Կարևոր են նաև ավարտական քննությունները
Հանրապետության հանրակրթական դպրոցների այս տարվա շրջանավարտներն այսօր հանձնում էին ավարտական քննություն՝ բնագիտական առարկաներից։ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից քննություն էր հանձնում 37731 շրջանավարտ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետևում էր մայրաքաղաքի թիվ 35 դպրոցում, որտեղ ժամանակին սովորել է մինչև ութերորդ դասարան։ Շրջանավարտներին հաջողություն մաղթելով՝ նախարարը նշեց, որ նրանք գտնվում են կյանքի կարևոր փուլում, ու չափազանց կարևոր է, թե վաղը նրանք ինչպիսի մասնագետ են դառնալու։
«Մեզ համար հավասարապես կարևոր են թե՛ ավարտական, թե՛ միասնական քննությունները, որովհետև դրանց շնորհիվ մենք տեսնում ենք հանրակրթական դպրոցի որակը։ Խնդիր, որ առաջնային է ինչպես հանրակրթության, այնպես էլ մասնագիտական կրթության պարագայում։ Կարևոր խնդիր է նաև դպրոցից մասնագիտական կրթություն շրջանավարտների հնարավորինս սահուն անցումն ապահովելը։ Դրա համար մշակվել և ներդրվել է միասնական ու ավարտական քննությունների համակարգը, որը որպես մեխանիզմ պետք է շարունակենք զարգացնել ու կատարելագործել»,- ասաց ԿԳ նախարարը։
Թիվ 35 դպրոցում բոլոր քննությունները սկսվեցին ճիշտ ժամանակին, ժամը՝ 11.00-ին, բացառությամբ «Կենսաբանության», քանի որ տեխնիկական պատճառով այդ առարկայի տեստերը դպրոց չէին հասել։ԳԹԿ-ից տեստերը բերվեցին, և խնդիրն արագ հարթվեց. 30 րոպե ուշացումով շրջանավարտները սկսեցին նաև այդ քննությունը։ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ այս ուշացումը չի լինի ի հաշիվ շրջանավարտների, և նրանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտագործել քննության համար սահմանված ժամանակը։ Իսկ նման տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով ԳԹԿ պատասխանատուներին կհանձնարարվի ևս մեկ անգամ ճշտել տեստերի բաշխման գործընթացը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել