HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակարգո՞ւմ, թե՞ համակարգից դուրս

aravot1Այն, որ ընդդիմությունը, մեծամասնություն չստանալու դեպքում, չի մասնակցի Երեւանի ավագանու աշխատանքներին, միանգամայն սպասելի էր եւ, որպես մարտավարական քայլ, ունի իր դրական եւ բացասական կողմերը: Նախ` մեծ է «դուռը շրխկացնելու» արտաքին էֆեկտը. վստահ եմ, որ ընդդիմության շարքային կողմնակիցներն այդ որոշումն ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Կոնգրեսն իր երկրպագուներին ցույց տվեց, որ տրամադրված է անզիջում պայքարի, իսկ դա Հայաստանում բարձր է գնահատվում: Էական է նաեւ, որ իշխանական քարոզչությունը հնարավորություն չի ունենա ասելու` «եթե ավագանին ոչ լեգիտիմ եք համարում, ինչո՞ւ եք գնում այնտեղ աշխատելու», «այդքան խոսեիք-խոսեցիք, հետո իշխանության հետ բարիշեցիք» եւ այլն: Հաստատ կչարախնդար, եթե ավագանու աշխատանքները չբոյկոտեին: Ի վերջո, եթե ասում ես, որ սրանք ոչ թե ավագանու, այլ նախագահական ընտրություններ են` երկրորդ փուլով, ուրեմն Երեւան քաղաքի խնդիրներով զբաղվելու որեւէ ցանկություն չունես եւ ունես ավելի մեծ քաղաքական նպատակներ: Դառնալ ավագանի` կնշանակեր գոնե որոշ չափով հրաժարվել այդ նպատակներից: Մյուս կողմից` մանդատներից հրաժարվելը կբերի նույնքան ակներեւ բացասական հետեւանքների: Նախ` նշեմ մի «տեխնիկական» հանգամանք: Ենթադրենք` թիվ 8 ընտրատարածքում ընտրություններն անվավեր են ճանաչվում: Նոր ընտրություններին ՀԱԿ-ը մասանակցելո՞ւ է: Եթե` ոչ, ի՞նչ է ասելու: Այլեւս նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չէ՞: Եթե մասնակցի եւ, ասենք` ջախջախիչ հաղթանակ տանի, այդ մանդատներից նույնպե՞ս պետք է հրաժարվի: Երկրորդ` երեւանցիների համար, այնուամենայնիվ, կարեւոր է, որ քաղաքային իշխանությունը գոնե ինչ-որ չափով վերահսկելի լինի, որ, օրինակ` կաշառքով շինթույլտվություններ չտրվեն, որ ծառերի փոխարեն նոր «օբյեկտներ» չսարքվեն եւ այլն: Կոնգրեսն իր խմբակցությամբ, իհարկե, չէր կարողանա կանխել այդ ապօրինությունները: Բայց ուժեղ լծակներ կունենար` դրանք բարձրաձայնելու ավագանու նիստերում: Այսօրվա Ազգային ժողովը նույնքան ոչ լեգիտիմ է, որքան Երեւանի ավագանին: Հիմա լա՞վ կլիներ, որ խորհրդարանում չլիներ «Ժառանգություն» խմբակցությունը, որի անդամներն ընդամենը 6 հոգով շատ ավելի մեծ գործ են անում, քան մնացածը` իրենց ավելի մեծաքանակ խմբակցությունները: Ընդդիմադիր ավագանիները նույնպես կարող էին մեծապես օգտակար լինել մայրաքաղաքին: Ի վերջո, ցանկացած ընդդիմություն (ոչ միայն Հայաստանում) կանգնած է ընտրության առաջ` լինել միայն փողոցո՞ւմ` մշտապես կանգնելով մարգինալացման վտանգի առաջ, թե՞ այս կամ այն ձեւով առնչվել համակարգի հետ` ընդունելով, որ մեր դեպքում այն ծայրաստիճան աղտոտված է: Այդ հարցը միանշանակ պատասխան չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter