HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտի ջարդը, ողբացող Սևանը, ուրանի ուրվականը… Բնությունը մղկտում է»

khosrovՇրջակա միջավայրի համաշխարհային օրը Հայաստանում նշվում է մի շարք միջոցառումներով:  Հունիսի 5-ին` ժամը 18:30-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից գտնվող այգուց կսկսվի բնապահպանական երթ: Թեղուտի պաշտպանության երիտասարդների խումբը, Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքը կոչ են անում միանալ այս երթին՝ ի պաշտպանություն Հայասանի բնության: «… Բարձրաձայնենք մեր մայր բնության ցավոտ խնդիրները....Թեղուտի ջարդը, ողբացող Սևանը, ուրանի ուրվականը, կռնատ Երևանը… Բնությունը մղկտում է…»,-  նշված է բնապահպանների կոչում: Նույն օրը՝ «Մոսկվա» կինոթատրոնում, ժամը 16:00-ին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում են որսագողության մասին վավերագրական ֆիլմի շնորհանդես և Հայաստանի բնության լուսանկարների ցուցահանդես: ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Հայաստանի բնության պետական թանգարանում ժամը 11:00-ին կազմակերպում են հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարգևատրելու է ոլորտում ակնառու ներդրում ունեցող անձանց: Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը  ուղերձ է հղել, որտեղ նշված է. «Երկրագունդը համակած տնտեսական և ֆինանսական իրարանցումն արթնացման կոչ է, որն ահազանգում է, զարգացման հին օրինակներից դաս քաղելով, բարեփոխվելու և ավելի թարմ ու մաքուր զարգացման նոր դարաշրջան անցում կատարելու անհրաժեշտության մասին: Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման` «Քո երկրագունդը քո կարիքն ունի», նպատակ ունի ոգեշնչել բոլորիս՝ կատարելու մեր մասնաբաժինը: Երկրագունդը կլիմայի փոփոխության մռայլ սպառնալիքի առջև է կանգնած: Մինչ բոլոր երկրները կտուժեն, աղքատ երկրները կկրեն այս ազդեցության հիմնական հարվածը: Բայց մենք նաև ընթացքը փոխելու հնարավորություն ունենք: Կլիմայի փոփոխության վերաբերյալ վճռական քննարկումներ տեղի կունենան դեկտեմբեր ամսին Կոպենհագենում: Միասին գործելով` պետք է ստիպենք կառավարություններին կնքել կլիմայի փոփոխությանը վերաբերող նոր համաձայնություն: Աշխարհը նաև շրջակա միջավայրին վերաբերվող նոր համաձայնությունների կարիք ունի, որը միտված կլինի էներգիայի նոր աղբյուրների, էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների և էներգիայի ռացիոնալ օգտագործման ներդրմանը: Սա ոչ միայն կօգնի աշխատատեղեր ստեղծել և արագացնել վերականգնումը, այլ նաև դիմակայել գլոբալ տաքացմանը: Եթե մենք ներդնենք նոր տնտեսական խթանման էական փաթեթի անգամ կեսը շրջակա միջավայրի տնտեսությունում, այսօրվա ճգնաժամը կարող ենք վերածել վաղվա կայուն զարգացման: Ավելին, այն երկրները, որոնք կանցնեն ավելի ցածր ածխածնային հասարակության, կունենան շատ ավելին, քան շրջակա միջավայրի նշանակալի շահումն է, նրանք լայն հնարավորություններ կունենան՝ կիսելու իրենց նոր տեխնոլոգիաներն այլ երկրների հետ: Բայց մեր երկրագունդն ավելիի կարիքն ունի, քան միայն կառավարությունների և բաժնետերերի ձեռնարկած քայլերը. այն մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: Չնայած անհատական որոշումները կարող են թվալ շատ չնչին համընդհանուր սպառնալիքների և միտումների պայմաններում, բայց մենք կարող ենք արմատապես փոխել իրավիճակը, եթե միլիարդավոր մարդիկ համախմբեն իրենց ուժերը մեկ ընդհանուր նպատակի համար: Շրջակա միջավայրի այս համաշխարհային օրը ես հորդորում եմ բոլորին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրագունդն ավելի կանաչ և մաքուր դարձնելու ուղղությամբ: Խնայե՛ք էլեկտրաէներգիան: Օգտվե՛ք հանրային տրանսպորտից: Վերամշակե՛ք աղμը: Մի ծառ տնկե՛ք: Մաքրե՛ք այգիները: Հետևե՛ք, որպեսզի ընկերությունները պատասխանատվություն կրեն՝ շրջակա միջավայրը պահպանելու իրենց գործողությունների համար: Եվ կոչ արե՛ք ձեր կառավարության ներկայացուցիչներին՝ Կոպենհագենում ընդհանուր համաձայնության գալ»:Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter