Քննությունները մեկնարկեցին
Հանրապետությունում այսօր մեկնարկեցին միասնական քննությունները։ Երեք՝ «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» առարկաներից 14 քննական կենտրոնում քննություն էր հանձնում այս և նախորդ տարիների 2765 շրջանավարտ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննությունների ընթացքին հետևում էր քննական երկու խոշոր` ԵՊՀ-ում և ՀՊՃՀ-ում գտնվող կենտրոններում, որտեղ, ընդհանուր առմամբ, քննություն էր հանձնում 632 դիմորդ։
«Մեր խնդիրն այսօր գործընթացը սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ կկազմակերպումն է, և վստահեցնում եմ, որ խստորեն հետամուտ ենք լինելու դրան։ Արդյունքում, գիտելիք ունեցող բոլոր դիմորդները պետք է իրենց տեղն ունենան մեր բուհերում»,- ասաց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը։
Մինչ քննությունների մեկնարկը նա զրուցեց քննությանը մասնակցող շրջանավարտների և նրանց ծնողների հետ՝ նշելով, որ քննական գործընթացում հաջողության հասնելու երաշխիքը գիտելիքն է և կենտրոնացումը՝ դրանք լավագույնս դրսևորելու համար։
Ինչպես միշտ, այս տարի ևս մեր հանրությունը հատուկ հետաքրքություն է դրսևորում բուհական քննություններին։
«Ես այս ուշադրությունը կարևոր ու անհրաժեշտ եմ համարում։ Կրթության հանդեպ մեր ազգը միշտ էլ պահանջկոտ է եղել։ Սակայն կցանկանայի, որ այդ ուշադրության կենտրոնը փոքր-ինչ փոխվեր՝ դեպի բուհերի ավարտական քննություններ։ Բոլորս հասկանայինք և կարևորեինք այն արդյունքը, որ տալիս են մեր բուհերը։ Ու հանրությանն ավելի հետաքրքրեր, թե ինչ որակի մասնագետներ ենք մենք պատրաստում»,- ասաց ԿԳ նախարարը։
Քննական առաջին օրվա արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն 5 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ՝ քննական թեստերին և ճիշտ պատասխաններին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՆ, ԳԹԿ կայքերում և կրթական պորտալում։ Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել