HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Կարապետյանը իր քվեները համեմատում է «սրբի արցունքի» հետ

«ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու ընտրությունները որակեց իբրև նվաստացուցիչ` նշելով, որ ժողովրդավարության մասին խոսք անգամ չի կարող լինել: «Ժողովրդին բերում էին, ժողովուրդը կամավոր չէր գալիս: Եվ առաջին անգամ դրսից և ներսից համագործակցում էին. դրսից ասում էին, դիմավորեք գալիս են, ներսից ասում էին` թող գան: Առաջին անգամ էի տեսնում, որ ընտրության քվեախցիկը թարս են դնում, ինչը մենք արձանագրեցինք 39 դպրոցում: Պարզ երևում էր, թե ում է քվեարկողը ձայն տալիս, և հետևից էլ մարդիկ էին կանգնած: 4 ժամ պայքարից հետո նոր փոխել են քվեախցիկը: Էլ չեմ ասում Մալաթիա-Սեբաստիա համայնքի մասին, որտեղ կուտակումները շատ-շատ էին, լցոնումներ էին անում, որոնցից մեկը ԱԼՄ-ի լրագրողն է կանխել: Այդ համայնքի մի շարք ընտրատեղամասերում հաշվել եմ Օրինաց երկրի ձայները, ամեն տեղ` 10, 15, 16 ձայն է և մի տեղամասում էլ հանկարծ` 502 ձայն, դրան կից տեղամասում էլ` 478: Ինչ է, ՕԵԿ-ի կուսակցականները միայն այդ երկու` 8/22 և 8/23 տեղամասերի մո՞տ են ապրում»,- ասաց նա` նշելով, որ ինքը պաշտոնապես հայտարարում է, որ դատապարտում է նման ընտրությունները և դժգոհ է գործընթացից: «Իմ քվեների մասին չեմ խոսում, քանի որ ինչպես սրբի արցունք, դրանք մաքուր են, ինչքան էլ լինեն` ես գոհ եմ ու հպարտ: Ես միտումնավոր ոչ մի բան  չեմ արել, ոչ մեկի հետ չեմ հանդիպել, չեմ հորդորել, ամենահամեստ գումարն եմ ունեցել, ընդամենը մեկ միլիոն 800 հազար դրամ նախընտրական հիմնադրամ, ու այն ձայները, որ ստացել եմ, ամենամաքուր, անարատ, սրտից եկած ձայներն են»,- ասաց նա: Խոսելով Եվրախորհրդի դիտորդական առաքելության գնահատականի մասին` Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը չի զարմանում այդ գնահատականից: «Հաշվի առնելով, որ իրենք ասացին, որ վերջում  գնացել են ռեստորան, կոնյակ են համտեսել ու շատ է դուրներն եկել, ես չեմ զարմանում իրենց զեկույցի վրա: Ես երբևէ չեմ կարող կարծել, որ 15 հոգի դիտորդ կարող են ունենալ օբյեկտիվ եզրակացություն»: «ԺԿ» նախագահի խոսքով` լուրջ խնդիր է նաև այն, որ  մեր բնակչությունը  չի մասնակցում ընտրություններին: Թեև ԿԸՀ-ն արձանագրել է 52 տոկոս մասնակցություն, սակայն  Տ. Կարապետյանի կարծիքով` իրականում մարդկանց հազիվ 25-30 տոկոս ընտրության եկած լինի: «Մարդիկ չեն գնում, իրենց տանում են: Հիասթափվում են մարդիկ, այս գործընթացը չի վերածվում տոնի, ինչ որ նորության, որովհետև նույն մարդիկ են ընտրվում, նույն գործողություններն են արվում»,- ասաց նա: Արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ որևէ քայլ անել Տ. Կարապետյանը չի պատրաստվում: Նա ասում է, որ նախապես արդեն հաստատ գիտի, թե ինչ պատասխան է ստանալու: «Կասեն` այո, մենք էլ ենք տեսել, որովհետև կենտրոնական հանձնաժողովը եղել է, եկել, արձանագրել են լցոնումները: Կասեն` էական դեր չխաղաց, ես նախապես գիտեմ իրենց պատասխանը: Եթե քննեին, կտեսնեին, որ շատ էական դեր են խաղացել: Շատ մեծ թիվ էին նաև անվավեր քվեաթերթիկները: Ընդհանրապես պետք է այդ բոլոր հանձնաժողովները լուծարել ու այլ ձևաչափ մտածել: Դրանով մարդիկ բիզնես են անում, փող են աշխատում: Իրենք էլ են ասում` մեզ մի մեղադրեք, վերևից են հրամայել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter