
Ժամանակ առ ժամանակ Հայաստանը նմանվում է մի միջոցառման թատերաբեմի, որի մասնակիցները հընթացս մոռանում են, թե ինչի համար էին հավաքվել: Որպես կանոն` կեսից խոսակցության թեման փոխվում է, խոսակցությունը սկսում է զարգանալ նոր թեմայով, հետո այդ նոր թեման էլ է մոռացվում, ուրիշ խոսակցություն է սկսվում, հետո սա էլ է մոռացվում, և այսպես շարունակ:
Ահա, ուրեմն, երբ 2008 թվականի մարտի մեկից հետո բանտերը լցվեցին քաղբանտարկյալներով, Հայաստանի իշխանական և մերձիշխանական էլիտան, շատ լավ հասկանալով, որ տեղի է ունենում աղաղակող ապօրինություն, խուսափում է տեղի ունեցածին գնահատական տալ` հավաստիացնելով, թե քանի դեռ գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում, իրենք չեն կարող կարծիք հայտնել:
Տասնյակ դատավարություններ արդեն ավարտվել են, բայց այդ նույն իշխանական և մերձիշխանական խոսնակները չեն շտապում բարձրաձայնել իրենց կարծիքը: Նրանք ինչ որ չեն արտահայտվել, թե ինչ են մտածում Դավիթ Մաթևոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Պետրոս Մակեյանի, Սմբատ Այվազյանի, Աշոտ Զաքարյանի և մյուսների դատավարությունների մասին:
Թերևս, այս հարցում ամենամեծ հաջողությունն արձանագրել է Հայաստանի օմբուդմենը, որը շարունակում է մոնիտորինգի ենթարկել Վարդգես Գասպարիի դատավարությունը: Ճիշտ է` Գասպարիի դատավարությունն ավարտվել է, մարդն ամբողջությամբ կրել է արտակարգ դատարանի սահմանած պատիժը, արդեն գտնվում է ազատության մեջ, բայց օմբուդսմենի օպերատիվ խմբերն ու հանձնախմբերը շարունակում են մոնիտորինգի ենթարկել դատավարությունը: Նույնպես և Ջհանգիրյանի ու մնացածների դատավարությունները: Ու քանի դեռ մոնիտորինգի գործը չի ավարտվել, չեն կարող կարծիք հայտնել, ինքներդ եք հասկանում:
Իրականում, նրանց հույսն այն է, որ թեման կմոռացվի: Բայց խնդիրը հենց սրանում է, որ այս թեմային չի կարելի թույլ տալ մոռացվել և հարկավոր է բոլորովին ուրիշ, մի նոր մոնիտորինգ սկսել: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին գործերի մասին կարծիք չեն հայտնել` պատճառաբանելով, թե գործերը դատաքննության կամ նախաքննության փուլում են, պետք է հրապարակային իրենց կարծիքն արտահայտեն արդեն իսկ ավարտված, այսիքն` դատավճռով պսակված գործերի վերաբերյալ:
Սա ամենևին էլ սպորտային հետաքրքրքություն չէ, այլ չափազանց կարևոր քաղաքական և բարոյական հարց, որովհետև սա հենց այն իրավիճակն է` Աստվածաշնչյան իրավիճակը, երբ ասվում է, որ ինչ դատով դատեք, նույն դատով էլ դատվելու եք և հավատացեք` բոլոր նրանք, ովքեր քաղբանտարկյալների դատը արդար կամ արդարացված կհամարեն կամ համարում են այդպիսին, նույն դատով էլ դատվելու են:
Այսպես ասում է Աստվածաշունչը, և նրա սահմանած դատավճիռներից ծանոթ-բարեկամով ազատվել չի լինելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել