HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարար ոլորտի ներկայացուցիչները «զավթում են պետությունը»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման` «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2009թ.» հասարակական կարծիքի համաշխարհային հարցման մասնակիցների ավելի քան կեսը (54%) հավատացած է, որ գործարար ոլորտի ներկայացուցիչներն օգտագործում են կաշառքը հանրային քաղաքականության, օրենքների ու կանոնակարգերի վրա ազդելու նպատակով, կամ այլ կերպ ասած` տեղի է ունենում նրանց կողմից պետության զավթում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մասնավորապես, մեծ տարածում ունի հարցման մեջ ներգրավված ԱՊՀ պետություններում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան եւ Ուկրաինա). այդ երկրներում պետության զավթման առկայության վերաբերյալ նշել է հարցման ենթարկվածների ավելի քան 70%-ը: Հարցման ենթարկված երկրների ու տարածքների մոտավորապես 1/5-ում, ներառյալ այն երկրները (Հոնկոնգ, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա), որոնք աշխարհի գլխավոր ֆինանսական կենտրոններից են, որպես ամենակոռումպացված ոլորտ նշվել է մասնավոր հատվածը: Բարոմետրը նաեւ ցույց է տվել, որ հարցվողների կեսը ցանկանում է ակտիվորեն աջակցել մաքուր բիզնեսին: Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որտեղ հարցման ենթարկվածների 46-64%-ը պատրաստ է ավելի մեծ գումար վճարել կոռուպցիայից զերծ ընկերություններից ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար: Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրների ու տարածքների ավելի քան 73,000 մարդկանց շրջանում 2008թ. հոկտեմբերից 2009թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում: 50 երկրներում այն անցկացվել է «Գելափ Ինթերնեշնլ»-ի  «Հանրության ձայնը» ծրագրի շրջանակներում, իսկ 19-ում` այլ կազմակերպությունների կողմից: Հայաստանում հարցումն իրականացվել է հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 5-ը վրացական «Ջորջիըն Ըփինյն Ռիսըրչ Բիզնես Ինթերնեշնլ» (ԳՈՐԲԻ) կազմակերպության կողմից` 1000 անհատական հարցազրույցների միջոցով: Ըստ Բարոմետրի տվյալների, կաշառատվությունն անհամամասնորեն ավելի մեծ բեռ է հանդիսանում աղքատների համար: Հարցման ենթարկված 10 անձանցից 1-ը հայտնել է, որ կաշառք է վճարել նախորդ 12 ամիսների ընթացքում: 10 հարցվողներից 4-ը հաշվետու ժամանակահատվածում կաշառք է վճարել Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 10 հարցվողներից 3-ը` ԱՊՀ երկրներում եւ Աֆրիկայի Անդրսահարյան տարածաշրջանում: Ավելին, կաշառք վճարած 10 հարցվողներից 4-ի համար վճարումները միջին հաշվով կազմել են իրենց տարեկան եկամուտների մոտավորապես 10%-ը: Մանր կաշառակերությունն առավել մեծ տարածում ունի Ադրբեջանում, Իրաքում, Լիբերիայում, Կամբոջայում,  Կամերունում, Հայաստանում, Սիերա Լեոնեյում եւ Ուգանդայում (երկրները դասավորված են այբբենական կարգով): Միեւնույն ժամանակ, բոլոր հարցվողների կողմից ոստիկանությունը նշվել է որպես առավել հաճախ կաշառք պահանջող հաստատություն: Ողջ աշխարհում նախորդ տարվա ընթացքում ոստիկանության հետ առնչություն ունեցող 4-ից 1-ը կաշառք է վճարել: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության ջանքերն ընդհանուր առմամբ ընկալվում են որպես ոչ արդյունավետ. նման կարծիքի է հարցվողների 56%-ը: Տվյալ հարցում ԱՊՀ երկրների թվում Վրաստանը ստացել է ամենաբարձր (հարցվողների 57%-ը), իսկ Ուկրաինան` ամենացածր (հարցվողների 7%-ը) դրական գնահատականը, իսկ Հայաստանում այն կազմում է 38%: Հարցվողների կողմից որպես առավել կոռումպացված հաստատություններ են ընկալվում կուսակցությունները (68%), խորհրդարանները (63%) եւ քաղաքացիական ծառայությունը (60%): Միաժամանակ, Բուլղարիայում, Խորվաթիայում, Կամբոջայում, Կոսովոյում, Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնղոլիայում, Պերուում և Վրաստանում  հարցվողների կողմից որպես այդպիսին է ընկալվում դատական համակարգը: Հարցվողների մեծ մասի կարծիքով արդյունավետ չեն կոռուպցիային առնչվող բողոքներին ընթացք տալու մեխանիզմները, որի  պատճառով էլ նրանք չեն հայտնում կաշառակերության դեպքերի մասին: Նախորդ տարի կաշառք վճարած 4 անձից գրեթե 1-ն էր պաշտոնական բողոք ներկայացրել, ինչը ցույց է տալիս, որ հարցվողներն իրենց ընկալումներում ցածր են գնահատում կաշառակերության դեպքերը հայտնելու և դրանց ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մեխանիզմների լեգիտիմության ու արդյունավետության մակարդակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter