HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Անսպասելիության էֆեկտ. ինչու ընտրություններում պարտվեցին բոլորը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական պաշտոնական տվյալների համաձայն` Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տարան մասնակից 7 քաղաքական ուժերից միայն 3-ը. ՀՀԿ (47,39%), ԲՀԿ (22,71%) եւ ՀԱԿ (17,41%): Մնացած 4 կուսակցությունների` ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ԺԿ-ի եւ ՀԱՍԿ-ի հավաքած քվեների ընդհանուր թիվը չի գերազանցել 12 տոկոսը:

Հանրապետական կուսակցության ստացած քվեն լիարժեքորեն բավարար է Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրելու համար, հետեւաբար կարելի է արդեն իսկ ասել, որ մայրաքաղաքի նոր քաղաքապետը հենց Գագիկ Բեգլարյանն է լինելու: Այս ընտրությունները, սակայն, մի քանի հետաքրքրական իրողություններ ի հայտ բերեցին, որոնք կարող են քաղաքական դաշտում ուժերի ու ազդեցությունների նոր վերաբաժանման պատճառ դառնալ: 1. Քվեարկության ընթացքը ցույց տվեց, որ ընտրական մշակույթը մեզանում որեւէ փոփոխություն չի կրել անցած նախագահական ընտրություններից ի վեր: Ավագանու ընտրություններում լիարժեքորեն կատարվեցին բոլոր այն ընտրախախտումները, որոնք հատուկ էին անցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ընթացքին` լցոնումներ, հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների ահաբեկում, ծեծկռտուք, արտաքին միջամտություն ընտրական հանձնաժողովների աշխատանքին, ընտրողների ցուցակագրում ու ընտրատեղամասեր ուղեկցում, «կարուսելներ» եւ այլն: Որ այդպիսիք լինելու էին, ոչ ոք չէր կասկածում: Խնդիրն այն էր միայն, թե ինչ ծավալներով դրանք կարվեին եւ որքանով համակարգված: Այսուհանդերձ, առավել վառ արտահայտվեցին երկու իրողություններ, որոնք կարելի է այս ընտրությունների առանձնահատկություններից համարել: Նախ` հարձակման առաջին թիրախ էին դառնում քվեարկության եւ ձայների հաշվարկը լուսաբանող լրագրողները: Նրանց նկատմամբ բռնություններն իրականացվում էին բացահայտ ու լկտի կերպով: Իսկ ոստիկանության եւ ԿԸՀ-ի բացարձակ անտարբերությունն այդ բռնությունների նկատմամբ ցույց տվեց, որ տեղի ունեցածները ոչ թե առանձին դրսեւորումներ էին, այլ կայուն կերպով եւ հետեւողականորեն մեզանում հաստատվող, օրինաչափություն դարձող` լրագրողների նկատմամբ ոտնձգությունների տրամաբանական շարունակություն: Երկրորդ` փլուզվեց այն միֆը, թե երեւանցիներին ընտրակաշառքով հրապուրելը, խաբելը այդքան էլ հեշտ չի լինի: Ընտրակաշառքները բաժանվում էին բացահայտորեն, առանց սեթեւեթանքների եւ շատ ավելի լայն, ընդգրկուն մասշտաբներով, քան անցած խորհրդարանական եւ նախագահական ընտրություների ժամանակ: Արձանագրված նախնական արդյունքների վրա ընտրակաշառքների բաժանումը եւ հատկապես «կաշառվածների» քվեարկության նկատմամբ լուրջ վերահսկողությունը ունեցան հսկայական, կարելի է ասել` որոշիչ ազդեցություն: 2. Հանրապետական կուսակցության ստացած ձայների քանակը ցույց տվեց, որ, ըստ էության, իշխանությունն առաջնորդվել է 2007 թ. խորհրդարանական ընտրությունների սցենարով: Այն ժամանակ էլ խիստ չափազանցվում էր ԲՀԿ-ի ազդեցությունն ու նշանակությունը ՀՀԿ-ին հակակշռելու տեսանկյունից, բոլորը կանխատեսում էին անզիջում, թեժ պայքար այդ երկու ուժերի միջեւ, սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ ՀՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ մրցակից բոլոր ուժերի նկատմամբ էլ ու ձեռք բերել քաղաքական մեծամասնություն ձեւավորելու միանձնյա իրավունք: Եվ այդ հանգամանքը, արդյունքներն այնքան անսպասելի էին, որ քաղաքական ուժերը շոկային վիճակի մեջ էին ընկել` չիմանալով ինչպիսի կեցվածք ընդունել: Այս տեսակետից` ԲՀԿ-ն ընդամենը բուֆերի, պլացդարմի դեր է կատարում ՀՀԿ-ի համար` լիաժեք դարձնելով նրա հաղթանակը: Ավագանու ընտրությունների այս արդյունքները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ի սկզբունքայնությունը նախընտրական շրջանում, ՀՀԿ-ԲՀԿ բախումները նախօրոք մշակված սցենարի ցուցադրություն էր` խիստ իրատեսական արդյունքների ակնկալիքով, որը լիարժեքորեն իրականացավ: 3. ՀԱԿ-ը հիմա հայտնվել է այն նույն վիճակում, ինչ 2007 թ. ընտրություններին մասնակցած ընդդիմությունը, որը դրանից հետո ուղղակի մարգինալացման ուղու վրա հայտնվեց: Անշուշտ, ՀԱԿ-ի ձայները յուրացվեցին կամ փոշիացվեցին, եւ նրա ստացած 17, 41 տոկոս ձայները չեն արտացոլում ՀԱԿ-ի իրական պոտենցիալը: Սակայն ՀԱԿ-ի պարտության գլխավոր պատճառը դա չէ, այլ ընտրարշավի ընթացքում թույլ տված հատկապես երկու տակտիկական վրիպումը: Առաջին` քարոզարշավի ոչ արդյունավետ անցկացում: Չնայած ակնհայտ էր, որ իշխանությունը երբեք Երեւանը չի հանձնի ընդդիմությանը, սակայն ՀԱԿ-ը եւ հատկապես Տեր-Պետրոսյանը ոչինչ չարեցին հանրությանը ետընտրական գործընթացներին նախապատրաստելու համար, մի բան, որ հիանալի կերպով արվեց անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Սխալ էին դրվում շեշտադրումները քարոզարշավի ժամանակ: ՀԱԿ-ն իր իներտությամբ, ըստ էության, ավելի շատ երեւանցիներին մղում էր անտարբերության, քան ակտիվ նախաձեռնողականության, պայքարի: Երկրորդ բացթողումը կապված է «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ դրսեւորած անհանդուրժողական մոտեցման հետ: Հատկապես ՀԱԿ-ի «ինքնասիրահարվածության» արդյունքում էր, որ չհաջողվեց «Ժառանգությանը» ներքաշել ընտրական գործընթացի մեջ, նրան դարձնել անմիջական խաղացող եւ հակակշռել իշխանական ուժերի ճնշմանը: Ընդ որում` բացարձակապես նշանակություն չուներ` «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ մեկ ցուցակո՞վ կմասնակցեր ընտրություններին, թե` առանձին ցուցակով: ՀԱԿ-ն, իհարկե, կփորձի ետընտրական որոշակի ակտիվություն ցուցաբերել, գուցե նաեւ վիճարկել ընտրությունների արդյունքները: Սակայն, ինչպես ասում են` գնացքն արդեն մեկնել է, հատկապես որ դիտորդական խմբերն են ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխող ճանաչելու հակվածություն ցուցաբերում: ՀԱԿ-ին չափազանց դժվար ժամանակաընթացք է սպասվում առաջիկայում: 4. Խաղից դուրս վիճակում հայտնվեցին ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Ընդ որում` ՀՅԴ-ն ավելի քիչ ձայներ հավաքեց, քան ՕԵԿ-ը, որի վարկանիշն ավելի ցածր էր, քան ՀՅԴ-ինը: Այսպիսի պատկեր ապահովելն ինքնանպատակ չէր: Նախ` իշխանությունը չէր կարող թույլ տալ, որպեսզի այնպիսի պատկեր ստացվեր, թե իրենք համագործակցում են մի ուժի հետ, որը հասարակական վստահության ռեսուրս ընդհանրապես չունի: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի ՕԵԿ-ը գոնե 5 տոկոսի սահմաններում ձայներ ունենար, որպեսզի արդարացվեր նաեւ նրա ներկայությունը խորհրդարանում: Այսինքն` ստացած 5,22 տոկոս ձայների համար ՕԵԿ-ը պարտական է միմիայն իշխանությանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՅԴ-ի վարկանիշը կայուն, նույնիսկ ազատ անկման մեջ է: Դաշնակցությունը կորցնում է այն կարեւորագույն ռեսուրսը, որը միշտ հենման կետ է եղել վեջինիս համար. կայուն ընտրազանգվածը: Կուսակցության ղեկավարության ընտրած մարտավարությունը` անակնկալ կտրուկ տեղաշարժերը քաղաքական դաշտում, տարօրինակ ռեւերանսները եւ դրանց համար համոզիչ փաստարկներ չներկայացնելը անվստահություն են առաջացնում այս ավանդական կուսակցության նկատմամբ, եւ ՀՅԴ-ն աստիճանաբար սկսում է տեղավորվել անկանխատեսելի քաղաքական ուժի կերպարի համատեքստում: Այսպիսի իրավիճակը ՀՅԴ-ին այլ ելք չի թողնում, քան աստիճանաբար արմատականության «խրամատներն անցնելը»: 5. Հատկանշական է այն փաստը, որ չնայած մասնակից կուսակցություններն իրենք էին բազմաթիվ ընտրախախտումների մասին հայտարարություններ անում, նրանցից եւ ոչ մեկը ընտրություններից անմիջապես հետո միանշանակ չընդվզեց ԿԸՀ հրապարակած արդյունքների դեմ: Նման իրավիճակ ստեղծվել էր 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը հետագայում հանգեցրեց հարմարվողականության եւ դրանով իսկ կատարված ընտրախախտումների վավերացման: Չի բացառվում, որ այդպես կլինի նաեւ այս ընտրություններից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter