HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևելյան գործընկերություն. աշխատանքների մեկնարկ

Արևելյան գործընկերության (ԱԳ) մեկնարկից  չորս շաբաթ անց ԵՄ և իր արևելյան հարևանները ձեռնամուխ եղան նախաձեռնության իրականացմանը: ԱԳ նորամուծություններից մեկը նշված երկրների հետ բազմակողմ նոր հարաբերություններն են` երկկողմ համագործակցության հետ մեկտեղ: ԱԳ առաջին բազմակողմ հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին Բրյուսելում: Հանդիպման ընթացքում հիմնական շեշտը կդրվի ժողովրդավարության, լավ կառավարման և կայունության հարցերի վրա: Մյուս հանդիպումները, որոնք նույնպես տեղի կունենան հունիս ամսվա ընթացքում, նվիրված կլինեն տնտեսական ինտեգրմանը, էներգետիկային, միջանձնային շփումներին: Հանդիպումների նպատակն է աջակցել արևելյան հարևանների ԵՄ չափանիշներին համապատասխանելու, փորձի փոխանակումը խթանելու, ինչպես նաև նրանց միջև կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերին: Հունիսի 5-ի հանդիպումները կենտրոնացված կլինեն համագործակցության բնագավառները սահմանելու վրա, իսկ քննարկումները կընթանան սահմանների կառավարման, աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքի վերաբերյալ երկու կարևոր նախաձեռնությունների շուրջ: «Եվրահանձնաժողովը ժամանակ չի վատնել այս նոր նախաձեռնությունը սկսելու գործում: Բազմակողմ այս հանդիպումների մեկնարկը կարևոր է ԱԳ հաջողության համար: Հույս ունեմ, որ այն կոնկրետ օժանդակություն կհանդիսանա մեր գործընկերների բարեփոխումային ծրագրերի համար, ինչպես նաև կբարելավի կողմերի միջև փոխըմբռնումը»,- նշեց Արտաքին հարաբերությունների և ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները: Այնուհետև նա հավելեց. «Առաջին հանդիպումը նվիրված է կառավարման հարցերին, որը գործընկերության հիմնական կորիզն է: Հուսով ենք, որ այս երկրներում վերելք կապրեն ժողովրդավարական հասարակությունների հիմնական տարրեր հանդիսացող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը: Չնայած, որ մեր գործընկերները անցումային շրջանի տարբեր իրավիճակներում և փուլերում են, նրանց առջև ծառացած են նույն մարտահրավերները: Այդ իսկ պատճառով համոզված ենք, որ նմանօրինակ բազմակողմանի մոտեցումը իրական արդյունքների կհանգեցնի»: Արևելյան գործընկերությունն Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները և հաստատությունները համախմբում է` խթանելով մասնակիցների անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը: ԵՄ և ԱԳ երկրների միջև երկկողմ կապերի ամրապնդումից զատ, բազմակողմ հանդիպումները հիմք են ապահովում ԵՄ օրենսդրության և չափանիշների ըմբռնման բարելավման, փորձի փոխանակման և ԱԳ նախաձեռնության շրջանակներում համատեղ  գործունեության ծավալման համար: Հունիսի 5-ի ժողովրդավարության, լավ կառավարման և կայունության հարցերին նվիրված հանդիպումը, որը կնախագահի Եվրահանձնաժողովը, կհանդիսանա գործընկերության իրականացման փուլի սկիզբը: Վեց մասնակից երկրների ներկայացուցիչները, ԵՄ անդամ երկրները, Խորհրդի քարտուղարությունը, Եվրախորհրդարանը, Ռեգիոնների կոմիտեն և Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերի կոմիտեն կմասնակցեն աշխատանքային հանդիպումներին: Երկու հիմնական ծրագրերը` «Սահմանների ինտեգրված կառավարում» և «Բնական և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանք», կներկայացվեն առաջին հանդիպման ժամանակ (այս ծրագրերը արդեն իսկ պետք է սկսվեն մինչև 2009թ. վերջը): Մյուս կարևոր ծրագրերը ներառում են էներգետիկ շուկայի ինտեգրումը, էներգետիկ արդյունավետությունը և վերականգնվող էներգիան, փոքր և միջին ձեռնարկությունների խթանումը և էներգմատակարարաման աղբյուրների դիվերսիֆիկացիան: ԱԳ առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսին Բրյուսելում. ·    Միջանձնային շփումներ` հունիսի 10-ին ·    Էներգետիկ անվտանգություն` հունիսի 17-ին ·    Տնտեսական ինտեգրում և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցում` հունիսի 26-ին Վերջին երկու հանդիպումներին կմասնակցեն նաև Եվրոպական ներդրումային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Եվրոպական հանձնաժողովի  երեւանյակ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ լրացուցիչ տեղեկություններ կարելի ստանալ http://ec.europa.eu/external_relations/eastern/index_en.htm  կայքէջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter