
Մայիսի 31-ին` ժամը 15-ից սկսած, ճիշտ այն ժամանակ, երբ մայրաքաղաքի տարբեր ընտրատեղամասերում իշխանական կեղծարարները լցոնում էին կատարում, երբ սափրագլուխները ծեծում էին վստահված անձանց և լրագրողներին, երբ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները երթուղայիններով մարդիկ էին բերում ընտրության` նախապես ընտրակաշառք բաժանելով: Երբ տեղամասերից քվեատուփեր էին անհետանում, երբ հանձնաժողովների անդամների գերակշիռ մասը լծված էր ընտրությունները կեղծելուն, ԵԽ տեղական և տարածքյին իշխանությունների կոնգրեսի դիտորդները հայտարարեցին, թե Երևանի ավագանու ընտրությունները համապատասխանել են եվրոպական չափանիշներին:
Երևում է` դիտորդների ճաշը շատ երկար է տևել, համեղ և արգասաբար է եղել, և նրանք ուղղակի չեն հասցրել նույնքան ժամանակ տրամադրել նաև տեղամասեր այցելելուն, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ:
Շրջափակում
Երեկ Երևանում տեղի ունենալիք հանրահավաքին ընտառաջ ՀՀ իշխանությունները փակել էին մայրաքաղաք մտնող ճանապարհները: Սակայն այս անգամ մի քանի առանձնահատկություններ են արձանագրվել:
Նախ` ճանապարհները փակված են եղել մի քանի պատնեշներով: Ասենք, Գյումրիի Երևան մայրուղու առաջին պատնեշը դրված է եղել հենց Գյումրիի արվարձաններում, այնուհետև` Թալինի մոտ, այնուհետև` Աշտարակի մոտ: Նույնը նաև այլ մարզերից Երևան եկող ճանապարհների պարագայում: Եվ հետո, այս անգամ ոստիկանությունը զինված է եղել ավտոմատներով: ի դեպ, ճանապարհները փակած ոստիկանները երեկ չափազանց նյարդային են եղել:
Երևան-Աշտարակ ճանապարհի «գայի պոստի» մոտ ոստիկանները սպառնալիքներով հարձակվել են ոստիկանական պատնեշը լուսանկարող, «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» թերթրի լուսանկարիչ Գագիկ Շամշյանի վրա: Նրան սպասարկող ավտոմեքենան բոլորովին ապօրինի մոտ 40 րոպե պահվել է «գայի պոստին» կից տուգանային հրապարակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել