HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը

02_06-hyd-logoԵրեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն: Մենք նաեւ հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու եւ ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր ճանապարհ դուրս գալ: Ցավոք, այդպես չեղավ: Հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում: Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային եւ օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը: Փաստորեն, գաղափարական մոտեցումները, ծրագրային հարցադրումները, նպատակային անելիքները որոշիչ չեն դառնում մեր քաղաքացիների մեծամասնության ընտրության հարցում: Անկախ այն հանգամանքից, թե որքանով է ավագանին ձեւավորող քաղաքական ուժերի համամասնությունը համապատասխանում մայրաքաղաքում նրանց ունեցած իրական վարկանիշին, համայնքային այս ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցության արձանագրած արդյունքի պատճառները մենք հակված ենք փնտրել միայն մեր աշխատանքի մեջ: Մենք պարտավոր էինք հավաքական եւ անձնական օրինակով ապացուցել եւ ժողովրդին հասանելի դարձնել մեր դավանած ճանապարհի ճշմարտացիությունը: Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները չընթացան գաղափարական ծրագրային հիմքի վրա, եւ այս առումով ՀՅԴ-ի եւ քաղաքապետի նրա թեկնածու Արծվիկ Մինասյանի ջանքերը ըստ արժանվույն չարդյունավորվեցին: Ցավոք, մեր քաղաքացիները շարունակում են հիմնականում քվեարկել` տուրք տալով իշխանությունների վարչական ճնշամիջոցներին, ընտրակաշառքներին եւ ամբոխավարությանը: Իրավական առումով Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներ հարուցելը համարում ենք անօգուտ եւ աննպատակահարմար: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ, եւ Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ: Առանց մատնանշելու կոնկրետ ընտրախախտումները` ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը, որպես շարունակական արատավոր այս երեւույթների նկատմամբ քաղաքական անհամաձայնության արտահայտություն, չի ստորագրելու այս ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը: Միեւնույն ժամանակ կոչ ենք անում իշխանություններին, անհրաժեշտ նախադեպ ստեղծելով, քաղաքական կամք դրսեւորել եւ կեղծիքներով ու ընտրախախտումներով առավելապես աչքի ընկած ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչել անվավեր: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին 01.06.2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter