HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների աշխատողների անվտանգությունը եւ պաշտպանությունը

(Հատված տարեկան զեկույցից) [Կարծիքի եւ արտահայտվելու ազատության իրավունքի հարցերի] հատուկ զեկուցողը վերահաստատում է նախկին հատուկ զեկուցողների առաջարկություններն այն մասին, որ իշխանությունները պարտավոր են լրագրողների անվտանգության հարցում իրենց ձեւական մտահոգությունները վերածել կոնկրետ միջոցառումների` ուղղված լրագրողների եւ լրատվամիջոցների այլ աշխատակիցների անվտանգության բարձրացմանը` ներառյալ օրենսդրական, վարչական եւ դատական մակարդակներում:Պետք է միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին` անկախ նրանց մասնագիտական եւ քաղաքական կողմնորոշումից: Լրագրողների եւ լրատվամիջոցների այլ աշխատակիցների պաշտպանությունը պետք է ապահովել բոլոր ժամանակներում, հատկապես` զինված հակամարտությունների, արտակարգ իրավիճակների, հասարակական կարգի խախտումների եւ ընտրական գործընթացների ժամանակ: Իշխանությունները պարտավոր են նաեւ ապահովել այլ ռիսկային խմբերի` արհմիութենականների, սոցիալական աշխատողների, ուսանողների, մանկավարժների, գրողների եւ արվեստագետների պաշտպանությունը: Լրագրողական մասնագիտության համար անվտանգության մշակույթի ապահովումը նպաստում է հարուստ եւ վստահ ժողովրդավարական ավանդույթների ստեղծման գործում լրատվամիջոցների դերի բարձրացմանը: Հատուկ զեկուցողը կոչ է անում իշխանություններին եւ պետական ինստիտուտներին` աջակցել եւ երաշխավորել, որ լրագրողների դեմ բռնությունների բոլոր դեպքերը լիարժեքորեն քննության առնվեն: Լրատվամիջոցների աշխատակիցների դեմ գործած հանցագործությունների համար անպատժելիության վերացումը խոչընդոտ կհանդիսանա նման հանցագործությունների կրկնության ճանապարհին: Հատուկ զեկուցողը խրախուսում է իշխանություններին մշակելու լրատվամիջոցների աշխատակիցների պաշտպանության համակարգեր: Լրատվական ընկերակցություններին պետք է աջակցել այնպիսի գործողություններում, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունը` ներառելով անվտանգության ոլորտում վերապատրաստման դասընթացներ, առողջապահական միջոցառումներ, կյանքի ապահովագրում եւ ազատ ռեժիմով ու լրիվ դրույքով աշխատող լրագրողների համար սոցիալական պաշտպանության հավասար հնարավորություններ: [Մարդու իրավունքների] խորհուրդը թերեւս հարկ համարի քննարկել (ինչպես առաջարկվել էր նախկին Հատուկ զեկուցողը) Հատուկ զեկուցողին լրատվամիջոցների աշխատակիցների դեմ բռնությունների պատճառների մասին ուսումնասիրություն նախապատրաստելու հանձնարարականի հարցը, որը, ի թիվս այլ աղբյուրների, հիմնված կլինի տարբեր պետությունների իշխանություններից, միջգերատեսչական մարմիններից եւ հասարակական կազմակերպություններից ստացված տեղեկությունների եւ փորձի վրա, ինչպես նաեւ կներկայացնի համապարփակ եզրակացություններ, առաջարկություններ, ինչպես նաեւ ուղեցույցներ լրագրողների եւ լրատվամիջոցների այլ աշխատակիցների պաշտպանության վերաբերյալ: Այս ուսումնասիրությունը թերեւս դառնա այս կարեւոր հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդում քննարկում կազմակերպելու ուղղությամբ արվող առաջին քայլը, որը կհետեւի այլ մարմինների` ներառյալ նաեւ Անվտանգության խորհրդի կողմից քննարկումներին: «Մարդու իրավունքների` քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային, ինչպես նաեւ զարգացման իրավունքի խթանում եւ պաշտպանություն. Կարծիքի եւ արտահայտվելու ազատության իրավունքի խթանման եւ պաշտպանության հարցերի հատուկ զեկուցող Ֆրանկ Լա Ռուի զեկույցը», 30-ը ապրիլի, 2009 թ, http://www2.ohchr.org/english/bodies/hrcouncil/docs/11session/A.HRC.11.4.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter