
«Երևանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Հայ ազգային կոնգրեսը իբրև քաղաքական ուժ` կայացած չէ և վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից», «Ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող ՀԱԿ-ը, իբրև այդպիսին, չհանձնեց քննությունը»: Այս հայտարարությունները պատկանում են ոչ թե, ասենք, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին կամ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, այլ մինչև երեկ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանին:
Վերջինս և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ կայացած ասուլիսում այնպիսի գնահատականներ են տվել ՀԱԿ-ին, որ կարող են հավակնել Ահարոն Ադիբեկյանի դափնիներին: Խնդիրը, սակայն տվյալ դեպքում «Ժառանգության» նշված անդամների անձերը չեն, որոնք իսկապես վերջին ավելի քան մեկ տարում իրենց գործունեությամբ աջակցում էին ընդդիմությանը: Խնդիրն այն դրդապատճառն է, որը ստիպել է «Ժառանգությանը» նման սենսացիոն հայտարարություն անել և բառի բուն իմաստով մեկ օրում 360 աստիճանով փոխել դիրքորոշումը:
Առաջին հայացքից աբսուրդային թվացող այս «ռևերանսը» վերջին շաբաթվա իրադարձությունների համատեքստում կարող է ունենալ միայն մեկ տրամաբանական բացատրություն` «Ժառանգությանը» ստիպել են նման հայտարարություններ անել Արևմուտքից` ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ից, որտեղ խիստ անհանգստացել են հունիսի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններց: «Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի: Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂՀ հակամարտության կարգավորման գործին»,- ասել էր ՀՀ առաջին նախագահը:
Նաև ԱՄՆ «հովանու ներքո» ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ինտենսիվացման պայմաններում Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունն, ըստ էության, նշանակում է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը խաղաղության փաստաթուղթ ստորագրեն, դա չի ընդունվելու Հայաստանի հասարակության, կամ որ նույնն է, հասարակության զգալի հատվածի վստահությունը վայելող ՀԱԿ-ի կողմից: Այսինքն` Լ. Տեր-Պետրոսյանն իր այս հայտարարությամբ վտանգի տակ է դրել ԼՂ հարցի` ներկայիս, մեղմ ասած` ոչ հայանպաստ տարբերակով լուծման հնարավորությունը:
Հասկանալի է, որ դրանում շահագրգռված կողմերը, այդ թվում` ԱՄՆ-ը, պետք է հակազդեն այս քայլին, ինչը, ամենայն հավանականությամբ, փորձում են անել հասարակության աչքում ՀԱԿ-ին վարկաբեկելու միջոցով: Հասկանալի է նաև, որ վերը նշվածը հաճելի չի լինի «Ժառանգության» անդամների համար, որոնք ինչպես նման դեպքերում է լինում, կհայտարարեն, թե մամուլը ստվեր է գցում իրենց բարի համբավի վրա: Սակայն «Ժառանգության» երեկվա քայլը այլ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նույնիսկ` ամենամեծ ցանկության դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել