«Բնությունը մեր տունն է, տունը պետք չէ աղտոտել»
Այսօր Երեւանի Անգլիական այգում շուրջ 1500 երեխա նկարչության միջոցով իրենց սերն էին արտահայտում դեպի բնությունը: Հանրապետության տարբեր մարզերի մանկապարտեզներից եւ դպրոցներից բերված սեղանները նկարազարդվում էին մանկական երեւակայությունից ծնված նկարներով: Նրանց նկարները նախօրոք հաղթել էին մրցույթում, որպեսզի այսօր պատկերվեն սեղանների վրա:
Շուշան Եսայանը նկարում է արեւ ու երկինք. «Այս սեղանները տանելու են մանկապարտեզներ, որպեսզի երեխաները նայեն ու նրանց մոտ սեր արթնանա դեպի բնությունը եւ գեղեցիկ գույները»: Շուշանը նկարել սիրում է, ասում է, որ նկարչությունը մարդկանց բարիացնում է:
7-ամյա Մոնիկան նկարում է բնություն` ծառեր, ծաղիկներ ու թիթեռներ, ասում է, որ բնությունը շատ կարեւոր է մարդկանց համար. «Ծառերը մեզ թթվածին են տալիս: Եթե ծառերը չլինեին, մենք չէինք ապրի, դրա համար լավ չեն անում, որ ծառերը կտրում են: Ես որ տեսնեմ, որ ծառ են կտրում, շատ կջղայնանամ: Բնությունը չի կարելի փչացնել»: Մոնիկան էլ է բնություն սիրում նկարել. «Շատ եմ սիրում սարեր ու ծաղիկներ նկարել, ու սիրում եմ, երբ ծառերն ու ծաղիկները շա~տ են լինում»:
Դիանա Կարապետյանն անցյալ տարի այս միջոցառման հաղթողն է. նկարել էր որսորդ եւ սպանված աղավնի: Ուզում էր իր նկարով ասել, որ որսորդությանը դեմ է: Այս տարի Դիանան նկարել է իր տուն-մոլորակը. «Մենք ապրում ենք մոլորակի վրա, որտեղ կան ծառեր, կենդանիներ (կենդանիներին շատ եմ սիրում), կա շատ ջուր, ու այդ բոլորը մեր տունն է: Իսկ տունը կտրել կամ ոչնչացնելը ճիշտ չի»:
Եղեգնաձորցի Արեւիկ Շահվազյանը նկարել է իր կյանքի գույները. «Իմ նկարած ծաղիկի մեջ բոլոր գույները կան: Նկարել եմ նաեւ ներկապնակ, որտեղ էլի բոլոր գույները կան: Բնությունը գունավոր է»: Արեւիկը ամենից շատ բաց կանաչ գույնն է սիրում. «Այդ գույնը բնության գույնն է, դրա համար էլ սիրում եմ»:
11-ամյա Սերգեյը նկարում էր «9-րդ ալիքը»: Ասում է, որ Այվազովսկուն շատ է սիրում. ««9-րդ ալիքը» գրքերում եմ տեսել, ու շատ եմ հավանել, ուզում եմ ես էլ այդպես գեղեցիկ կարողանամ նկարել»: ՀակոբՄելքոնյանը նկարել էր մի կեղտոտ գետ, իսկ գետի կողքին մի մաքուր ու զուլալ լիճ: «Բնությունը պետք է մաքուր լինի: Ես չեմ կեղտոտում բնությունը եւ մյուս երեխաներին էլ ասում եմ, որ չի կարելի կեղտոտել: Մենք պետք է սիրենք ու մաքուր պահենք մեր բնությունը, քանի որ մենք ապրում ենք հենց բնության շնորհիվ: Համ էլ բնությունը սիրուն է»,- ասում է Հակոբը:
Այգում կայանել էր նաեւ մի ավտոբուս, որի վրա երեխաները պատկերում էին բնությանը վերաբերող նկարներ: Ավտոբուսը նկարազարդվելուց հետո այդպես էլ տեղափոխելու է ուղեւորներին: 12-ամյա Արփին ավտոբուսի վրա կարապ էր նկարում, որպեսզի որսորդները չսպանեն. «Էնքան կուզեի, որ մեր բոլոր ավտոբուսներն այսպիսին լինեին. հա՛մ գեղեցիկ է, հա՛մ էլ ուրախ»: Երեխաները նույնիսկ ավտոբուսի անիվներն էին գունազարդել:
Այգու շատրվանների մոտ կանգնեցված էին պլաստմասե շշերից պատրաստված կենդանիներ: Այս «Նկարչական մրցույթն» իրականացվել է Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ «Վիվա Սել-ՄՏՍ»-ը: 2008 թ.-ի մրցույթում հաղթող երեխաները ստացել են բազմապիսի մրցանակներ: «Այս տարի մրցանակների քանակը ավելացվել է, որպեսզի երեխաները ոգեւորվեն»,- ասաց Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի պատասխանատու Անի Եղիազարյանը: 
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել