Ազգային ժողովի նիստերը կլինեն ավելի ինտրիգային ու քաղաքականացված
Սեպտեմբերի 13-ին մեկնարկում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս նստաշրջանը կլինի ավելի քաղաքականացված:
«Դասական առումով խորհրդարանը քաղաքական թատերաբեմն է, և բնականաբար կլինեն թեժացումներ, օրինագծերի ուղղվածությունը, հայտարարությունները կլինեն քաղաքականացված և միտված կլինեն դեպի նախընտրական ստարտային սկիզբ: Իսկ այս ամենը կոռեկտ կլինի՞, թե՞ ոչ՝ կարող ենք միայն ասել, որ դա կախված կլինի մեր քաղաքական համակարգի կայացված լինելուց, իսկ քաղաքականության մեջ մեծ հաշվով եթե անձնական վիրավորանքներ չեն հնչում, մնացած ամեն ինչ չափի մեջ է»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորի ասելով՝ քաղաքականությունը չափազանցվածություն և ինտրիգային իրավիճակներ է սիրում, առավել ևս որ նախընտրական տարի է:
ՀՀԿ-ական պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք գործարար պատգամավորները, որոնք անցնող 4 տարվա ընթացքում հազվադեպ են ներկա եղել ԱԺ նիստերին ու մասնակցել օրինաստեղծ աշխատանքին, աշնանային նստաշրջանում կգնա՞ն Ազգային ժողով:
Հովհաննես Սահակյանն ասաց, թե իր ձեռքի տակ վիճակագրական տվյալներ չկան, թե ովքեր են գալիս ԱԺ, իսկ ովքեր՝ ոչ: Իսկ ընդհանուր առմամբ պատգամավորը նշեց, թե չի ցանկանում ԱԺ-ն մասնատել գործարար և ոչ գործարար պատգամավորների:
«Իմ կարծիքով ավելի աշխույժ ու թեժ կլինի, որովհետև տարին նախընտրական է, և բնական պրոցես է: Եթե հաշվի առնենք, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը սկսվում է ամանօրյա տոներից հետո, ապա այս աշնանային նստաշրջանում միանշանակ ավելի ակտիվ ու քաղաքականացված կլինեն բոլոր 131 պատգամավորներն էլ»,- ավելացրեց Հ. Սահակյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել