Զարուհի Փոստանջյան. «ՀԱԿ-ը դեռ կայացած քաղաքական ուժ չէ»
«Փաստացի մենք ականատեսը եղանք, որ Հայ ազգային կոնգրեսը դեռ կայացած քաղաքական ուժ չէ»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այն զանգվածին, որն անհրաժեշտ էր, որ ընդդիմությունն ունենար հաղթանակ գոնե Երևանում, մենք, փաստորեն, չկարողացանք դուրս բերել իր բնակարաններից և տանել ընտրատեղամաս` անկախ նրանից, որ ընտրության արդյունքները, ես էլի եմ ասում, կեղծվել են: Կոնգրեսի ստացած քվեն բավականին մտահոգող է: Եվ պետք է հենց բոլորս մտահոգ լինենք, որ որպես ընդդիմություն` այս ուժը դեռ չի կայացել և վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից: Իսկ վստահություն պետք է վայելի ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով»,- ասաց Զարուհի Փոստաջյանը:
Ըստ պատգամավորի` ընդդիմությունը պետք է կազմակերպվի, լրջորեն վերլուծի խորհրդարանական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածը, հասկանա` որոնք էին իր սխալները, պատշաճ գնահատական տա դրանց և առաջ շարժվի:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է ժողովրդի քվեին, պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին ոչ թե պարբերական ինչ-որ միջոցառումների միջոցով, այլ հատկապես ամենակրիտիկական իրավիճակներում: Ես կարծում եմ` մարտի 1-ի առավոտյան և դրանից հետո, անկախ նրանից, Լևոն Տեր-Պետրոսյանին իր տանը կալանավորել էին, թե ոչ, պետք է Լ. Տ.-Պետրոսյանը լիներ ժողովրդի կողքին: Ամենօրյա աշխատանքը ես այդպես եմ գնահատում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ասաց, որ քանակական ցուցանիշներից դատելով` ընտրակեղծիքների գործընթացը որակական նոր դաշտ է մտնում: Ըստ նրա` ընտրակեղծիքներն այնքան են արմատավորվել, որ արդեն կա ամբողջովին վերահսկելի և վախեցած ընտրազանգված: Օրինակ` Էրեբունի համայնքում ընտրություններին մարդկանց վրա ճնշում կիրառելու հարկ չի եղել, քանի որ բոլորը, առանց այդ էլ, արել են իշխանության թելադրածը:
«Եթե ընտրություններին մասնակցության պաշտոնական 53,4 %-ից հանենք կրկնակի քվեարկությունները, լցոնումները, կտեսնենք, որ առավելագույնը ընտրություններին մասնակցել է 40 %: Եթե այդ 40 %-ից հանում ենք ընտրակաշառքով և վարչական ռեսուրսով եկածներին, տեսնում ենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցածր տոկոս են կազմում: Եվ եթե հաշվի ենք առնում նաև, որ նախորդ նախագահական ընտրություններին Երևանի մասնակցությունը գրեթե 80 %-ի էր մոտենում, մենք հստակ կարող ենք ասել, որ ընդդիմադիր զանգվածի գերակշիռ մասը մնաց այդ օրը տանը և չեկավ ընտրությունների: Դա մեր բոլորիս, բայց առաջին հերթին, կարծում եմ, ընդդիմության, ՀԱԿ-ի` ոչ ճիշտ հաշվարկներ կատարելու արդյունք էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու «Ժառանգությունը» իր ցուցակով չմասնակցեց ընտրություններին, եթե հայտարարում էր, որ մեծ ընտրազանգված ունի, և համաձայնության չէր եկել ՀԱԿ-ի հետ` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ գրեթե մեկ շաբաթ ընդդիմադիր մամուլը ծայրահեղ վատաբանություններ է հնչեցրել «Ժառանգության» հասցեին: «Եթե առանձին ցուցակով գնայինք, մենք տեսնում էինք, որ մեր գործընկերների և ընդդիմադիր մամուլի կողմից չկա այդ տոլերանտ վերաբերմունքը, որ թույլ տային, որ երկրորդ ընդդիմադիր ուժը նաև գործի, որովհետև դա ոչ թե թուլացնելու էր ընդդիմադիր ճակատը, այլ ընդհակառակը` հզորացնելու էր: Բայց մեր տրամաբանված մոտեցումը որևէ մեկը չփորձեց լսել: Եթե մենք մեր թեկնածությունը դնեինք, առճակատում կլիներ, և ընդդիմադիր զանգվածը կհիասթափվեր: Մենք չէինք կարող թույլ տալ, որ քաղաքացիներն ընդդիմությունից հիասթափվեին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ընդունում է, որ ընտրությունը խախտումներով է անցել: Այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, մտահոգիչ է, որ բնակչության ընդդիմադիր հատվածը որևէ լծակ չունի ավագանու կազմում:
Իսկ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՀԱԿ-ի ցուցակում պետք է նոր դեմքեր և նոր քաղաքական միտք լիներ, իսկ եղած ցուցակը «Երևանի բնակիչներին վստահություն չներշնչեց»:
«Հնացած ձևաչափերով, հնացած ցուցակներով, թող չվիրավորվեն` նաև հնացած մարդկանցով չի կարելի հանդես գալ: Մեր ժողովուրդը արդեն ցանկանում է նոր շունչ, նոր մոտեցում: Եթե ընդդիմությունն ունենար գոնե 30 % քվե Երևան քաղաքի ավագանու մեջ, և եթե այս 30 հոգին լինեին երիտասարդ, եռանդուն անձինք, կքանդեին այդ նույն ավագանու աշխատանքը, ինչ-որ չափով նոր թարմություն կմտցնեին: Ես չեմ ասում, որ դա լինելու էր լուծում: Բայց եթե դու կաս, դու ներկա ես, արդեն իրենց համար պրոբլեմ ես: Իսկ եթե դու չկաս, իրենք ավելի սանձարձակ են դառնում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Միաժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նշեցին, որ իրենք շարունակելու են աշխատել ՀԱԿ-ի հետ: «Մենք աշխատելու ենք բոլոր այն անձանց և քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր ցանկանում են մեր երկրում իրական բարեփոխումներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել