HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս-վրացական լարվածությունը գործում է ի վնաս Հայաստանի

Ռուս-վրացական սահմանի երկարատեւ փակումը Հայաստանին զրկում է իր ամենակարեւոր շուկայից Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով արդեն իսկ երերացող Հայաստանի տնտեսությունը նոր հարված ստացավ այն բանից հետո, երբ Վրաստանը հրաժարվեց բացել Ռուսաստանի հետ իր սահմանը` իր դաշնակցի հետ Հայաստանին կապող միակ ուղին:  Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում, որտեղով Կենտրոնական Կովկասը կիսելով անցնում է Թբիլիսի-Վլադիկավկազ ճանապարհը, անսպասելիորեն փակվեց Ռուսաստանի կողմից 2006-ին` կարեւոր խոչընդոտ դառնալով հայ արտահանողների համար: Այժմ Ռուսաստանը վերաբացել է սահմանի իր մասը, սակայն վրացական կողմը թույլ չի տալիս ապրանքներն անցկացնել: Ռուսաստանի հետ անցյալ տարի ունեցած կարճատեւ պատերազմից հետո իր հյուսիսային հարեւանին վստահելու համար Վրաստանը պահանջում է Շվեյցարիայի միջնորդությունը: Այս հանգամանքը կտրում է Հայաստանին իր կարեւորագույն շուկայից` ստիպելով օգտվել Բուլղարիայով անցնող արտահանման երկար ճանապարհից` Ռուսաստան հասնելու համար: «Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այս ճանապարհը վերաբացվի: Ռուսաստանը մեզ վստահեցրել է, որ իր կողմից բոլոր աշխատանքները ավարտված են: Վերին Լարսի գործառնությանը մեծ կարեւորություն է տրվում, հատկապես մաքսակետերը բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումներով համալրելուց հետո», - նշում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական բարդ վիճակը Հայաստանին յուրատեսակ կախվածության մեջ է դրել այս անցակետից:  Վրաց-ռուսական սահմանի մնացած մասը փակ է` կամ չափազանց լեռնային տեղանքների պատճառով կամ էլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերահսկողության տակ լինելու հետեւանքով. այս երկու շրջանների անկախությունը ճանաչվել է Ռուսաստանի կողմից, ինչը, սակայն, Վրաստանը հրաժարվել է անել: Միեւնույն ժամանակ, այն պատճառով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմի ավարտը նախանշող պաշտոնական փաստաթուղթ այդպես էլ չեն ստորագրել, Ռուսաստանի հարավային սահմանը նույնպես փակ է մնում հայ արտահանողների համար: Բացի այդ, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի իր մեկ այլ կարեւոր հարեւանի` Թուրքիայի հետ` չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը, որը կարող է փակուղուց դուրս գալու միջոց հանդիսանալ: «Ներկայում հարցը քաղաքական որոշման մեջ է կայանում, իսկ ողջ խնդիրը ռուս-վրացական հարաբերություններն են: Հույս ունեմ` Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները շուտով կբարելավվեն, ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների վրա», - նշում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Անցակետի փակման մեջ ռուսները վրացիներին են մեղադրում, սակայն վերջիններս էլ պնդում են, որ չեն կարող հույսները դնել ռուսների ազնիվ վարմունքի վրա: «Անցակետի հետ կապված բոլոր տեսակի բանակցությունները պետք է անցնեն շվեյցարական միջնորդության ներքո, քանի որ մենք չենք կարող բացառել ռուսական կողմից հրահրվող դիտավորությունները», - հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն: Այս դիրքորոշումը եւ դրանից անխուսափելիորեն բխող ձգձգումները դժվար թե դուր գան հայկական կողմին, որի տնտեսությունն արդեն իսկ անկում է ապրել այս տարի` ստիպելով դիմել Միջազգային արժութային հիմնադրամին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` այս տարի տնտեսական անկումը կհասնի 5.8 տոկոսի` զիջելով տարվա առաջին քառորդում եղած 6.1 անկման ցուցանիշին: Ամենից շատ վնաս կրել է հանքաարդյունաբերության ոլորտը, եւ մի շարք ընկերություններ ստիպված են եղել կրճատել աշխատատողների քանակը: Այս փակուղին, որի առջեւ կանգնած է Հայաստանը, կրկին հիշեցնում է այն փաստի մասին, որ երկրի տնտեսությունը ամբողջությամբ չափազանց մեծ կախվածության մեջ է Վրաստանից: Միայն անցյալ տարվա օգոստոսյան պատերազմի ժամանակ, երբ խափանվեցին Հայաստանի արտահանման ուղիները, երկիրը մոտ 600-700 միլիոն դոլարի վնաս կրեց: Ներկայում, հայկական ապրանքների 70-80 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, որտեղ դրանք հասցնելու համար նախ անհրաժեշտ է վրացական Փոթի նավահանգստից հասնել Բուլղարիա, իսկ հետո միայն`Ռուսաստանի հարավային ափերը` դեպի Նովորոսսիսկ: Այս ամբողջ ճանապարհը տեւում է 8-10 օր, մինչդեռ Վերին Լարսի լեռնային տեղանքներով անցնող ուղին հարաբերականորեն ավելի կարճ է: «Եթե երկար ժամանակ մեր ապրանքները միայն նավով ուղեւորվեն Փոթիից, ապա ֆինանսական խնդիրներ կառաջանան, կավելանան արտահանման հետ կապված ծախսերը, իսկ եթե այս ամենին գումարենք նաեւ տնտեսական ճգնաժամը, ապա Հայաստանը բավական ծանր իրադրության մեջ կհայտնվի», - նշում է Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Միեւնույն ժամանակ, այս դրությունը յուրատեսակ խթան հանդիսացավ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման համար: Վրաստանի տարածքով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ եղած ոչ պաշտոնական առեւտրի ծավալները 2008-ին համարյա կրկնապատկվել էին` հասնելով 270 միլիոն դոլարի` չնայած հիմնականում ներմուծվում էր թուրքական արտադրության գործվածքեղեն, շինարարական նյութեր եւ տնային ապրանքներ: Սահմանի բացման դեպքում, այս ապրանքները ուղղակի կերպով մուտք կգործեին Հայաստան: «Սահմանների բացման դեպքում ներկայում Վրաստանի տարածքով երկու երկրների միջեւ տեղի ունեցող առեւտուրը օրինական բնույթ կստանա, տրանսպորտային ծախքերը եւս կկրճատվեն: Հայաստանում թուրքական ապրանքներն այժմ լայն սպառում ունեն` ներառյալ սննդամթերքը եւ թեթեւ արդյունաբերական ապրանքները», - նշում է Այվազյանը: Այնուամենայնիվ, հայ-թուրքական սահմանի բացման գաղափարը լուրջ հակառակորդներ ունի, ի դեմս Հայ Հեղափոխական Դաշնակցության, որը վախենում է, թե դրա արդյունքում Թուրքիան կարող է ողողել հայկական շուկան իր ապրանքներով` այդպիսով վնասելով տեղական արտադրողներին: «Մենք ուսումնասիրել ենք թե´ Թուրքիայի, թե´ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը: Թուրքիայի` իր արտադրողների օգտին վարած պրոտեկցիոնիստական քաղաքականությունը վկայում է այն մասին, որ մեր լիբերալ քաղաքականության պայմաններում մենք դժվար թե օգուտ քաղենք այս ամենից», - համոզված է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Նաիրա Մելքումյանը, Երեւան: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter