Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն Արցախում է
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորների հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ նրան ուղեկցող անձանց` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուայի եւ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնի հետ:
Հյուրերը, ինչպես իր ողջույնի խոսքում նշել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախ են եկել իրենց հրավերով: «Հաճելի է նշել, որ արդեն մի քանի տարի է պարոն Ֆրանսուա Ռոշբլուանի նախաձեռնությամբ Ֆրանսիայից ստացված նյութական օժանդակության միջոցներով ֆինանսավորվում են Արցախի մի քանի գյուղերում իրականացվող մարդասիրական ծրագրեր, որոնք հիմնականում իրականացվում է SPFA կազմակերպության միջոցով եւ հաջող ընթացք ունեն: Սա նրա առաջին այցը չէ Արցախ, նա մեզ մոտ եւ մեզ հետ էր նաեւ պատերազմի տարիներին: Այդ ընթացքում, ինչպես եւ հետագա տարիներին նա Ֆրանսիայի խորհրդարանում եւ այլ բարձր ամբիոններից հանդես է եկել ուշագրավ ելույթներով եւ նախաձեռնություններով` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի ազատության»,-շեշտել է Ա.Ղուլյանը:
Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը, երախտագիտություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ ինքը Հայ դատի հավատարիմ սատարողներից մեկն է, «ինչպես նաեւ այն պայքարի, որ մղում են արցախցիները` Լեռնային Ղարաբաղի ազատության եւ ամբողջականության համար»:
«Միշտ ուշադրությամբ եմ հետեւել Արցախի շուրջ առկա իրավիճակին եւ զարգացումներին: Ինչպես գիտեք, Ֆրանսիան միշտ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը կամ` յուրաքանչյուր ազգի սեփական իրավունքը տնօրինելու իրավունքը: Խոսքը գնում է հիմնարար իրավունքի մասին, որի սկզբունքն իսկ քննարկման ենթակա չէ»,-իր ելույթում նշել է ֆրանսիացի խորհրդարանականը: Նա շեշտել է, որ հարկավոր է նաեւ, որ Արեւմուտքում գիտակցեն ղարաբաղյան հակամարտության քաղաքական խնդրի էությունը:
Նա միաժամանակ հայտնել է իր կարծիքը, որ Ֆրանսիայում ոչ ոք չի խորհում, որ միայն Լեռնային Ղարաբաղի կողմից տարվող զիջումների միջոցով հնարավոր կլինի հասնել համաձայնության: «Ես խոսեցի զիջումների մասին, զիջումներ, որոնք պահանջում են բանակցություններ, եւ բանակցություններ, որ պահանջում են բարի կամք: Մենք չենք կարող վստահել մի պետության, որը հաստատում է խաղաղության հասնելու իր կամքը եւ միաժամանակ հանդես գալիս պատերազմական հայտարարություններով: Ես գիտակցում եմ, որ պահից օգտվելու մտահոգություններ ունեցող, Կասպից ծովի նավթային պաշարների նկատմամբ ոչ անտարբեր որոշ եվրոպական պետությունների մղում են մեղավոր թողտվություն ցուցաբերել եւ փաստորեն Բաքվի վարչակարգին քաջալերանքի նշաններ հասցեագրել, որոնք կարող են ի վերջո շատ թանկ նստել տարածաշրջանում խաղաղության եւ համընդհանուր անվտանգության վրա»,-նկատել է ֆրանսիացի հյուրը: Նա գտնում է, որ ավելի բանական է որդեգրել չափավոր մոտեցում` մեկ անգամ եւս հիմնվելով պարզ նպատակների վրա:
Ըստ Ֆրանսուա Ռոշբլուանի, այդ նպատակներից է` Լեռնային Ղարաբաղի տարածքի անվտանգության, ԼՂ քաղաքական եւ մշակութային ինքնության միջազգային հարգման ապահովումը, եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական ու սոցիալական կյանքին օժանդակելը, որն առաջին հերթին պահանջում է մասնավոր ներդրումներ եւ հայկական մեծաթիվ սփյուռքի համերաշխությունը:
Ֆրանսիացի հյուրերը, ովքեր Ղարաբաղում կմնան երկու օր, ճաշից հետո կմեկնեն Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ` SPFA կազմակերպության միջոցով իրականացված ծրագրերին ծանոթանալու նպատակով: Վաղը նախատեսվում է հյուրերի հանդիպումը ԼՂՀ նախագահի եւ հասարակական կազմակերպությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել