Ս.Օհանյան. «Միայն ու միայն մարտունակությամբ կարող ենք ապահովել գերազանցությունը մեր հարևանների բանակների նկատմամբ»
Օգոստոսի 21-ին «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Ողջունելով բազեականներին՝ պաշտպանության նախարարը վստահություն հայտնեց, որ մեր երիտասարդությունն իր մտավոր կարողություններով, գիտելիքներով, ֆիզիկական որակներով ու բարոյական հատկանիշներով պատրաստ է ցանկացած պահի հայրենիքը պաշտպանել ոտնձգություններից։
Խոսելով ՀՀ զինված ուժերի պատրաստականության մասին՝ Ս. Օհանյանը մասնավորապես նշեց. «Այն, որ մեր հարևաններն ունեն որոշակի քանակական առավելություն, երբևիցե մեզ չպետք է մտահոգի, որովհետև այդ քանակական առավելությունը դեռևս 88-ից հետո և 1992-94թթ. լայնածավալ պատերազմի ժամանակ մենք տեսել ենք և մեր մարտական ոգով, բարոյական, կամային բարձր հատկանիշներով, նաև զինվորականների պատրաստության որակական չափանիշներով կարողացել ենք հակադրել մեր ունակությունները նրանց քանակական առավելություններին ու հաղթանակի հասնել։ Այդ քանակական առավելություններին այսօր մենք հակադրում ենք մեր մարտունակության աստիճանը։ Միայն ու միայն մարտունակությամբ կարող ենք ապահովել գերազանցությունը մեր հարևանների բանակների նկատմամբ։ Այսօր զինված ուժերի առջև խնդիր է դրված գերազանցության հասնել ոչ թե «բավարար» կամ «լավ», այլ միմիայն գերազանց ծառայությամբ»։
Նախարարը նաև ներկայացրեց զինված ուժերում կատարվող աշխատանքները։ Մասնավորապես իրականացվել է պաշտպանական ռազմավարական վերանայում, կազմվել են զինված ուժերի զարգացման պլան, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլաններ, և այդ ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական ։
Այս տարի «Բազե» համահայկական հավաքին 42 ջոկատների կազմում մասնակցում է նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ներկայացնող ջոկատը, որն արդեն անցկացված մշակութային, մարզական մրցույթներում բավականին հաջողությունների է հասել։ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ջոկատն աչքի է ընկել նաև «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հողարդմամբ՝ «Բազե-2011» համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ ժամը 21.00-ին, Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել