Հայաստանի մաքսատունը իսկապե՞ս լուրջ է, թե երգիծական ներկայացում է բեմադրում
Մայիսի 27-ին` առավոտյան ժամը 9:30-ին, ես ուրախությամբ գնացի Նորագավթի մաքսատուն, որը գտնվում է Երևանի ծայրամասում` վերցնելու իմ ավտոմեքենան, որն ուղարկել էի Լոս Անջելեսից Հայաստան հայրենադարձվելուց 2 ամիս առաջ: Ավտոմեքենայիս ետևի մասում տեղադրել էի անձնական իրերս՝ իմ շինարարական գործիքները, համակարգչի/տպիչի աշխատանքն ապահովող պարագաներ, սպորտային պարագաներ:
Այստեղ ինձ ասացին, որ ստիպված կլինեմ սպասել, մինչև ավտոմեքենաներ ստացող մյուս բոլոր մարդիկ ևս գան մաքսատուն, որպեսզի ավտոմեքենաներ տեղափոխող վրացական բեռնատարները բացվեն բոլորի աչքի առջև:
Ավելի ուշ ես պարզեցի, որ ավտոմեքենաները տեղափոխած բեռնատարները բացելուց առաջ մեզ սպասել տալու միակ տրամաբանական պատճառն այն էր, որ աշխատողները թեյադրամներ ստանան, որպեսզի առաջնությունը տան որոշակի մարդկանց, և նրանց ավտոմեքենաներն առաջինը դուրս գան, ինչպես նաև` թեյադրամ ստանան մեքենաների «մահացած» մարտկոցները վերալիցքավորելու համար:
Չորս ժամ սպասելուց հետո, վերջապես, իմ ավտոմեքենան դուրս բերեցին բեռնատարից և հանձնեցին ինձ: Սակայն, ավտոմեքենայում եղած իմ անձնական իրերը հանել և մեկ այլ մարդու իրերի հետ դրել էին բեռնատարի մեջ: Այնուհետև բեռնատարը փակեցին և ինձ ասացին, որ գնամ Աբովյան քաղաքում գտնվող մաքսատուն, որպեսզի ետ ստանամ իմ անձնական իրերը` չնայած ես բարկացած առարկում էի անձնական իրերս ավտոմեքենայից հանելու և մեկ այլ վայր ուղարկելու զավեշտալի գաղափարին: Իհարկե, նրանց պատրվակն այն էր, թե Նորագավթի մաքսատունը նախատեսված է ավտոմեքենաների, իսկ Աբովյանինը` անձնական իրերի համար:
Աբովյան քաղաքի մաքսատուն գալուց և ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարի ժամանելուն ևս մեկ ժամ սպասելուց հետո, մաքսատան աշխատակիցն ինձ թղթի մի կտոր տվեց, որում մանրամասն պատմվում էր բեռնատարի մեջ եղած իմ անձնական իրերի մասին: Այնուհետև ինձ ասացին, որ այս թղթի կտորը տանեմ Երևանյան լճի մոտ գտնվող «Արարատյան» մաքսատուն, որտեղ պետք է դիմում ներկայացնեմ, որպեսզի թույլտվություն ստանամ, որ իմ իրերը բեռնատարից հանեն և Աբովյանի պահոց տեղափոխեն:
Նրանք ասացին նաեւ, որ ես պետք է գործողություններս համապատասխանեցնեմ այն մյուս մարդու հետ, որի իրերը ևս բեռնատարի մեջ էին մնացել, այնպես, որ երկուսս էլ նույն ժամին Աբովյանում լինեինք մեր կնքված թույլտվություններով, որպեսզի մեր իրերը տեղափոխեն պահոց: Իրերը, այնուհետև, պետք է մնային պահոցում, մինչև որոշվեր հարկերի վճարման առաջիկա ամսաթիվը, և իրերը փոխանցվեին իրենց տերերին:
Այս ընթացքում ինձ զանգահարեցին այն ընկերությունից, որն ուղարկել էր ավտոմեքենան, և ասացին, որ եթե այս օրը բեռնատարից իմ իրերը չկարողանամ հանել, ապա իրենք ինձանից հավելյալ գումար կգանձեն վրացական բեռնատարը Հայաստանում պետք եղածից երկար պահելու համար:
Ես երկար պայքարեցի բեռնատարի մեջ իրեր ունեցող այն մյուս մարդու հեռախոսահամարը գտնելու համար, որից հետո ի վիճակի եղա կապվել նրա հետ, գնալ Երևանյան լճի մոտ գտնվող «Արարատյան» մաքսատուն և դիմել իրերս հանելու և պահոց տեղափոխելու թույլտվություն ստանալու համար:
Երևանյան լճի մոտից թույլտվության նամակը ստանալուց հետո ես ետ գնացի Աբովյան, սպասեցի, մինչև այն մյուս մարդը գար իր թույլտվության նամակով, 7000 դրամ վճարեցի` որպես պահոցի վարձ, ինչից հետո նայում էի, թե ինչպես են իմ իրերը հանում բեռնատարից և դնում պահոցում:
Այնուհետև ինձ ասացին, որ գնամ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գլխավոր մաքսատուն, որպեսզի դիմում ներկայացնեմ հարկերի հնարավոր կրճատման համար` որպես հայրենադարձ, ով իր անձնական ավտոմեքենան և իրերն է ուղարկել: Արդեն մեկ շաբաթ է, ինչ իմ իրերը հասել են և դեռևս պահվում են Աբովյանում, մինչ ես Խորենացու փողոցում գտնվող գլխավոր մաքսատնից պատասխանի եմ սպասում հարկերի վերաբերյալ:
Վերոնշյալ պատմությունը ընդամենը մի փոքր օրինակն է այն բյուրոկրատական անհարկի տանջանքների, որոնց միջով Հայաստանում ամեն օր անցնում են շարքային մարդիկ, որպեսզի ետ ստանան արտասահմանից ուղարկված իրենց անձնական իրերը: Բացի այդ իրերը վերադարձնելու գործընթացի բարդությունից` հազարավոր սարսափազդու պատմություններ կան օգտագործված ապրանքների կամայական հարկման մասին, ինչի պատճառով հաճախ Հայաստանում մաքսատուրքն ավելի բարձր է, քան արտասահմանում տվյալ ապրանքի համար վճարված գինը:
Սա հատկապես վերաբերում է ավտոմեքենաների այն մասերին, որոնք նվազագույն գնով գնվում և ուղարկվում են Ամերիկայի ջարդոնների շուկաներից, սակայն Հայաստանում մարդիկ ստիպված են լինում հարկ վճարել` ըստ ապրանքի կիլոգրամների, ինչի պատճառով, ի վերջո, մաքսատուրքը մի քանի անգամ ավելի շատ է ստացվում, քան ապրանքը գնելիս վճարված գումարը:
Հայաստանին միանշանակ անհրաժեշտ է պարզեցնել մաքսային համակարգը և մարդկային հարկում կիրառել վերավաճառելու համար չնախատեսված անձնական իրերը վերադարձնելու հարցում: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, հուսով եմ, որ բոլորը հումորով կվերաբերվեն այն կատակերգությանը, որի միջով իրենք պետք է անցնեն մաքսատան հետ առնչվելիս, եթե ուզում են Հայաստանի Հանրապետությունում ետ ստանալ իրենց անձնական իրերը:
Դրո Ծառուկյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել