HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վահագն Խաչատրյան. «Մենք այլևս որևիցե եզր չունենք գործող իշխանության հետ երկխոսելու»

vkhachatryan-30609Մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետությունում արժեզրկվեց և ոչ լեգիտիմ դարձավ հերթական կառույցը` քաղաքապետարանը: Մինչ այդ նրա լեգիտիմությունը կասկած չէր հարուցում այն առումով, որ քաղաքապետը նշանակվում էր երկրի ղեկավարի կողմից և աշխատում էր: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: «Այս ընտրությունների ժամանակ պարզվեց, որ իշխանությունը չի կարող իրեն փոխել: Խնդիրը, որ դրված է Հայ ազգային կոնգրեսի առջև` իշխանափոխությունը, ուժի մեջ է: Ավելին ասեմ, մենք այլևս որևիցե եզր չունենք գործող իշխանության հետ երկխոսելու, որովհետև արդեն պարզ է, որ այդ իշխանությունը չի կարող գոյություն ունենալ»,- նշեց Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով, մայիսի 31-ին անգամ եղել են դեպքեր, որ տվյալ ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 2000 մարդ, սակայն քվեատուփում 2300-2400 քվեաթերթիկ է հայտնվել: Եղել են դեպքեր, երբ քվեատուփը տարել են տուն: Այն մարդկանց, ովքեր հայտնի են եղել որպես ընդդիմադիր հայացքներ ունեցողներ և ՀԱԿ-ի ընտրողներ, թաղային հեղինակությունները թույլ չեն տվել ընտրատեղամասին մոտենալ: «98-ից հետո ինչ-ինչ գործողություններ էին կատարում, որպեսզի ընտրական ընդհանուր մեխանիզմների մեջ կատարելագործումներ ունենան` օրենքի փոփոխություններ, նույնիսկ խախտումների տեխնոլոգիաների մեջ մի քիչ ավելի ցիվիլ մոտեցումներ: Բայց այս ընտրությունների ժամանակ պարզվեց, որ կիրառվեց նույնիսկ այն, ինչը կոչվում է սովորական թերթիկների «կարուսել» հասկացություն: Կամ երկրորդը, որը կոչվում էր մասսայական լցոնումներ, երբ հանձնաժողովի անդամներին, մեր կողմից վստահած մարդկանց, դիտորդներին ուժով տեղամասից հանում էին, արկղը բացում էին և լցնում էին այնտեղ այնքան քվեաթերթիկներ, ինչքան հարկավոր է: Բոլոր մեթոդները դարձան կիրառելի»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ 7-րդ ընտրատարածքի 27 ընտրատեղամասից 10-ում և 8-րդ ընտրատարածքի 27 ընտրատեղամասից 22-ում իրենց կողմից մասսայական խախտումներ են արձանագրվել: Ըստ նրա` այդ ընտրատարածքներում տեղի ունեցած իրավախախտումները, ընտրողների, դիտորդների և վստահված անձանց նկատմամբ ահաբեկումները «հետապնդում էին մի նպատակ` հասնել մաքսիմում ձայների և անել այնպես, որ ՀՀԿ-ն ունենար 40 և ավելի տոկոս մասնակցություն քաղաքապետարանում»: «Իմ ասածի ապացույցն է այն թվական տվյալները, որ կան հատկապես 7-րդ և 8-րդ ընտատարածքներում, որտեղ ընտրողների մանակցությունը միայն կազմել է միջինը 67 % մի տեղ, և 64 %` մի տեղ: Իսկ առանձին ընտրատեղամասերում նույնիսկ կազմել է 90 %: Օրինակ` 8/22 ընտրատեղամասում 2025 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1880-ը, այսինքն` մոտ 90 %, և այս 2025 ընտրողի դեպքում 1016 ձայն տվել են Հանրապետական կուսակցությանը: ՀԱԿ-ը ստացել է ընդամենը 59 ձայն: Նույնը կարող եմ ասել 8/23 ընտրատեղամասի մասին, որտեղ 1900 ընտրողից մասնակցել է ընտրությանը 1718 մարդ: Այստեղ նորից 675 ձայն տրվել է Հանրապետական կուսակցությանը, Հայ ազգային կոնգրեսին` 86»: Միաժամանակ նախկին քաղաքապետը նշեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չսկսվի, քանի որ «դա կնշանակի Հայաստանի երրորդ Հանրապետության կորուստ»: «Հայաստանը ունի չավարտված պատերազմ, այսպիսի աշխարհագրական դիրք, այսպիսի հարևաններ: Եթե մեզ մոտ մի փոքր ցնցում լինի հակասահմանադրական ճանապարհով, մենք կպարտվենք, հակառակորդները կհասնեն նրան, ինչին հասել են»,- ասաց Վահագն Խաչատրյանը: Անդրադառնալով եվրոպացի դիտորդների` մայիսի 31-ի ընտրություններին տված գնահատականներին` Վահագն Խաչատրյանն ասաց, որ, իրենց հաշվարկներով, եվրոպացի դիտորդները ընտրատեղամասերում եղել են առավելագույնը 2-3-ական րոպե: «Շահագրգիռ կողմը եղել է իշխանությունը և հրավիրել է իր կողմից նախօրոք արդեն պատրաստված մի կառույցի, որի եզրակացության հարցում կասկած չունեին: Դիտորդներն օբյեկտիվություն ապահովելու կամ ընդհանրապես, Հայաստանի ժողովրդավարության մասին խոսելու խնդիր չեն ունեցել: Ես նախորդ նախագահական ընտրություններում մի հավաքի ժամանակ նույնիսկ շատ կոպիտ խոսքերով իրենց ասեցի, որ «դուք պակաս կաշառված չեք, քան մեզ եք գնահատում, և պակաս կոռումպացված չեք, քան գնահատում եք Հայաստանը: Նույնն եք բովանդակությամբ»: Եվ իմ հաջորդ հարցին` «եթե ձեր երկրում այսպիսի ընտրություններ լինեին, դուք ի՞նչ կանեիք», հրապարակավ չպատասխանեցին: Հետո դուրս գալիս ասացին. «Մենք չէին կարող դա հանդուրժել»»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter