Թբիլիսիում բացվել է Սայաթ-Նովայի հուշարարձանը
Երեկ Թբիլիսիի կենտրոնում բացվել է 18-րդ դարի հանրահայտ հայ աշուղ, պոետ ու երաժիշտ Սայաթ-Նովայի հուշարձանը (Հարություն Սայադյան` 1712-1795 թթ.): «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և հենց նույն օրը Վրաստան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ով նշել է, որ սա կարևոր օր է թե՛ Վրաստանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ «Սայաթ-Նովան իր ստեղծագործությամբ և կյանքով պատկանել է ամբողջ տարածաշրջանին»:
Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Վրաստանը և Հայաստանը կապված են դարավոր ընկերության և եղբայրության կապերով: «Սայաթ-Նովան ստեղծագործել է Կովկասյան տարածաշրջանի տարբեր լեզուներով: Նա իր կյանքը նվիրել է ազգերի բարեկամությանը, և այս հուշարձանը դրա ևս մեկ ապացույցներից է»,- ասել է Նալբանդյանը:
Սայաթ-նովայի հուշարձանի հեղինակը վրացի քանդակագործ Գեորգի Ջապարիզեն է: Սայաթ-Նովան ծնվել, ապրել ու ստեղծագործել է Վրաստանի մայրաքաղաքում, նա սիրային լիրիկայի վարպետ է:
Էդվարդ Նալբանդյանը կիրակի օրը Թբիլիսի էր ժամանել երկօրյա աշխատանքային այցով: Այսօր նա կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Գիրգոլ Վաշաձեին: «Ռեգնումի» տվյալներով` Թբիլիսյան այցից հետո Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել