Վարկերի տոկոսադրույքները կֆինանսավորի պետությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը։ Ցանկում ընդգրկված են առողջապահական, մշակութային, կրթական, մարզական օբյեկտներ, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարաններ, պետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհներ եւ այլն, որոնց շինարարության նախահաշվային արժեքները որոշման հավելվածում ներառվել են ՀՀ պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն։
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ եւ փոփոխություններ կատարել իր ընդունած նախկին որոշումներից մեկի հավելվածում, որով երկրի 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նպատակային ծրագիրը իրականացվում է առաջին անգամ, եւ այժմ հարկավոր է ընդլայնել ըստ էության անտոկոս վարկ ստացողների շրջանակը, որպեսզի բացառիկ հնարավորությունից կարողանան օգտվել շատերը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը, հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, հաստատել է հաշմանդամ մանուկների եւ պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը։ Այն նպատակ ունի կանոնակարգել ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվող հաշմանդամ մանուկների բժշկական հսկողության գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է հաշմանդամ եւ սահմանափակ կարողություններ ունեցող մանուկների ու պատանիների սոցիալական հարմարեցումը, ֆիզիկական վերականգնումը եւ առողջության ապահովումը։
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2005թ. հուլիսի 14-ի N 1176-Ն որոշման մեջ, ինչի շնորհիվ կապահովվի ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողների աշխատանքի վարձատրության միասնական համակարգի գործադրումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել