HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ուղեւորավարձը բարձրացվել է 40 տոկոսով

04_06-vardzՂարաբաղում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը բնակիչների վրա «թեթեւացնելու» նոր ձեւ են գտել իշխանությունները. Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ հունիսի 1-ից մայրաքաղաքի երթուղային տաքսիների ուղեվարձը 50 դրամից բարձրացրել են 70 դրամ, ինչը դժգոհության առարկա է դարձել հասարակության շրջանում: Բնակիչները դժգոհում են, որ ճգնաժամի պայմաններում, հատկապես, որ արտասահմանում ապրող հարազատների ու բարեկամների համար ավելի է դժվարացել գումար ուղարկել, տեղին չէր գների բարձրացումը: Ստեփանակերտի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Լիլիթ Գաբրիելյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ ուղեվարձը բարձրացվել է ոլորտը սպասարկող ընկերությունների առաջարկությամբ, եւ քաղաքապետն էլ համաձայնվել է: Իսկ պատճառն, ըստ նրա, գազի եւ պահեստամասերի գնի աճն է, որին գումարվում է նաեւ ցածր սակագինը: Այս պայմաններում, իրավաբանական բաժնի պետի կարծիքով, ընկերությունները վնասով են աշխատում, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է ունենում սպասարկման որակի վրա: Ուղեւորավարձի բարձրացման հետ մեկտեղ քաղաքապետարանը նպատակ ունի լուծել նաեւ մյուս բոլոր հարցերը` մեքենաների տեխնիկական վիճակ, սպասարկում եւ այլն: Այդ մասին արդեն երկար ժամանակ է խոսվում, բայց դեռեւս ոչ մի առաջխաղացում չի արձանագրվել, չնայած որ այդ առնչությամբ նաեւ երկրի նախագահն է հանձնարարականներ տվել:: Տեղեկացնենք, որ մայրաքաղաքում ոլորտը սպասարկող 6 ընկերությունները տարիներ առաջ երթուղին սպասարկելու համար մրցույթում հաղթել էին եւ կնքվել էր համապատասխան պայմանագիր, ըստ որի, ընկերության կողմից ծառայության սպասարկման ժամկետը մինչեւ 2010 թվականն է: Պայմանագրում նշված է նաեւ ուղեւորավարձը` 50 դրամ: Իմ այն հարցին, թե իրավունք կա՞ մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը փոփոխության ենթարկել սակագինը, իրավաբանական բաժնի պետը պատասխանեց, որ այն արվել է կողմերի համաձայնությամբ եւ ոչ մի անօրեն բան այդտեղ չկա: Իսկ այն հարցին, թե կա՞ արդեն ընկերությունների հետ կնքված նոր պայմանագիր` նոր սակագնի նշումով, նա ի պատասխան ավելացրեց, որ պայմանագիր դեռեւս չկա, բայց այդ ուղղությամբ կաշխատեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter