Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է, որ մինչեւ 2013 թ. Գյումրիի բոլոր անօթեւանները կապահովվեն բնակարաններով
Այսօր աշխատանքային այցով Գյումրի է ժամանել Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նրա գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատասենյակում տեղի է ունեցել «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ) ծրագրի համար ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը: Քննարկման այսօրվա թեման Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի` երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների գնման վկայագիր տրամադրելն է:
Առավոտյան ժամը 11-ին մեկնարկած նիստն անցել է վիճաբանություններով, բավականին լարված մթնոլորտում: Բանն այն է, որ հանձնաժողովի անձնակազմում որպես դիտորդ ընդգրկված է նաև Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից, նախկի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամլո քարտուղար Հասմիկ Մելքոնյանը, ով նիստը սկսվելուն պես ամեն կերպ փորձում էր ձախողել Բայանդուր համայնքի միակ անօթևան ընտանիքին` Արշալույս Ավետիսյանին ԲԳՎ տրամադրելու գործը: Հասմիկ Մելքոնյանն առարկում էր` պնդելով, թե ընտանիքը նորակառույց ունի, և նրան ԲԳՎ տրամադրելու հարկ չկա, իսկ Ավետիսյանի դուստրը համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է, այդ իսկ պատճառով էլ համայնքապետն այս հարցում խիստ շահագրգիռ է:
Ի պատասխան տիկնոջ պնդումներին` Բայանդուրի համայնքապետը հանձնաժողովին առաջարկեց նիստն ընդհատել ու այցելել գյուղ` համոզվելու, թե տնակային ինչպիսի վատ պայմաններում է բնակվում տվյալ ընտանիքը: Սակայն, նախարարը հայտարարեց, թե ցանկություն չունի չորրորդ անգամ ևս այցելել` համոզվելու, որ ընտանիքն, իրոք, անօթևան է, այնուհետեւ լրագրողներին ցուցադրեց նրանց կիսավեր, վթարային բնակարանի լուսանկարը:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ալբերտ Մարգարյանն էլ հավելեց, թե անօթևան ընտանիքը տնակին կից շքամուտք է կառուցել` ժամանակավոր ապրելու համար փոքր-ինչ հարմարություններ ստեղծելով, ինչն էլ որոշ մարդկանց աչքին դղյակ է թվացել: Ընտանիքն ընդգրկված է երկրաշարժից բնակարան կորցրած անօթևանների ցանկում, այնպես որ պետությունը պարտավորվում է նրան բնակարան փոխհատուցել: Չնայած Հասմիկ Մելքոնյանի զայրույթին` հանձնաժողովը միաձայն համաձայնեց ԲԳՎ տրամադրել Բայանդուրի հինգ անձից բաղկացած անօթևան ընտանիքին:
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 23 գյուղական բնակավայրերում որպես անօթևան հերթագրված են 60 ընտանիքներ, որոնցից 34-ի գործերն ամբողջական են, առանց թերությունների: Նախարարը նիստի ժամանակ ասաց, որ 80 գործ քննելիս 19 շահառուներ համաձայնություն են տվել բնակարան ձեռք բերել իրենց ազգականների հետ: Ըստ նախարարի` սա պետությանը տնտեսապես անչափ ձեռնտու գործարք է:
Նիստի ընդմիջմանը լրագրողները Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցին` արդյոք բնակարանների օպտիմալացում է տեղի ունենում Շիրակի մարզում, ինչպես կարող են երկու տարբեր ընտանիքներ մեկ բնակարանում ապրել:
«Մենք նայել ենք, կան շահառուներ, ովքեր մեկ սենյականոց բնակարանի կարիք ունեն, միայնակ ծեր է ինքը և մեկ անձով իրավունք ունի ստանալ մեկ սենյականոց բնակարան, բայց գյուղում ունի հարազատներ` աղջիկն ա, տղան ա, թոռն ա, և եթե այդ ընտանիքների չափահաս անդամները համաձայնություն տան, որ իրենք համաձայն են, որ տվյալ մեծահասակը, տվյալ շահառուն նույն հարկի տակ ապրի, մենք համասեփականության իրավունքով մեկ սենյակ ավելացնում ենք և տալիս ենք տվյալ ընտանիքին»,- մեկնաբանեց նախարարը:
Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե ինչու է դադարեցվել գյումրեցի անօթևան ընտանիքներին ԲԳՎ-ների հատկացումը ու տեղափոխվել երկրորդ կիսամյակ: «Դուք բոլորդ էլ գիտեք, որ մինչև տարվա վերջ մենք պարտավորություններ ունենք 1223 բնակարաններ հանձնել Գյումրիում, և շինարարության ընթացքին հետևելով` ես կարող եմ ասել, որ, իսկապես, այդ պարտավորությունները մենք մինչև վերջ կկատարենք, մանավանդ, որ ֆինանսական հարցում խնդիրներ չունենք, շինարարին անհրաժեշտ ֆինանսական միջոցները մենք հատկացնում ենք, և շինարարությունն ընթանում է ըստ ժամականացույցի: Միայն տարվա վերջ 1223 անօթևան ընտանիքի հարցերը լուծելուց հետո, ես համոզված եմ, որ Գյումրիում կգոյանա ազատ բնակարանային շուկա: Շուկայում ազատ բնակարաններ չլինելու առկայությամբ է պայմանավորված Գյումրի քաղաքի ԲԳՎ ծրագրի տեղափոխումը երրորդ-չորրորդ եռամսյակ:
Բացի դա, մենք քննարկել ենք և եկել ենք մի ընդհանուր հայտարարի, որ գյուղական բնակավայրերում, դուք գիտեք, որ անցած տարի, երբ որ հայեցակարգը ընդունեցինք, այնտեղ հստակ կար, որ այն գյուղական բնակավայրերը, որտեղ շահառուները տասից պակաս են, իսկ Շիրակի մարզում չորս հարյուրից ավել են, և այն համայնքները, որտեղ թիվը տասից պակաս է, մենք այդ համյանքների շահառուների բնակարանային խնդիրները լուծենք-վերջացնենք, նոր արդեն մեկ անգամ ևս տեսնենք, թե Գյումրի քաղաքում ինչքան շահառու կա, ովքեր ցանկություն ունեն, որ իրենց բնակարանային խնդիրները կարգավորվեն ԲԳՎ ծրագրի շրջանակներում, հետո նոր միայն որոշում կայացնենք: Հստակ կարող եմ ասել, որ բոլոր հաշվառված շահառուները, որոնք կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր մինչև 2013 թվականը, իրենց բնակարանային խնդիրները կկարգավորեն կամ բնակարանային շինարարության միջոցով, կամ` ԲԳՎ ծրագրով»,- վստահեցրեց նախարարը:
Անդրադառնալով «Գլենդել-հիլզ»-ի կողմից մինչև տարեվերջ շինարարության աշխատանքներն ավարտին հասցնել-չհասցնելու հարցին, նախարարը նույն լավատեսական նոտայով շարունակեց. «Ես մարզի համայնքի ղեկավարության հետ եղա «Գլենդել հիլզ»-ի կողմից իրականացվող շինարարությունում, մենք «Գլենդել հիլզ»-ի հետ կապված ֆինանսավորման խնդիր չունենք և մինչև տարեվերջ չենք էլ ունենա, որովհետև հանրապետության նախագահը հստակ հանձնարարական է տվել սոցիալական ոլորտին առնչվող բոլոր շինարարությունների հետ կապված, որոնք նախատեսված է հասցնել իրենց տրամաբանական ավարտին: Իսկ այն մտահոգությունները, թե շինարարության տեմպերը դանդաղում են, ես եղա շինհրապարակում և համոզվեցի, որ շինարարության և' տեմպերը, և' որակը նորմալ են, խնդիրներ չկան, բացի այդ` ամեն շաբաթ մենք հավաքվում եւ շինարարության գրաֆիկը նայում ենք, առաջացած խնդիրներին լուծում ենք տալիս, մինչև տարեվերջ` դեկտեմբեր, մեր խոստացած բնակարանները կհանձնենք շահագործման, և քաղաքին դա մեծ նվեր կլինի»:
Վարդան Վարդանյանը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են անաչառ լինելու համար. հասնելու են նրան, որ բնակարանների իսկական կարիքավորները դուրս չմնան հերթացուցակից, և նրանք, ովքեր ինչ-ինչ ճանապարհներով լուծել են իրենց բնակարանային խնդիրները, երկրորդ անգամ չօգտվեն պետական ծրագրից:
Նիստը վաղը կշարունակվի Վանաձորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել