Արմեն Հարությունյանը վիճարկում է օրենքների սահմանադրականությունը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման և կիրառման համար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել հիշյալ հոդվածի` Սահմանադրության 14.1 հոդվածին, 18 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 19 հոդվածի 1-ին մասին, 20 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 27 հոդվածի 1-ին մասին, 42 հոդվածի 2-րդ մասին և 43 հոդվածին համապատասխանության հարցը:
ՍԴ դիմելու համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ վիճարկվող նորմի դիսպոզիցիայի կիրառմամբ մի շարք փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` նրանց կողմից դատական նիստերի դահլիճը լքելու կապակցությամբ:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե փաստաբանը մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ, և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին մասով, Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել է վիճարկվող նորմի գործողությունը կասեցնել:
Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանին է դիմել նաև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը:
Պաշտպանի կողմից ՍԴ ներկայացված երկրորդ դիմումը վերաբերում է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի` Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին և 19 հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցին:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածը նոր խմբագրությամբ է շարադրում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:
Պաշտպանը գտնում է, որ վճիռների բեկանման ինստիտուտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` վերոնշյալ օրենքով փոփոխություններ կատարելուց հետո ներկայիս կարգավորմամբ բավարար կերպ չի երաշխավորում դատական պաշտպանության իրավունքը, դրա իրականացման լիարժեքությունը, քանի որ գործին մասնակից չդարձաց անձանց իրավունքների և ազատությունների վերաբերյալ կայացված վճիռը բեկանման ենթակա լինելու հիմք չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել