Թափոնների մշակման էկոլոգիապես անվտանգ եղանակ Հայաստանում առաջինը կիրառվելու է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում ձեռնամուխ է եղել «Դեվերոիլ միկրոօրգանիզմների կիրառումը յուղոտ տարածքների մաքրման համար» նախագծի իրականացմանը: Այսօր ձեռնարկությունում կազմակերպվել էր հանրային քննարկում: Բնապահպանության բաժնի ճարտարագետ Հասմիկ Մկրտումյանը մանրամասն ներկայացրեց ծրագիրը: Այն թափոնների կառավարման նախագիծ է ու նպատակ ունի նվազեցնել թափոնների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Ըստ Հասմիկ Մկրտումյանի` Հայաստանում որոշ թափոնների իրացումն անհնար է, օրինակ` անվադողերի, նեոնային լամպերի: Ձեռնարկությունը վերջերս փորձել էր մարտկոցները վաճառել մետաղներ գնող կազմակերպություններից մեկին: Մասնագետների այն հարցին, թե ինչպես են իրացնելու թափոնները, բացատրեցին, որ բացում են մարտկոցները, հեղուկ նյութրեը թափում գետը: Սա ևս նշանակում է անուղղակի կերպով շրջակա միջավայրի աղտոտում, ուստի եւ ձեռնարկությունը չգնաց այդ քայլին: «Դեվերոիլը» հնարավորություն կտա բիոլոգիական ճանապարհով մաքրում կատարել` ընտրելով համապատասխան միկրոօրգանիզմների շտամներ, ուստի կատարված ուսումնասիրությունների արդյունքում նպատակահարմար գտնվեց համագործակցել ռուսական «Սիտի Ստրոյ» ընկերության հետ: Ընկերության հիմնադիրները հայ գիտնականներ են` Տիգրան ու Ռուբեն Միկոյանները: «Դեվերոիլը» ՌԴ նախագահին առընթեր Պետական կմոիտեի սանիտարա-համաճարակային վերահսկման և պետական բնապահպանական փորձաքննական գերատեսչության փորձաքննական կոմիտեի կողմից թույլատրվել է օգտագործման 1992 թ.-ից, ստացել է Էկոլոգիական վկայական: «Սիտի Ստրոյ»-ը նմանատիպ ծրագրեր է իրականացրել ՌԴ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկներում: Միկրօրգանիզմների օգտագործման համար նախատեսվում է ձեռնարկության սեփական հողատարածքում հիմնել փոքր ավազան ու իրականացնել միջոցառումները: «Դեվերոիլի» կիրառումը ոչ միայն առողջապահկան ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից է ձեռնտու, այլ նաև ֆինանսապես մատչելի է: Մեկ կգ նյութն արժե 140 հազար դրամ ու թափոններից ճեղքում է մոտովորապես 1 տ նավթամթերք: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ բնապահպանության բաժնի պետ Տատյանա Դյակոնովան քննարկման մասնակիցներին խնդրեց օգնել իրագործելու նախագիծը: Բաժնի աշխատակիցները պատասխանեցին հավաքվածների հարցերին, որոնք որոշ առումով շեղվում էին օրվա թեմայից ու բնապահպանական գլոբալ հարցեր շոշափում: Ի դեպ, տիկին Դյակոնովան նկատեց, որ Հայաստանում բնապահպանության ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը լիակատար չէ ու փոփոխությունների կարիք ունի: Սա դժվարացնում է աշխատանքը, որովհետեւ երբեմն ստիպված նրանք ընդունում են ոլորտում առկա խաղի կանոնները:
Մեկնաբանել