
«Այդ օրը, ինձ թվում է, Լևոն Սարգսյանի մեղքը եղել է այն, որ նա տնից դուրս է եկել»,- Ալրաղացի Լյովի արկածների մասին հայտարարել է նրա կուսակցական ընկեր, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
«ՉԻ» - Դե, իհարկե, ուրիշ ի՞նչ մեղք կարող էր գործել Լևոն Սարգսյանը: Փաստորեն, այդ մարդու բախտը երբեք չի բերում: Իր համար հանգիստ տնից դուրս է գալիս, ամենաբարի մտադրություններով զբոսնում քաղաքում, հիանում մեր վարդագույն մայրաքաղաքով, բայց արի ու տես` հենց որ որևէ ընտրատարածքի կողքով անցնում է, այնտեղ ինքնաբուխ ծեծկռտուք է սկսվում, որևէ սրճարանի կողքով անցնում է` այնտեղ մարդ է սպանվում և այլն:
Մի հարցում Սամվել Նիկոյանը, իհարկե, իրավացի է: Որ օրը Լևոն Սարգսյանը տնից դուրս չի գալիս, հանրապետությունում հանցավորության մակարդակը կտրուկ նվազում է: Այլ հարց է, որ եթե ընտրությունների օրը նա և նրա նման հումանիստները տնից դուրս չգային, ընտրությունների արդյունքները բոլորովին ուրիշ կլինեին, բայց դա արդեն փակված թեմա է:
Այս պահին էականն այն է, որ, փաստորեն, ոստիկանությունը կարող է ցանկացած պահի կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը: Պետք է ընդամենը տնային կալանք սահմանել Լևոն Սարգսյանի համար:
Նոր 6-րդ վարչություն
«ՉԻ» աղբյորները տեղեկացնում են, որ մոտ ժամանակներս լուրջ փոփոխություն է սպասվում ոստիկանական համակարգում և Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ): Նույն աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանության 6-րդ վարչությունը, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը և ՊԵԿ-ի մաքսանենգության դեպքերը բացահայտելուն կոչված վարչությունն առաջիկայում կմիավորվեն` դառնալով մեկ մարմին:
Ըստ սցենարի` այդ նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարը լինելու է Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը, որը ենթարկվելու է ուղիղ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ երբ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում տեղի ունեցավ, Հայաստանի իրավապահ համակարգից որևէ մեկը չձգտեց բացահայտել այդ գործը: Սրա մասին Արմեն Ավետիսյանը բողոք ներկայացրեց Սերժ Սրագսյանին, բայց, ի վերջո, Ավետիսյանն ինքը, օգտագործելով ունեցած կապերը, ԱԱԾ-ի մի քանի պաշտոնյաների օգնությամբ բացահայտեց գործը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել