրթություն ստանալ: «Ես ընկերներ չունեմ ու չեմ էլ ուզում ընկեր ունենամ: Դպրոց չեմ ուզում գնամ, որովհետեւ ինձ վատ են վերաբերվում, ծիծաղում են իմ վրա: Ես ուզում եմ, որ դասատուն գա մեր տուն ու դասերս տանը սովորացնի»,- հուզված պատասխանեց Մհերը: Հաշմանդամ տղաների մայրը նույնպես հաստատեց, որ դպրոցում Մհերին վատ են վերաբերվել: Արդեն մի քանի ամիս է Մհերը դպրոց չի գնում, ու նրա համար դեռեւս տնային ուսուցում չի իրականացվում: Նշենք, որ տնային ուսուցման համար պետությունը տնային պայմաններում դասավանդող ուսուցչին հավելյալ գումար չի տալիս, այդ ամենը մնում է դպրոցի տնօրենի հայեցողության վրա: Եվ շատ տնօրեններ չեն ցանկանում, որ ուսուցիչները երեխայի հետ տնային պայմաններում պարապեն: Իգնաթեւոսյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է մեկ փոքրիկ սենյակում, եւ ընտանիքի չափահաս անդամները ստիպված հատակին են քնում, որպեսզի հաշմանդամ երեխաները մահճակալին քնեն: Սենյակն այնքան փոքր է, որ երբ Սարոն սայլակին նստած է լինում, սենյակում գրեթե հնարավոր չէ ազատ տեղաշարժվել, նույնիսկ ոտքի ճանապարհ չի լինում: Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված բավականին լուրջ բացթողումներ ու խնդիրներ ունեն: «Մարզում չկան երեխաների աջակցության եւ խնամքի կենտրոններ: Հանրապետությունում նման կենտրոններ չունեն ընդամենը մի քանի մարզեր, ու Արագածոտնի մարզը դրանց թվում է: Այս դեպքում, երբ հոգեբանի կարիք է զգացվում, երեխաներին ուղարկում ենք Երեւան, սակայն շատ դեպքերում ծնողները չեն համաձայնվում Երեւան գնալ, քանի որ ի վիճակի չեն ամեն անգամ հասնել մայրաքաղաք ու ետ գալ»,- ասաց տիկին Դանիելյանը: Արագածոտնի մարզում նա առանձնացրեց մի քանի իրավիճակներ, որոնց դեպքում հաճախ խախտվում են երեխաների իրավունքները: «Երեխաները շահարկվում եւ ճնշումների են ենթարկվում հատկապես ամուսնալուծված կամ ամուսնալուծման եզրին կանգնած ընտանիքներում, քանի որ ծնողներից յուրաքանչյուրը փորձում է երեխաներին իր մոտ պահել եւ նրանց տրամադրում է մյուս ծնողի դեմ, ինչը երեխային հոգեբանորեն ճնշում է: Հաճախ են պատահում նաեւ դեպքեր, երբ նույն տարիքի երեխաները միմյանց նկատմամբ բռնություններ են գործադրում, որպեսզի դառնան լիդեր եւ ինքնահաստատվեն: Այստեղ լուրջ հոգեբանական աշխատանք է պետք կատարել, որպեսզի անչափահաս երեխաների մոտ կանխվեն հանցագործությունների կատարման դեպքերը: Ինչ վերաբերում է անապահով ընտանիքների երեխաներին, ապա, իմ կարծիքով, նրանց առաջին հերթին նյութական աջակցություն է պետք»,- նշեց Գայանե Դանիելյանը: Բաժնի պետից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է, որ 6 տարեկան Մհերը դասընկերների հետ վիճաբանություն է ունեցել եւ հիմա դպրոց չի հաճախում: «Մարզում 20 երեխայի համար տնային ուսուցում ենք կազմակերպում: Բայց կան երեխաներ, որոնք 12-13 տարեկան են, եւ նրանց ծնողները չեն համաձայնվում տնային ուսուցում կազմակերպել, մենք էլ չենք կարողանում նրանց համոզել: Ճիշտ եք, Սասունիկ համայնքում նման երեխաները համեմատաբար ավելի շատ են, եւ այդ գյուղի երեխաների համար մարզպետարանում հատուկ քննարկում էինք կազմակերպել: Անկեղծ ասած` Մհերի դեպքն ինձ ծանոթ չէ եւ անպայման կհետաքրքրվեմ նրանով: Հույս ունենք, որ երեխաների իրավունքների պաշտպանության օրը հասարակության տարբեր ուժեր նույնպես իրենց լուման կներդնեն առկա խնդիրները լուծելու համար»,- ավելացրեց տիկին Դանիելյանը: Արմավիրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարինե Հովակիմյանը համարձակություն չունեցավ նշելու իր մարզում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները: Նա Արմավիրի մարզում երեխաների իրավունքների պաշտպանությունը գնահատելով 5 բալային համակարգով` իրենց մարզին շնորհեց 4 միավոր` նշելով, որ «4» գնահատել է զուտ այն պատճառով, որ անհամեստություն չթվա, այլապես կգնահատեր «5»: «Իմ խոսքերում լավատեսություն էլ կա, բայց գնահատեցի փաստը: Եթե համեմատության մեջ դնենք այլ մարզերի հետ, ապա Արմավիրի մարզում երեխաների իրավունքներն ավելի լավ են պաշտպանված»,- ասաց տիկին Հովակիմյանը: Ըստ նրա` տարվա ընթացքում իրենց բաժինը ստանում է մոտ 60 դիմում, որոնց բովանդակությունը հիմնականում խնդրանք է, կամ ինչ-որ հարցում ծնողներն ակնկալում են բաժնի պետի միջնորդությունը: Մարինե Հովակիմյանի ասելով` դեռ բողոք չեն ստացել: «Սոցիալապես անապահով ընտանիքների հաճախումը հանրակրթական դպրոցներ հիմնականում ապահովված է, իսկ եթե երեխան հաշմանդամ է, ապա կախված հիվանդության բարդությունից եւ կառավարության կողմից սահմանված հիվանդության ցանկի` կամ տնային պայմաններում են կրթություն ստանում, կամ էլ հաճախում են գիշերօթիկ դպրոցներ»,- հավելեց Մ. Հովակիմյանը: Թե ինչու տիկին Հովակիմյանը թաքցրեց Արմավիրի մարզում երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերը, անհասկանալի է, քանի որ մի քանի կոնկրետ դեպքեր, օրինակ` դպրոցում աշակերտների վիճաբանությունն ու դանակահարությունը, հասարակությանն արդեն հայտնի են: էջմիածնեցի մի ընտանիքի օրինակով փորձենք ներկայացնել, թե իրականում ինչ խնդիրներ ունեն Արմավիրի մարզի երեխաները: 01_06-mariamԲարսեղյան Մարիամը սովորում է Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: Բարսեղյանների բազմանդամ ընտանիքը` ծնողներն ու 8 երեխաները, ապրում են ծայրահեղ աղքատ վիճակում եւ հաճախ չեն էլ կարողանում դպրոցահասակ երեխաների տետրերի ու հագուստի գումարը հասցնել: Մարիամը գիտեր, որ հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, սակայն կարծում էր, որ իր իրավունքներն ամենեւին էլ պաշտպանված չեն: «Հիմնականում դպրոցում եմ խնդիրներ ունենում, երբ գիրք ու տետր չեմ ունենում: Օրինակ` մեկ ամիս գիրք չունեի ու փող էլ չունեի, որ գիրք առնեի, դասատուներն ինձ «2» էին դնում, բայց բարեկամ էլ չունեի, որ նրանցից գիրք վերցնեի սովորեի: Մի դասատու էլ կա, իմ հանրահաշվի դասատուն է` ընկեր Զեյնալյանը, ինձ «2» է դնում նրա համար, որ տետր չունեմ: Զգացել եմ, որ Զեյնալյանն ինձ չի սիրում եւ ուզում է թողնել նույն դասարանում: Բոլորի հետ լավ է վերաբերվում, իսկ իմ հետ` վատ: Իմ հետ կոպիտ է խոսում, երեւի ես աղքատ եմ, դրա համար»,- «Հետքին» պատմեց Մարիամը: Զրուցեցինք նաեւ Մարիամի հանրահաշվի ուսուցչուհու` Շուշանիկ Զեյնալյանի հետ: Նա վատ վիճակում հայտնվեց, երբ իմացավ, որ Մարիամն իրենից դժգոհել է: «Տնային աշխատանքի տետր Մարիամն ունի, ու նա դիտավորությամբ տետրը տանն է թողնում, ի՞նչ եք ասում, դրա համար ուսուցիչը չպե՞տք է դիտողություն անի: Մարիամին ես ընդհանրապես չեմ կոպտել, պարզապես նկատողություն եմ արել, որ նա տետր չի բերում ու դասին չի պատրաստվում: Եթե զգամ, որ Մարիամը տետր չունի, ես երբեք ինձ թույլ չեմ տա նրան վիրավորել: Հաճախ ես եմ նրան տետր տվել, որ դասարանում իրեն վատ չզգա: Գիտեմ, որ նրա ընտանիքը վատ է ապրում ու ինձ երբեք թույլ չեմ տա նրան կոպտել»,- ասաց Շուշանիկ Զեյնալյանը: Հետաքրքիրն այն է, որ Մարիամի համադասարանցիների ծնողներն ինչ-ինչ ճանապարհով իմացել էին, որ Զեյնալյանի վերաբերմունքի կապակացությամբ Մարիամի հայտնած կարծիքի մասին, եւ ուսուցչի հետ մեր հանդիպման հաջորդ օրը մոտ 30 ծնողներ ինձ հրավիրեցին դպրոց, որ ասեն, թե ինչքան հոգատար է Շուշանիկ Զեյնալյանը աշակերտների նկատմամբ, եւ որ նա չէր կարող կոպիտ լինել Մարիամի հետ: Ծնողները փորձում էին բացատրել, որ Մարիամն ավելի շատ հոգեբանական խնդիր ունի, քանի որ նա նույնիսկ իր դասընկերների հետ չի շփվում: Իմ ու ծնողների քննարկումը տեւեց 2 ժամից ավելի: Հանդիպման վերջին պահին ներկա գտնվեց նաեւ Շուշանիկ Զեյնալյանը: Նա ծնողների ներկայությամբ երդվեց, որ Մարիամի հետ կոպիտ չի եղել եւ սենյակից դուրս եկավ արցունքն աչքերին: Մենք նույնպես համոզվեցինք, որ տիկին Զեյնալյանը Մարիամին չի կոպտել, երբ երկրորդ անգամ այցելեցինք Բարսեղյանների ընտանիքին ու զրուցեցինք Մարիամի հետ: 8-րդ դասարանի աղջնակի մոտ նկատելի էր ագրեսիան իր շրջապատի նկատմամբ: Նա իրեն վիրավորված էր զգում եւ զրույցի ժամանակ անընդհատ շեշտում էր, թե ինքն աղքատ է ու դրա համար իրեն շրջապատում չեն հարգում: Երեխաների խնդիրների եւ կոնկրետ այս դեպքի առնչությամբ զրուցեցինք նաեւ հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ: «Սա բազմակողմանի խնդիր է եւ, իհարկե, պետությունն այստեղ անելիք ունի: Դիտարկելով անապահովների եւ հաշմանդամների հոգեբանական խնդիրները` նշեմ, որ դրանք նրբերանգներով տարբերվում են: Հասարակությունը դիտարկելով որպես «առողջների աշխարհ», հաշմանդամների նկատմամբ այդքան էլ ուշադիր չեն եւ տանելի չեն համարում նրանց հետ շփումը: Դա նաեւ հասարակության բարոյական ցուցանիշն է: Երեխայի առողջ հոգեկան աշխարհը լիարժեք դարձնելու համար մեծ է նաեւ ընտանիքի դերը: Եթե հաշմանդամներն իրենց թերի են զգում ֆիզիկական արատի պատճառով, ապա աղքատության մեջ հայտնված երեխան իրեն թերի է զգում սոցիալական տեսանկյունից: Շատ դեպքերում օգնում է հոգեբանական ինքնապաշտպանությունը, ասենք` եթե ես աղքատ եմ եւ չունեմ այն ամենն, ինչ ունեն իմ հասակակից երեխաները, բայց ես ունեմ այս առավելությունը, որը չունեն մյուսները»,- ասաց Կարիե Նալչաջյանը: Նրան խնդրեցինք մեկնաբանել Մարիամի պահվածքը, թե ինչու է իր ուսուցչուհու սովորական նկատողությունը համարել իր անձին հասցրած վիրավորանք: «Այստեղ գործ ունենք անարդարության զգացումի հետ, որն արդեն նստել է Մարիամի մեջ: Կոնկրետ այս դեպքում Մարիամն իրեն բարդութավորված է զգում, քանի որ ինքը վատ է ապրում: Հասարակությունը պետք է լինի ուշադիր եւ նման մարդկանց համար ստեղծի զարգացման հնարավորություններ, որպեսզի նրանք հասնեն հաղթանակների, թեկուզ փոքր հաղթանակների: Ամեն դեպքում, պետք է զարգացման հնարավորություն տալ, եւ ոչ թե խղճալ նրանց: Ինչ վերաբերում է պետության դերին, ապա գլոբալ առումով պետք է երկրում վերացնի աղքատությունը: Եթե երկրում կան խոցելի խմբեր, ապա պետությունն անպայման պետք է այստեղ դերակատարություն ունենա, բայց ոչ թե ամեն անգամ նրանց բրինձ կամ ալյուր տա, քանի որ դրանից կառաջանա մի նոր խավ` «ուզողների» խավը: Կարծում եմ` խոցելի ընտանիքներին վերաբերող ծրագրերին պետք է անմիջական մասնակից դարձնել նաեւ հոգեբաններին: Պետությունը կարող է ինչ-որ դրական բան անել նման ընտանիքների համար, բայց այդ օգնությունը հնարավոր է լինի շատ ճնշող եւ հակառակ արդյունքը տա: Այստեղ հոգեբանի դերը մեծ է»,- ավելացրեց տիկին Նալչաջյանը: Իմ ու Մարիամի դասընկերների ծնողների քննարկմանը չէինք անդրադառնա, եթե չլիներ Մարիամի քրոջ` 5-րդ դասարանում սովորող Արուսյակի պարագան: ՀՀ Սահմանադրության հոդված 36-ում հստակ սահմանված է. «Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար», սակայն տարբեր պատճառներից ելնելով` իրականում ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի հոգ տանել իրենց երեխաների մասին: Այս ընտանիքը հենց նման իրավիճակում է` ծնողն ի վիճակի չէ հոգ տանել իր երեխաների մասին: Արուսյակի մոր` տիկին Չինարի պատմելով, 2000 թվականին Արուսյակը ծանր հիվանդացել է եւ 4 օր պառկել հիվանդանոցոըմ: Բժիշկներն ախտորոշել են աղիքային լուծ: Դրանից հետո երեխայի աճը կանգնել է, ու 12-ամյա աղջիկը բավականին հիվանդոտ տեսք ունի: «Երեխային Էջմիածնում բժշկի տարել եմ, բայց ասում են պիտի Երեւան տանես, մենք էլ օրվա հացի փող չունենք, ո՞նց տանենք հիվանդանոց պառկեցնենք: Երեխային հիվանդանոց պառկեցնելու համար մի մեշոկ փող են ուզում»,- մի տեսակ անտարբերությամբ ասաց Չինարը: Քանի որ Արուսյակը հիվանդ է, շատ քիչ է դպրոց հաճախում, եւ նրա համար տնային ուսուցում էլ նախատեսված չէ: 01_06-anushik1 Եթե Մարիամի դասընկերների ծնողները, թեկուզ ուսուցչուհու անունը փրկելու համար, դպրոցում այդ առիթով 2 ժամից ավելի քննարկում կազմակերպեցին, ապա Արուսյակի դեպքում անտարբերությունն առկա է: Ոչ միայն համադասարանցիների ծնողները, այլեւ նույնիսկ Արուսյակի դասղեկը երբեւիցե չեն հետաքրքրվել, թե աղջիկն ինչու է դասերից հաճախակի բացակայում: Հուսանք, որ այս հրապարակումից հետո էլ Արուսյակի դասընկերների ծնողները քննարկում կկազմակերպեն եւ, եթե պետությունն անտարբերություն է դրսեւորում, գոնե իրենք ինչ-որ չափով աջակցեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter