
Հովհ. Քոչինյան. «Դավիթ Լոքյանը պիտի ասի, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ին ում զանգով դուրս եկավ»
Հունիսի 2-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվեց «Ջիլիզայի անտառտնտեսության» նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի դեմ քրեական գործի դատաքննությունը: Մինչ նիստի սկսվելը Հովհաննես Քոչինյանը, դատարանի սպասասրահում «Հետքի» թղթակցին տեսնելով, բարձրաձայնեց, թե ճիշտ չէ միակողմանի գրելը, պետք է իմանալ և գրել նաև մյուս կողմի կարծիքը:
Մեր նախորդ երկու հրապարակումներում ներկայացրել էինք մեղադրանքը, լուսաբանել դատական նիստը և, բնականաբար, ներկայացրել դատարանում կողմերի հնչեցրած կարծիքները: Սակայն լսելով պրն Քոչինյանի բարձրաձայն մտորումները մեր հրապարակումների մասին` որոշեցինք դրանք ներկայացնել:
Հովհ. Քոչինյանը նախ հռետորական հարցադրում արեց, թե ինչու 4 տարի առաջ իր դեմ այս գործը չէին բացում, երբ իր եղբայրը` Հենրիկ Քոչինյանը, Լոռու մարզպետն էր: Ըստ Հովհ. Քոչինյանի` իր դեմ հարուցված քրեական գործի գլխին կանգնած է եղբոր` Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի նախկին տեղակալ, ապա Գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը: «Նա դեռ պիտ ասի` 1999 թ. հոկտեմբերի 27-ին կրակոցներից 5 րոպե առաջ ինչի զալիցը դուրս եկավ, պիտի ասի: Ընենց որ, հետաքրքիր շատ բաներ կլինեն: Եվ ում զանգով դուրս եկավ»,- ասաց 1999 թ. ԱԺ պատգամավոր, «Հոկտեմբեր 27-ի» դեպքերի ականատես Հովհաննես Քոչինյանը:
«Ես ինձ նաև ակուրատնի եմ պահել, որ, ասենք, չօգտագործվի, որ եղբայրս էնտեղ ա, ինքն էլ, որ փոխմարզպետ է եղել, ես էդ գործի առումով ինձ պահել եմ նենց, ոնց որ սովորական մի մարդ, էլի, ոչ ծանոթ: Տենց են եղել հարաբերությունները:
Դատախազի հետ միասին 2006 թ. մայիսին հանձնարարել են բոլոր անտառտնտեսություններին, բոլորին տնկիների փողերը տվել են, 1 մլն 30 հազ. դրամ «Ջիլիզայի անտառտնտեսությանը» չեն վճարել: «Հայանտառի» ներկայացուցիչը` Մարգարյանը, տեղյակ է, կհարցնեք: Ուրեմն Հյուսիսային քաղաքացիական դատարանի Ալավերդյանը գրել է, որ տնկիներն, իրոք, տեղափոխվել են 3 տարի առաջ, միլիոն 30 հազ. դրամ տնկիների փողը չեն վճարել, ասում է` յուրացում է: Ինքը ընդունում է, որ տնկիները տարել են, Վայոց ձորի մարզպետը թուղթ է տվել, որ տնկիները տարվել են Վայոց ձոր, 5 հատ վկա եմ բերել, որ ապացուցեն տանողով-բանով, ասում է` յուրացում է: Ա'յ ընկեր, փեթակը դու նկարում ես էնտեղ դնում, ասում ես` յուրացում է՞: Կարող է պաշտոնական դիրքի չարաշահում է: Հա, մինիստր ա, վիճել եմ, ասել եմ` էս ապրանքը պետք ա տնտեսությանը, առնըմ եմ, ասել ա `չէ: Բայց առել եմ, նա ռիսկ առել եմ»,- ներկայացնում էր Հ. Քոչինյանը:
Իսկ թե ինչ է առել «նա ռիսկ», Հովհ. Քոչինյանը պարզաբանեց. ««Նիվա» ավտոմեքենա եմ առել, մեղվափեթակներ` 60 հատ, օժանդակ տնտեսության համար եմ առել: Հետո լավ ժամանակ ասել է` հա, կձևակերպենք, մնացել ա: Վերջում ես վեճից հետո, գործից հանելուց վերականգնելուց, ոնց թե մինիստր ա, ինչ-որ մեկը կվերականգնվի, կողքի ա ընկել, թե ոչ մի բան չեմ ձևակերպում: Հետո էդ «Նիվան» կա, ճանապարհը կա, մեղվափեթակը կա: Բաբայան Արամի անունով աշխատավարձի պարտքը մուծել եմ, չեկերը կան, ասում եմ` ձևակերպի, մուծել եմ, ասում է` չմուծեիր: Չի ձևակերպում, բայց մուծված է, չէ, էդ անտերը: Էսա չեկերը: Երկու հատ օդափոխիչներ ենք առել դրել «Հայանտառի» շենքի վրա, էն տաք ու սառը եղանակներին միացնում ենք, էդ էլ են իմ վրա համարում, 550 հազ. դրամ են հաշվում: Ասում է` 3 տարի հետո ենք ձևակերպելու: Հմի ձևակերպեք, իմ մեղքը որն է: Մենակ մի հատ օրինակ էլ հիմա ցույց տամ ձեզ, օդից չեմ խոսում ես, տեսեք Արամ Բաբայանի վճարման չեկը, փոքր գումար է, 152 հազ. եմ մուծել: Ասում է` ինչի ես մուծել, դա յուրացում է, բայց էլի ֆակտ է, չէ»:
Նա նաև ասաց, որ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանին 24 հատ դիմում է գրել, որոնց պատասխանները չի ստացել: Հ. Քոչինյանը դժգոհեց նաև գործը քննող քննիչից. «Ավտոն էլ է նկարել, փեթակներն էլ է նկարել: Ասում եմ` գնանք, 4 կմ երկարությամբ ճանապարհն էլ նկարեք, ասում է` հա գիտենք, էլի: Բայց գործում գրում է` յուրացում: Քննիչին ինչ ասում են, էն էլ անում է»:
Հովհաննես Քոչինյանի կարծիքով` իր գործի ետևում մարդ կա կանգնած. «Դատախազությունից են, հետո բրձրանում է էդ համակարգի շատ վերևը, հանձնարարություն է, իմ անձի նկատմամբ հանձնարարություն է, հա: Հա, հետո կասեմ` ով է»,- վստահեցնում է Հովհ. Քոչինյանը:
Այնումենայնիվ, նրան կրկին մտատանջում էր այն հարցը, թե 4 տարի առաջ ինչու չէին հարուցում էդ գործը: «Լոքյանն արավ էսքան գործը»,- իր համոզմունքը պնդեց նա: Լոռու մարզում ժամանակին բոլորը գիտեին մարզպետ Հենրիկ Քոչինյանի և նրա տեղակալ Դավիթ Լոքյանի ջերմ հարաբերությունների մասին: Երբ մենք Հովհ. Քոչինյանին հիշեցրինք այս մասին, նա միանգամից արձագանքեց. «Սկզբից լավ են եղել, հետո չգիտեմ ինչ է եղել: Համենայնդեպս, իմ գործը պտի դրա հետ չկապեին»:
Քոչինյանը դժգոհություններ ուներ նաեւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանից. «Էդ մարդը ինձ չի ընդունում, գնամ դուռը ջարդե՞մ: Գնում եմ թե չէ` սիրտն է վատանում: «Հայանտառ»-ում անեկդոտ են սարքել, ասում են. «Քոչինյան Հովհաննեսը հենց գալիս է, Մաթևոսյանը մի վեդրո վալոկարդին է խմում»: Հա, բայց ինչ արել եմ, թող դրա համար ինձ պատժեն, բայց դրանց ասելով դուրս ա գալիս, որ մեղու պահելը հանցագործություն է, 60 փեթակ մեղուն էլ ընդի վերգցած ա: Գոնե թողում չեն` մեղուն վաճառեմ, փողը տամ, ոչ էն են անում, ոչ` էն»:
«Ջիլիզայի անտառտնտեսության» տնօրենը չթաքցրեց իր դժգոհությունը «Հայանտառի»` իրեն վճարած աշխատավարձի չափից. «30 հազ. դրամ աշխատավարձ են տալիս, 30 հազ. դրամով կարանք աշխատենք»: Իսկ դատարանի սպասասրահում կանգնած «Ջիլիզայի անտառտնտեսության» հաշվապահին ձեռքով ցույց տալով` ասաց. «Կամ` էս աղջկան 3 տարվա աշխատավարձը չեն վճարում, հլա «Արդշինբանկի» Գոռ Հովվյանին հարցրեք` հաշվում փող կա, թե չկա: 3 մլն դրամ մենակ ես եմ վերականգնել, գրել ա «Հայանտառի»հաշվին գումար չկա, որ աշխատավարձը վճարեն»:
Հովհ. Քոչինյանը նաև անկեղծացավ. «Ես չեմ ասում` սուրբ եմ, բաներ կան. կգան աշխատողները, կտեսնեք` էս իմ ասածներից որը չի ճիշտ: Գրում է` Վայոց ձոր տեղափոխած տնկիները կա, բայց փաստաթղթերը չկան»: «Եթե փաստաթղթերը կան, ապա ինչու ձևակերպումները կատարված չեն» մեր հարցին սպասասրահում պրն Քոչինյանի հետ կանգնած «Ջիլիզայի անտառտնտեության» հաշվապահ Հասմիկ Մանկիկյանն անմիջապես վրա բերեց. «Փաստաթղթերը պետք է տային, որ ձևակերպեի»:
Քոչինյանը նաև տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանի 2005 թ. որոշմամբ վերականգնվել է «Ջիլիզայի անտառտնտեսության» տնօրենի պաշտոնում, սակայն 5 օր հետո Դավիթ Լոքյանը «Լալվար» և «Ջիլիզայի» անտառտնտեսությունները միացրել է իրար, որպեսզի ինքը չկարողանա աշխատել: «Հիմա, երբ ես չկամ, նորից առանձնացնում են: Հա, դե իմ հարցը լուծված են համարում, 100-ավոր մարդիկ անգործ մնացին»,- ասաց Հ. Քոչինյանը:
Ըստ Հասմիկ Մանկիկյանի` «Ջիլիզայի անտառտնտեսություն»-ում աշխատել է 50 մարդ: Հովհ. Քոչինյանը «մտահոգվում էր» ընկած ծառերի հետևանքով Հայաստանի բաց սահմանի համար. «Տանում են Ապարանի դզումը ծառ տնկում, թող բերեն էդտեղ տնկեն: Մեկը չեղավ, որ ասի` էդ 50 հազ. խմ փայտը էդ ոնց ես թուրքի սահմանից էս կողմ բերել, ես չէ, աշխատողներն են բերել»:
Նշենք, որ հունիսի 2-ի դատական նիստում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Հայկ Մարգարյանն իր ցուցմունքում դատարանին տեղեկացրեց, որ 2007 թ. սեպտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` իր կողմից ղեկավարված հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ «Ջիլիզայի անտառտնտեսության» արդեն նախկին տնօրեն Հովհ. Քոչինյանի պաշտոնավարման ընթացքում տնտեսությունում արձանագրվել են 26 մլն դրամ պակասորդ և 42 մլն դրամ դեբիտորական պարտքեր, որը դատարանում հաստատեց նաև տնտեսության հաշվապահ Հասմիկ Մանկիկյանը: Ի դեպ, 42 մլն դրամ դեբիտորական պարտքերի առյուծի բաժինը հենց Ջիլիզայի սահմանի վրա քամիների հետևանքով 2004 թ. ընկած 50 հազ. խմ փայտի արժեքն է, որը Քոչինյանը չի մուտքագրել տնտեսության բյուջե, և այն համարվում է դեբիտորական պարտք:
Խմբ. «Հետքի» խմբագրությունը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Հովհ. Քոչինյանի փաստաբան Կարեն Թումանյանից, որում նա նշում է այս թեմայով մեր հրապարակած հոդվածներից մեկում թույլ տված սխալի մասին: Հոդվածում մենք նշել էինք, որ նա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանն է: Մինչդեռ նա պարզապես նախկինում որոշ ժամանակով աշխատել է այս գրասենյակում: Հայցում ենք փաստաբանի ներողամտությունը: Կարեն Թումանյանը «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է:
Մեկնաբանել