Սերժ Սարգսյանը զրուցել է Դմիտրի Մեդվեդևի հետ
Հունիսի 4-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում սանկտպետերբուրգյան հանդիպումը 16-րդն էր Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ:
Լիակատար փոխըմբռնման եւ ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական երկու դաշնակիցների միջեւ համագործակցությանն, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջին շրջանի հաճախակի հանդիպումները օգտակար է գնահատել հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ դրանք օգնում են կոնկրետ հարցերին տալ միանգամայն հասցեական լուծումներ:
Շնորհակալություն հայտնելով պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցության հրավերի համար` նախագահ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆորումը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում:
Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին` մեր երկրին 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացնող վարկ տրամադրելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման գործընթացին: «Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ` համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքաման ուժերի կազմավորման հարցերին:
Հայաստանի նախագահը հումանիտար ոլորտում երկկողմ գործակցության խորացմանն ուղղված հերթական քայլ է համարել Հայաստանի եւ Ռուսաստանի Առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը, որը իրականացրել է մեծ պարուսույց Յուրի Գրիգորովիչը:
Ավելի ուշ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը մասնակցել է պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել