Եւ դո՞ւ, «Բարգավաճ»
Երեկ ողջ օրը խոսում էին այն մասին, որ «Բարգավաճ Հայաստանը» եւս որոշել է հրաժարվել Երեւանի ավագանու մանդատներից, իսկ այլ լուրերի համաձայն` նաեւ կոալիցիայում մասնակցությունից: Դա նշանակում է, որ երկիրը մտնում է պերմանենտ հեղափոխությունների եւ քաղաքական ճգնաժամի փուլ:
«Հրապարակը» փորձեց տեղեկությունը ճշտել ԲՀԿ-ից: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այն, ինչը նշանակում է, որ լուրն իրական է: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ տիրող լարված մթնոլորտը եւս վկայում էր, որ ինչ-որ պրոցեսներ են գնում:
Ուշ երեկոյան ասում էին, որ ԲՀԿ ղեկավար կազմը քննարկում է այդ հարցը: Այս առիթով կարելի է երկու մեկնաբանություն անել. կամ «Բարգավաճը» որոշել է ավելի մեծ զիջումներ կորզել իշխանությունից, կամ սա Ռոբերտ Քոչարյանի սցենարն է, որը փորձում է իշխանության գալ եւ որոշել է անցնել ակտիվ գործողությունների:
Ըստ էության, ընտրվել է լավագույն պահը` Սանկտ Պետերբուրգում Սերժ սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից առաջ: Նման իրավիճակը համաշխարհային հանրությանն էլ կապացուցի, որ Հայաստանի նախագահը չի տիրապետում իրավիճակին եւ կարող է դրսում եւս հանգեցնել այն մտքին, որ հարկավոր է ՀՀ նախագահի փոփոխություն իրականացնել:
Եթե անգամ դրսից միջամտություն չլինի, ապա ԲՀԿ-ի` Երեւանի ավագանու մանդատներից հրաժարվելու պարագայում մայիսի 31-ի ընտրությունները չեղյալ կհայտարարվեն, եւ նոր ընտրություններ կնշանակվեն, ինչը նույնպես կարող է ճակատագրական լինել գործող իշխանության համար:
Ամեն դեպքում, մտնում ենք հետաքրքիր զարգացումների շրջան: Քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են սպասվում, որոնց արդյունքում հայտնի չէ, թե ով որ դաշտում կհայտնվի եւ կգա իշխանության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել