HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Քոչարյանն` ընդդեմ «Հայկական ժամանակի». հայցը բավարարվեց մասնակի

«Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների, կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապայները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթերի պահանջով: Ըստ մեր աղբյուրների, Լևոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»,-այս տեղեկատվությունը տարածելու համար «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է 3 մլն 620 հազար դրամի վնաս փոխհատուցի Լևոն Ռոբերտի Քոչարյանին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2009թ.-ի փետրվարի 6-ի վերոնշյալ հրապարակման տեղեկատվության պատճառով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Մելքումյանը որոշեց Լևոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ ընկերության դատական հայցը բավարարել մասնակի: Դատարանը որոշեց հօգուտ Լևոն Քոչարյանի բռնագանձել 3 մլն 620 հազար դրամ` որպես Լևոն Քոչարյանին արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար, իսկ բարոյական վնասի` 12 մլն 500 հազար դրամի բռնագանձման մասով հայցը` մերժել:

Դատավճռի պահանջով` «Հայկական Ժամանակ» օրաթերթին` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ- ի պարտավորեցնել հերքելու պատիվն ու արժանապատվությունն արատավորող «ՀԺ» խմբագրության կողմից 2009թ.-ի փետրվարի 6-ին տպագրված Լևոն Ռոբերտի Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները, և հերքումը տպագրել «ՀԺ» օրաթերթում հերքում խորագրի ներքո, այնպես որ այն չզիջի փետրվարի 6-ի հրապարակված տեղեկատվությանը իր ձևով և չափով` օրենքով սահմանված կարգով: Որպես հայցվորին պատճառած բարոյական վնաս 12 մլն 500 դրամի բռնագանձման մասով հայցը մերժեց` բարոյական վնասի իրավական կարգավորման բացակայության պատճառով: «ՀԺ» օրաթերթից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի 72 400 դրամ գումար:

«Սա շատ լուրջ հարված է խոսքի ազատությանը Հայաստանում: Պահանջը կատարելապես անհիմն է, դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցները թույլ չեն տալիս դատավորին կայացնել նման վճիռ: Թեպետ եթե լինենք ազնիվ, հասկանանք, թե ինչ երկրում ենք ապրում և ինչ պայմաններում, դատավորի կողմից մնացած մասով մերժելը երևի թե ջանքեր են պահանջել, որ այդ թույլտվությունն ինքը ստանա»,-ասաց «ՀԺ» օրաթերթի շահերը պաշտպանող, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Լևոն Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնող Արփինե Մելիքբեկյանից դատավճռի մասնակի բավարարման մասին որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա  «շատ էր շտապում»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter