HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այդքան դաժան չի կարելի լինել

Բաց նամակ

(Նամակը ստորագրել են Քարվաճառի եւ շրջանի Նոր Մանաշիդ եւ Նոր Վերին շեն գյուղերի թվով 108 վերաբնակիչներ)

Սույն թվականի մայիսի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Քարվաճառի նախկին քաղաքապետ, «Տրանս քար» ընկերության (հիմնադիր` շրջվարչակազմ) տնօրեն Ժորա Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մոտ 4 ամիս շարունակվող դատավարության, կարծես թե, նախավերջին նիստը:

Իր եզրափակիչ մեղադրանքով ելույթ ունեցավ պետական մեղադրողը, եւ ի զարմանս գրեթե բոլոր ներկաների, պահանջեց ամբաստանյալին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Չափազանց խոշոր եւ խիստ մի պատժաչափ, որը թերեւս կարող է եզակի դեպք լինել ոչ միայն այդ դատարանի, այլ նույնանման դատարանների պրակտիկայում: Եւ ինչպես ամբաստանյալը, որի 60 տարին լրացել է հենց մեկուսարանում, ասաց իր եզրափակիչ խոսքում` փաստորեն ինքը դատապարտված է ցմահ: Ինչեւէ, մեղադրում են մի քաղաքացու, որն իբր թե շահադիտական դրդումներով յուրացրել է խոշոր գումարներ` Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ եւ Նոր Խարխափուտ գյուղերի ջրամատակարարմանն ուղղված շինարարարական աշխատանքների ժամանակ: Միանգամից ասենք, որ ճանաչելով ամբաստանյալին` Ժորա Գրիգորյանին, ավելի քան 10 տարի, մենք նրան հանցանք կատարելու մեջ նույնիսկ չենք էլ կասկածում: Մեր մտահոգության հիմնական պատճառը կապված է զուտ մարդու բարոյա-հոգեբանական հարցերի հետ: Ճանաչելով նրան թերեւս 1998 թվականից, այսինքն տարածքի վերաբնակեցման առաջին օրերից, մենք խիստ կասկածում ենք, որ նա կարող է նման որակավորումներով մեղադրյալ անձնավորություն լինել: Նա իր ողջ էությամբ բացարձակապես հեռու է շահամոլ մարդ լինելուց, որը պարզ երեւում է նրա կատարած գործերից եւ պահվածքից: Նա չափազանց մեծ հայրենասիրական նվիրվածությամբ է լծվել վերաբնակեցման հայանպաստ գործին, որի ականատեսն են եղել մեզանից շատերը: 1998-2000թթ. ընթացքում, երբ բացարձակապես չքավոր վիճակում գտնվող ընտանիքներ էին գալիս վերաբնակվելու շրջանում, նա այնպիսի ջանասիրությամբ էր փորձում օգնել այդ մարդկանց, որոնց զգալի մասը հայտնի պատճառներով Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթվածներ էին, որ նույնիսկ ականատեսների զարմանքն էր հարուցում: Կարողանալով ճիշտ օգտագործել իր երեւանյան կապերը (մինչեւ շրջան գալը նա երկար տարիներ ապրում եւ աշխատում էր Երեւանում) նա մեծ ծավալով մարդասիրական օգնություն էր հայթայթում այնտեղից եւ բեռնատարներով տեղափոխում Քարվաճառ` ալյուր, առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքներ եւ հագուստներ, այն բեռնաթափում հենց կենտրոնական փողոցում, որտեղից էլ բաժանում ժողովրդին: Տեղին է նշել, որ այդ օգնության ծավալները գումարային առումով, համոզված ենք, որ մի քանի անգամ կգերազանցի այսօր արդեն նրա մեղադրանքի մեջ նշված այդ յուրացումների չափը: Վերջապես երբեւէ չի եղել մի դեպք, երբ քարվաճառցիները, եւ նույնիսկ այլ համայնքների վերաբնակիչները դիմեն նրան` ինչ-որ օգնության հարցով, որ նա մերժի, մանավանդ անհատույց շինանյութեր տալու հարցում: Նա տասնյակ հրապարակախոսական հոդվածների եւ մեկ գրքի հեղինակ է: Գուցե իր բնավորության պատճառով նա սնանկացել է եւ որոշ թերացումներ է ունեցել, բայց կարծում ենք, յուրացումների հեղինակ չէ: Ներկա դրությամբ բացի Քարվաճառի պետական տնից Ժորա Գրիգորյանը չունի ոչ մի սեփականություն: Հունիսի 9-ին արդեն կհրապարակվի դատավճիռը: Մենք չգիտենք գուցե այդ գործի հետեւում ինչ-որ չար մտքեր ու պատվերներ կան, բայց դիմում ենք բոլոր բարի մարդկանց` օգնեք այդ բարի մարդուն, նա արժանի չէ նման դաժան պատժաչափի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter