
Հունիսի 5-ին` շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա առթիվ, Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քաղաքապետարանի «Օրհուս կենտրոնի» խորհրդի անդրանիկ նիստը: Կենտրոնն աշխատելու է մեկ տարի: Այն իր առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու դեպքում կիրականացնի շարունակական ծրագիր: Կենտրոնի համակարգող Ռուզաննա Միրզոյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները կդառնան կենտրոնի աշխատանքային ծրագիր, իսկ հիմնական աշխատանքներն իրականացվելու են դրամաշնորհների միջոցով: Խորհրդի նիստում ելույթ ունեցավ քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Նա խորհրդի անդամներին շնորհավորեց բնության պահպանության միջազգային օրվա առթիվ: Քաղաքապետը Ալավերդին համարեց բնապահպանական թեժ գոտի և այդ ոլորտում կարևորեց երեք հիմնական՝ քաղաքի աղբավայրի, պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտի աղտոտման և քաղաքի մաքրման կայանի չլուծված խնդիրները:
Նա բնապահպանությունը համարեց Ալավերդու ամենալուրջ խնդիրը: «Պղնձաձուլական գործարանի կողմից վտանգավոր արտանետումները սահմանված նորմաները գերազանցում են մինչև 12,5 անգամ: Մենք շուրջ 85% ջրի կորուստներ ունենք»,-ընդգծեց քաղաքապետը: Նա կարևորեց էկոլոգիական դաստիարակության գործում «Օրհուսի կենտրոնի» դերը:

Նիստի մասնակիցները խնդրեցին կենտրոնի խորհրդի անդամ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի պետ Մերուժան Աբելյանին մեկնաբանել արտանետումների մեծ քանակի պատճառները: Վերջինս նշեց, որ ընկերությունում արտանետվող գազերի քանակը չի ավելացել, արտանետումների մեծ քանակը հիմնավորեց բարձր խոնավությամբ և քամիների ուղղություններով:
«Ինչ է մեզ պետք, աշխատատեղեր պետք է ունենանք, թե երիտասարդությունը պետք է լքի քաղաքը: Զարգացող պետությունները գնացել են այս ճանապարհով: Մեզ պետք է համեմատենք ոչ թե ԱՄՆ-ի, այլ Սոմալիի և Մոզամբիկի հետ»,-ասաց մետալուրգիական արտադրամասի պետը:
Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը և քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը չհամաձայնեցին արտադրության ղեկավարի հետ: «Մեզ պետք է և արտադրություն, և մաքուր միջավայր»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանն էլ ընդգծեց. «Երկուշաբթի քաղաքապետարանի կայքէջի շնորհանդեսն է լինելու է, այդ էջի համար Ալավերդու բնակիչներից հարցվածներից 48%-ը քաղաքի ապագան տեսնում են զբոսաշրջության, իսկ 33%-ը արդյունաբերության զարգացման մեջ: Եվ դա «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից արտադրության ոչ ճիշտ կառավարման և Ալավերդու շրջակա միջավայրի ոչ պիտանի լինելու պատճառով է»,-ավելացրեց քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը :
Ալավերդու սանէպիդ կայանի գլխավոր բժշկուհի Ժաննա Բեդյանն առաջարկեց կարգավորել Ալավերդու լողավազանների խնդիրը, քանի որ ամռանը Դեբեդում լողանալը երեխաների համար կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանալ:
Թիվ 5 միջն. դպրոցի ուսմասվար Օլեգ Իգնատենկոն խորհրդի անդամներին առաջարկեց անցկացնել գործնական քննարկում: «Ես կարծում եմ այսօր այս նիստին պետք է հրավիրվեին մեր տարածաշրջանի նախկին առողջարանների սեփականատերերը: Ունենք առողջարան Ախթալայում և Օձունում, այստեղ պետք է ընդգրկվեն նաև այդ մարդիկ, որ այդ առողջարանները գործեն ի շահ Ալավերդու և տարածաշրջանի երեխաների առողջության, մինչդեռ դրանք սեփականաշնորհելուց հետո փականների տակ են»,-ասաց Օլեգ Իգնատենկոն:
«Էյ-Սի-Փի» ընկերության մետալուրգիական արտադրամասի պետ Մերուժան Աբելյանը դրական համարեց այն փաստը, որ Ալավերդու Փիրուզյան թաղամասի Եղիշե Չարենցի անվ. միջն. դպրոցի 1-6-րդ դասարանների երեխաներին տրվում է հատուկ սնունդ, մյուս դպրոցների երեխաներին նման սնունդ տրվում է 1-4-րդ դասարաններում:
«Փիրուզյան դպրոցը ներկայացվել է դրա համար էլ մինչև 6-րդ դասարանն են ստանում, ամեն ինչ ներկայացնելով է»,-ասաց Մ. Աբելյանը:
Բժշկուհի Ժաննա Բեդյանը Մ. Աբելյանին բացատրեց, որ ի տարբերություն մյուս դպրոցների Փիրուզյան թաղամասում մինչև 6-րդ դասարան երեխաններին սնունդ տալը ինքնանպատակ չէ, քանի որ այդ թաղամասում արտանետումներն ավելի մեծ տոկոս են կազմում և ավելի վտանգավոր են երեխաների համար:Մանկավարժ Օլեգ Իգնատենկոն առաջարկեց «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից ծառատունկ կազմակերպել Էնգելս թաղամաս տանող, Դեբեդի երկայնքը ընդգրկող ճամփեզրին:
Քաղաքապետ Արթուր Նալբանդյանն էլ այստեղ դժգոհեց, որ բնակիչները հանում են քաղաքապետարանի կողմից տնկված մրգատու տնկիները: Նիստում կարևորվեց Ալավերդում ջրող ավտոմեքենա չունենալու խնդիրը, որին քաղաքապետը պատասխանեց. «Ճիշտ է, ջրող ավտոմեքենա չունենք, դրա համար Դեբեդից ենք ջուր բարձրացնում և ջրում նորատունկ ծառերը»:
Խորհրդի անդամները նշեցին նաև բնակիչների կողմից, մասնավորապես քաղաքի Էնգելս և Սանահին կայարանային թաղամասերի բնակչության կողմից Դեբեդի ափերին աղբաթափության դեմ պայքարը եւ կարևորվեց տեղական հետուստաընկերության միջոցով բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքի անհրաժեշտությունը:
Նիստում բարձացված այս և այլ հարցեր արձանագրվեցին համակարգողների կողմից կենտրոնի աշխատանքային ծրագիր դարձնելու համար: Խորհրդի անդամներին հետաքրքրեցին «Օրհուս կենտրոնի» ֆինանսավորման աղբյուրները և դրանց հրապարակային ծախսումները, որն էլ կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը ներկայացրեց. «Ծրագրի ընդհանուր գումարը 6500 եվրոյին համարժեք դրամ է, միաժամանակ նախատեսված է 3% սղաճ, եկամտային մասում նախատեսված է համայնքի բյուջե մուտքագրել արտաքին պաշտոնական դրամաշնորհներ 6500 եվրոյին համարժեք դրամ: Ծախսային մասում շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում նախատեսվել է բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի պահպանման ծախս` 6500 եվրոյին համարժեք դրամ: Այդ թվում ըստ ընթացիկ ծախսերի դասակարգման` աշխատավարձի վարձատրություն` 2700 եվրո , ներքին գործուղման ծախսեր` 200 եվրո, ներկայացուցչական ծախսեր` 450 եվրո, ընդհանուր բնույթի այլ ծառայություններ` 200 եվրո, գրասենյակային ծախսեր` 450 եվրո, հատուկ նպատակային այլ նյութեր` 1800 եվրո, կապի ծառայություններ` 800 եվրոյին համարժեք դրամ: Մեր կենտրոնը կոորդինացնելու է պետական բոլոր կառույցների, ՀԿ-ների և հասարակության համագործակցությունը բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում: Ստացվելու է այնպես, որ հասարակությունը ակտիվ մասնակցություն ունենա բնապահպանական լսումների և բոլոր տեսակի քննարկումների ժամանակ»,- ասաց համակարգող Անուշ Էվոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել