
Հետընտրական կրքերը չեն հանդարտվում: Հարցականներ շատ կան` անկախ նրանից, որ ԿԸՀ-ն դեռ պետք է վերջնական արդյունքներ հրապարակի: Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությունից հետո, որ ՀԱԿ-ը հրաժարվում է քաղաքային ավագանու իր մանդատներից, նոր զարգացումներ են ենթադրվում:
ՕԵԿ-ը դեռ հույս ունի, որ վերահաշվարկներով իր հասանելիք ձայները կավելանան, ու ինքն էլ կանցնի 7 տոկոսի արգելանքը: Համենայն դեպս, այդ ակնկալիքի մասին երեկ լրագրողների հարցերին ի պատասխան` ակնարկեց ՕԵԿ-ի քարոզչության պատասխանատու Հովհաննես Մարգարյանը, որը նաեւ ասաց, թե ՕԵԿ-ի 21 հազար ձայներն իրենց ռեալ ձայներն են, «առանց քոռ կոպեկի տված»:
Ըստ նրա` խախտումները տեխնիկական բնույթի են եղել, որոնք չեն կարող արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ:
«Քանի՞ ձայն է պետք, որ 7 տոկոսը հաղթահարեք, մի 10 հազա՞ր», «Ազգի» հարցին ի պատասխան` ասաց. «Թվին թվով կպատասխանեմ` 10 հազարն ու 6,5 հազարը շատ հեռու են իրարից»: Այսինքն` ՕԵԿ-ին մի 6,5 հազար ձայն է պակասում, որ 7 տոկոսը հաղթահարի:
Տեսնես` նրանց ակնկալիքները կարդարանա՞ն. մեր կարծիքով` հազիվ թե, ասեկոսեների մակարդակով` նրանց խոստացել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել