Պատիժն անխուսափելի է
Երեկ ուրախալի լուր տարածվեց` ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/15 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը: Չէ, իհարկե, մարդու ձերբակալությունն ինքնին չի կարող ուրախացնող լինել: Բայց տվյալ դեպքում անձը ձերբակալվել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքով, ինչը ոչ միայն ուրախացնող է, այլև ոգևորող:
Կնշանակի` հույս կա, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների գնացողները կզգուշանան` հիշելով Օնիկի ճակատագիրը, որն իշխող կուսակցության օգտին է կեղծիքներ արել: Բայց, ինչպես հայտնի է, մեզանում ոչինչ հենց այնպես չի լինում: Եվ այս կալանքն էլ այնքան միանշանակ ու պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից:
Բանն այն է, որ սույն ընտրակեղծարարը քվեարկության օրը մասսայական խոստովանություն է արել: Նա ասել է. «Ես շուտվա կեղծողներից եմ, տարիներ առաջ կեղծել եմ Լևոնի համար, հիմա էլ Սերժի համար եմ կեղծում»: Եվ չի բացառվում, որ նրան որոշել են պատժել հենց այս արտահայտության համար. նախ` նրա համար, որ ժամանակին կեղծել է Լևոնի համար, ապա այն բանի համար, որ հիմա հայտարարություն է անում Սերժի օգտին կեղծելու մասին:
Թեև պետք է նշել, որ անգամ այս պարագայում կատարվածին արժե միմիայն դրական գնահատական տալ. բոլոր ժամանակների և բոլոր տեսակի ընտրակեղծարարները պետք է պատժվեն: Նրանց ներում չկա, ինչպես չկա վաղեմության ժամկետ: Մարդու ընտրական իրավունքը ոտնահարողը պետք է իմանա, որ գալու է հատուցման ժամը` քանի տարի էլ անցած լինի: Որ միայն առաջին հայացքից է թվում, թե ընտրական հանցագործությունն իրական ու ծանր հանցագործություն չէ: Այն հանցագործությունների մեջ ամենածանրն է և ամենաաններելին: Այնպես որ, պատժից խուսափել չի ստացվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել